Արբանյակային պատկերները փաստում են՝ Եվրոպան դարձել է լայնածավալ անտառային հրդեհների հիմնական օջախներից մեկը․ +40°C ջերմաստիճան և զանգվածային տարհանումներ. հրդեհները պատել են Եվրոպան ու Թուրքիան
Միջազգային արբանյակային տվյալներով՝ երկամսյա անոմալ շոգերի և երաշտի ֆոնին Եվրոպայում և Միջերկրական ծովի ավազանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով արդեն այրվել է ավելի քան 434,000 հեկտար տարածք։ Ճգնաժամին դիմագրավելու նպատակով Եվրամիության Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնը (ERCC) միավորել են 37 պետությունների ռեսուրսները, սակայն սպասվող տապի նոր ալիքի ֆոնին պատասխանատու կառույցները շարունակում են գործել արտակարգ ռեժիմով։
Միջազգային տիեզերական գործակալությունների և արտակարգ ծառայությունների հրապարակած արբանյակային պատկերները ցույց են տալիս Եվրոպայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Այն տարածքները, որոնք սովորաբար ծածկված էին անտառներով, այժմ քարտեզների վրա երևում են վառ կարմիր և մուգ երանգներով՝ վկայելով լայնածավալ հրդեհների և ծայրահեղ բարձր ջերմաստիճանի մասին։ Եվրոպական միության «Կոպեռնիկուս» ծրագրի և NASA-ի տվյալներով՝ Ֆրանսիայի ու Իսպանիայի տարածքով հարյուրավոր կիլոմետրեր ձգվում են ծխի հսկայական շերտեր, իսկ ջերմային սենսորները Միջերկրական ծովի ողջ ավազանում ֆիքսում են բաց կրակի հազարավոր ակտիվ օջախներ։
Աղետի երկամսյա ժամանակագրությունը
Այս պատկերը ձևավորվել է վերջին երկու ամսվա բնական աղետների հետևանքով, երբ Հարավային և Արևմտյան Եվրոպան պատեց վերջին տասնամյակների շոգի ամենաերկարատև ալիքը։ Շաբաթներ շարունակ օդի ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը՝ հանգեցնելով բուսածածկույթի խիստ չորացման։ Հուլիսին սկսված ուժեղ քամիները հանգեցրին կրակի արագ տարածմանը, ինչի հետևանքով կարճ ժամանակում մայրցամաքում այրվեց ավելի քան 434,000 հեկտար անտառ։ Ստեղծված իրավիճակի հետևանքով վտանգավոր շրջաններից անվտանգ վայրեր է տեղափոխվել ավելի քան 350,000 մարդ, այդ թվում՝ հազարավոր զբոսաշրջիկներ։
Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում երկրի պատմության մեջ խաղաղ ժամանակների ամենամասշտաբային տարահանումն է գրանցվել, իսկ Հունաստանի Կրետե կղզում մինչև 100 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով բնակչությանը տարհանել են ծովային ճանապարհով։ Աղետի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հրշեջ-փրկարարներ։
Անտառային հրդեհների պատճառով «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքի եզրափակիչ փուլը 133 կիլոմետրից կրճատվել է 89-ի, որպեսզի մրցավազքի անվտանգությունն ապահովող ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունները տեղափոխվեն Ժիրոնդի և Բորդոյի աղետի գոտիներ։ Արդյունքում՝ հեծանվորդները նախատեսված վայրից մեկնարկելու փոխարեն տեղափոխվել են անմիջապես Փարիզ:
Եվրոպայում մոլեգնող հրդեհներին զուգահեռ անտառային խոշոր հրդեհներ են նաև Թուրքիայում։ Աղետն ընդգրկել է երկրի հարավային և արևմտյան շրջանները, մասնավորապես՝ Անթալիան ու Մուղլան։ Կրակը մոտեցել է զբոսաշրջային հիմնական գոտիներին, ինչն իշխանություններին հարկադրել է փակել մի շարք կարևոր միջպետական մայրուղիներ։
Աղետի տնտեսական հետևանքները
Միջազգային կառույցների նախնական գնահատմամբ՝ անոմալ շոգերի և համատարած հրդեհների պատճառով Եվրոպայի հարավային երկրների տնտեսությունները կրել են շուրջ 47 միլիարդ եվրոյի վնաս։ Միայն Իսպանիայում հրդեհաշիջման ծախսերը հասել են 3.27 միլիարդ եվրոյի։
Միջազգային համակարգումը
Բրյուսելի Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի (ERCC) միջոցով միավորվել են 37 պետությունների ռեսուրսները, և ավիացիոն ու ցամաքային ստորաբաժանումները վերաբաշխվում են առավել տուժած շրջանների միջև։ Օդերևութաբանների գնահատմամբ՝ կլիմայական փոփոխությունների պատճառով Եվրոպայում նման անոմալ երևույթների հավանականությունն աճել է հինգ անգամ, իսկ հրդեհները վերջին տարիներին ավելացել են57%-ով։ Ամառային շրջանը դեռ չի ավարտվել, իսկ օդերևութաբանները նոր շոգային ալիք են կանխատեսում, եվրոպական արտակարգ ծառայությունները շարունակում են գործել գերուժեղացված ռեժիմով։