2022-ի կրկնությո՞ւն, թե՞ սեզոնային ալիք․ Ռուսաստանից Հայաստան բնակարանների պահանջարկը կրկին աճում է

Հայաստանի անշարժ գույքի շուկան կրկին արձանագրում է 2022 թվականից ծանոթ միտումներ․ վերջին շաբաթներին  Ռուսաստանից ավելի շատ եկողներ են հետաքրքրվում բնակարանի գնմամբ կամ վարձակալությամբ։ Սակայն շուկայի մասնագետների գնահատականները միանշանակ չեն․ սա ռուսաստանցիների նոր ներհոսքի նախանշա՞ն է, թե՞ պարզապես ամառային սեզոնին բնորոշ ակտիվություն։ «Ռադիոլուրի» դիտարկումները ցույց են տալիս՝ ավելացել են բնակարանների նախնական ամրագրումները։ Հետաքրքրվում են վարձակալությամբ, թե՛ գնմամբ։

Վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան եկողների կողմից բնակարան վարձելու կամ գնելու հետաքրքրությունն ու պահանջարկն աճել է՝ նկատում են անշարժ գույքի ոլորտի մասնագետները։ Ոմանք ամռանը պահանջարկի աճը համարում են սովորական երևույթ՝ կապված զբոսաշրջային ակտիվ սեզոնի հետ։ Ոմանք էլ կարծում են, որ Հայաստանը կրկին դառնում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկարաժամկետ բնակության ուղղություն։

Անշարժ գույքի գործակալ Մոնիկա Մարգարյան․ «Բավականին մեծ է հոսքը։ Դա նկատել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հիմնականում ամառային սեզոնին զբոսաշրջիկների հոսքը շատ մեծ է, և նրանք հետաքրքրված են բնակարանների վարձակալությամբ։ Կարող եմ ասել, որ հոսքը տարեցտարի աճում է»։

Մի շարք գործակալությունների շրջանում «Ռադիոլուրի» փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ հատկապես վերջին 15-20 օրերին Ռուսաստանից դիմողների թիվն ավելացել է։ Ոմանք նույնիսկ դեռ Ռուսաստանում գտնվելով՝ փնտրում են բնակարաններ և նախապես ամրագրումներ կատարում։ Այս միտումն անգամ եվրոպական հայտնի լրատվամիջոցներն են նկատել ու արձանագրել։

«Ռուսների հոսքը դեպի Հայաստան վաղուց է ակտիվացել, բայց ավելի շատ ակտիվացել է հենց վերջին 15-20 օրերին։ Վերջին շաբաթվա ընթացքում արդեն շատերն են կապ հաստատում մեզ հետ, իսկ մի մասն էլ դեռ Ռուսաստանում գտնվելով՝ բնակարաններ է փնտրում և նախապես ամրագրումներ կատարում»։

Շուկայի այս ակտիվությունը շատերին հիշեցնում է 2022 թվականը, երբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հայաստան տեղափոխվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը կտրուկ աճեց։ Այդ ժամանակ առաջին ազդեցություններից մեկը զգացվեց հենց վարձակալության շուկայում։

Ռուսական «Վյորստկա» (Вёрстка) լրատվամիջոցը ևս անդրադարձել է Ռուսաստանում բնակվողների շրջանում Հայաստանում հաստատվելու և բնակարաններ փնտրելու հետաքրքրության աճին։ Ըստ պարբերականի՝ Yandex Wordstat-ի տվյալներով՝ «բնակարաններ Երևանում» որոնումների թիվն այս գարնանից աճել է, իսկ հուլիսի 13-19-ին հասել  ընդհուպ 5,2 հազարի՝ գերազանցելով 2022 թվականի փետրվար-մարտի ցուցանիշները։ Ռեկորդային նախորդ ցուցանիշը գրանցվել էր 2022 թվականի աշնանը՝ մասնակի զորահավաքի ընթացքում, երբ որոնումների թիվը մոտեցել էր 10 հազարի։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը հաստատում են նաև մասնավոր հայտարարություններ հրապարակած քաղաքացիները։ Գոռ Վարդանյանի խոսքով, օրինակ, ամիսներ առաջ հրապարակված, արդեն ոչ արդիական հայտարարությամբ անգամ վերջին օրերին հաճախակի են զանգում։

