ԱԺ նախագահն առաջարկում է բանավիճել սուր, բայց չխախտել բարեկրթության սահմանները

9-րդ գումարման խորհրդարանն այսօր նախագահ է ընտրել և այդ պաշտոնն առաջիկա հինգ տարիներին վստահել նախորդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Նրա ընտրվելուց հետո հայտարարել է՝ լինելու է ամբողջ Ազգային ժողովի նախագահը, նաև խորհրդարանի այն հատվածի, որն իր թեկնածությանը դեմ է քվեարկել։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկը դեմ է քվեարկել, մյուսը չի մասնակցել քվեարկությանը։ ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է խորհրդարանական հարաբերությունները սկսել «զրոյական կետից» և քաղաղքական ամենասուր բանավեճերի ժամանակ անգամ չհատել բարեկրթության սահմանները։

«Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում։ Ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»։ 

Ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև փոքրամասնության նախագահն առաջիկա 5 տարիներին խոստանում է լինել ՔՊ խմբակցության պատգամավոր, նախորդ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: 

Նա 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ ընտրվեց ձայների 63 կողմ, 28 դեմ հարաբերակցությամբ։ 

Ընդհանուր առմամբ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 91-ը։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկը դեմ քվեարկեց, մյուսը չմասնակցեց քվեարկությանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտնել էր, որ դեմ են քվեարկելու մեծամասնության առաջադրած թեկնածությանը: «Քաղաքացիական պայմանագիր»–ը միաձայն կողմ էր քվեարկել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը:

Վերջինս ԱԺ նախագահի միակ թեկնածուն էր։ Այս կարգավիճակում ընդդիմությանն ուղղված նրա գլխավոր առաջարկը խորհրդարանական հարաբերությունները «զրոյական կետից» սկսելն էր, բայց նախապայմանով։ Ռուբինյանը նիստի ընթացքում հայտարարեց՝ ընդդիմությանը համերաշխության կոչ չի անում, հորդորում է լինել բարեկիրթ․

«Եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ապա ես երաշխավորում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չենք ընդունում իմ առաջարկը և ունեք այլ առաջարկներ կամ կարծում եք, որ պետք է շարունակել գնալ արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա ՔՊ-ն առավել քան պատրաստ է դրան՝ բառիս ամենակոշտ իմաստով»։

9-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջին ճեպազրույցին Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ թեև նստաշրջանի առաջին երկու օրերին իշխանություն-ընդդիմություն բանավեճը սուր է, սակայն դեռ չի հատում բարեկրթության սահմանը․

«Իմ գլխավոր նպատակը, որ ես դրել էի իմ առջև, առնվազն այս պահի դրությամբ կատարված է։ Ես կարծում եմ, որ «թու-թու-թու, այս երկու օրերը վատ չեն ընթանում»։

Ռուբինյանը հավելեց՝ եթե ընդդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, ապա իշխող ուժը պատրաստ է նաև այլ տրամաբանությամբ աշխատելու։

Բարեկրթության նորմերը պահպանելու, դրա սահմանները որոշելու համար առաջիկա օրերին խորհրդարանը կստեղծի էթիկայի հանձնաժողով։ Հարցն ընդգրկված է 9-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգում։ Նախորդ երկու գումարումների խորհրդարանում էթիկայի հանձնաժողով չի գործել, թեև դրա անհրաժեշտության մասին բազմիցս խոսվել է։ Անդրադառնալով «Ռադիոլուր»–ի հարցին, թե ինչպես և ինչ մեխանիզմներով կձևավորվի հանձնաժողովը և լիազորությունների ինչ շրջանակ կունենա, Ռուբինյանը մանրամասնել է․

«Էթիկայի հանձնաժողով կստեղծվի, դա արդյունք է նրա, որ նախորդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստում մենք համապատասխան փոփոխություն կատարեցինք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում։ Էթիկայի հանձնաժողովն ըստ փոփոխված կանոնակարգ օրենքի պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից, մեծամասնությունից և ընդդիմությունից։ Առաջին 6 ամիսը հանձնաժողովի նախագահ կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից։ Հետո 6 ամիս անց կփոխվեն ու այսպես շարունակ»։

ԱԺ նախագահի գնահատմամբ՝ սա կարևոր փոփոխություն է, քանի որ նախկինում պարբերաբար հնչել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու կոչեր, իսկ այժմ այն իրական հարթակ կդառնա պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը քննարկելու համար։ Հանձնաժողովում խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը հավասար ներկայացվածություն կունենան, նախագահները կընտրվեն ռոտացիոն կարգով․ մի նստաշրջանի ընթացքում կառույցը կգլխավորի ընդդիմության, հաջորդ նստաշրջանի ընթացքում ՝ մեծամասնության ներկայացոըցիչը։

Leave a Comment