«Մի քանի ամիս առաջ նորակառույց շենքում գտնվող բնակարանի վարձակալության և վաճառքի հայտարարություն էի հրապարակել։ Բնակարանն արդեն վաղուց վարձակալությամբ տրված էր, և, անկեղծ ասած, ես նույնիսկ մոռացել էի այդ հայտարարության մասին։ Սակայն վերջին 3-4 օրերի ընթացքում զանգերը կտրուկ ակտիվացել են։ Մարդիկ զանգահարում են թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի հարցերով։ Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ առաջարկներ նույնիսկ 40-50 տոկոսով գերազանցում են այն գինը, որով բնակարանը ժամանակին առաջարկվել էր»։

Նրա խոսքով՝ նման ակտիվություն վերջին անգամ նկատել էր 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

Սակայն մասնագետները շեշտում են՝ այս փուլում դեռ վաղ է խոսել 2022 թվականի սցենարի կրկնության մասին։ Խոսքը, նրանց գնահատմամբ, աճող հետաքրքրության մասին է, ոչ թե արդեն հաստատված նոր զանգվածային ներհոսքի։

Անշարժ գույքի գործակալների դիտարկմամբ՝ բնակարան փնտրողների խմբերը տարբեր են․ մի մասը Հայաստան է գալիս երկարաժամկետ բնակության, մյուսները՝ ժամանակավոր։ Իսկ բնակարան գնողների զգալի մասը Ռուսաստանում բնակվող հայերն են, որոնք մտածում են Հայաստան վերադառնալու մասին։

Վարձակալության գների վերաբերյալ գնահատականները ևս տարբեր են։ Ոմանք խոսում են մոտ 30 տոկոս աճի մասին, իսկ անշարժ գույքի գործակալ Մոնիկա Մարգարյանն, օրինակ, կտրուկ թանկացում չի նկատել։

«Եթե գների բարձրացում լինում է, ապա այն հիմնականում կազմում է 5-7 տոկոս և պայմանավորված է հենց սեզոնով։ Դա վերաբերում է ոչ միայն ռուսաստանցիներին, այլ նաև այլ երկրների զբոսաշրջիկների ակտիվությանը»։

Շուկայի տարբեր հատվածներում իրավիճակը տարբեր է․ կենտրոնում, նորակառույցներում կամ սահմանափակ առաջարկ ունեցող բնակարանների դեպքում փոփոխությունները կարող են ավելի նկատելի լինել։ Երևանում նախընտրելի են Կենտրոնը, Արաբկիրը և Դավթաշենը, իսկ ավելի սահմանափակ բյուջեի դեպքում՝ Աջափնյակը, Ավանը, Զեյթունը և Նոր Նորքի որոշ հատվածներ։ Մասնագետի խոսքով՝ այս պահին շուկայի հիմնական խնդիրը ոչ այնքան գների աճն է, որքան առաջարկի պակասը։

«Գները արդեն մի քանի ամիս է՝ բարձր են։ Չեմ կարող ասել, որ հիմա կտրուկ թանկացում է եղել։ Պարզապես ազատ բնակարաններ գրեթե չկան։ Խնդիրը ոչ թե գինն է, այլ այն, որ առաջարկը շատ քիչ է»։

Գործակալների գնահատմամբ՝ հետաքրքրության աճի պատճառներից  կարող են լինել նաև տարածաշրջանային զարգացումները և ավելի կայուն բնակության վայր ունենալու ցանկությունը։ Միաժամանակ աճել է նաև բնակարանների գնման ակտիվությունը։

«Վաճառքն էլ է ակտիվացել։ Բայց գնորդների մեծ մասը Ռուսաստանում բնակվող հայեր են, որոնք, հավանաբար, արդեն պատրաստվում են վերադառնալ Հայաստան»։

Այս պահին շուկայի մասնակիցները չեն արձանագրում նոր մեծ ներհոսք, սակայն նկատում են հետաքրքրության աճ, որը կարող է պայմանավորված լինել ինչպես սեզոնային գործոններով, այնպես էլ տարածաշրջանային անորոշություններով։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ Ռուսաստանը կարող է 2026 թվականի աշնանը ընդլայնել զորահավաքը։ Այդ հայտարարությունը Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել։

Leave a Comment