Օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանի հանրությանը կներկայացվի նոր կառավարության կազմը։ Գործող կառավարությունը պատրաստվում է հրաժարականի, որը տեղի կունենա օգոստոսի 2-ին։
Նոր խորհրդարանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվող Նիկոլ Փաշինյանն արդեն հիմնական գծերով պատկերացնում է, թե ում է հետ է աշխատելու առաջիկա տարիներին։ Գործադիրի նիստին վարչապետը հայտարարել է, որ այս կազմով անցկացվում է կառավարության վերջին նիստը, նաև տեղեկացրել է, որ կառավարության մի շարք անդամներ և պաշտոնատար անձինք առաջիկայում իրենց գործունեությունը կշարունակեն Ազգային ժողովում որպես պատգամավորներ։
Կառավարության չորս անդամ հրաժեշտ տվեց զբաղեցրած պաշտոնին, իսկ կառավարության ամբողջ կազմը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական կտա օգոստոսի 2-ին։ Գործադիրն այս կազմով հավաքվել էր վերջին անգամ կառավարության նիստի ժամանակ։
«Մեր նիստի օրակարգը սպառված է, բայց ոչ միայն օրակարգը»։
Սահմանադրությունը հուշում է, որ նորընտիր ԱԺ ձևավորման առիթով հրաժարական է տալիս նաև կառավարությունը։ Օրենսդրական պահանջով՝ խորհրդարանական նոր մեծամասնությունն առաջարկում է վարչապետի իր թեկնածուին, որն էլ նշանակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ձևավորում է նոր կառավարություն։ Ընտրությունների արդյունքները հուշում են, որ կառավարության այս հրաժարականին էական փոփոխություններ չեն հաջորդի։ Վարչապետ Փաշինյանը գոհ է հեռացող կառավարության աշխատանքից, հետևաբար արդեն որոշել է․
«Մեծ փոփոխություններ չեն լինի»։
Այնուամենայնիվ, չորս գործիչ կլքի գործադիրը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գործունեությունը կշարունակի խորհրդարանում՝ պատգամավորի լիազորություններով, իսկ կառավարությունում նրա տեղը կզբաղեցնի Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։ Նա, ի դեպ, կլինի նույն վարչապետի օրոք աշխատակազմի արդեն 4-րդ ղեկավարը։
«Այսպիսի մի բանաձև է փաստացիորեն ձևավորվել․ 2018-ից վարչապետի աշխատակազմի բոլոր ղեկավարների հաջորդ աշխատանքը եղել է Ազգային ժողովի պատգամավորը` Էդուարդ Աղաջանյանն է այդպիսի ճանապարհ անցել, Արսեն Թորոսյանն է այդպիսի ճանապարհ անցել և Արայիկ Հարությունյանը»։
Տևական ժամանակ հատկապես այս փոփոխությունն ուղեկցվում է տարբեր քննարկումներով։ Վարչապետը հերքում է տարածվող լուրերը, իսկ գործադիրից օրենսդիր մարմին տեղափոխվող Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ նեղացվածության զգացում չունի։ Կառավարությունից հեռանալուց առաջ նա առաջին շնորհակալությունը հայտնեց հենց վարչապետին, ապա՝ գործընկերներին․
«Այս հինգ տարիներին բավականին դժվար, հեշտ, ուրախալի պահեր ենք ունեցել, մեծ նախագծեր ենք իրականացրել միասին։ Աշխատակազմի համակարգմամբ, Դուք EPC-ն նշեցիք, մենք մինչև 10 այդպիսի մեծ նախագծեր ենք իրականացրել։ Իմ նոր հասցեն էլ Ազգային ժողովն է, Բաղրամյան 19։ Պատրաստ եմ աջակցել ձեր գերատեսչություններին, մարմիններին, այնպես, ինչպես արել եմ»։
Մյուս պաշտոնյայի հաջորդ հասցեն դեռ հայտնի չէ։ Բարձր տեխնոլոգիական նախարար Մխիթար Հայրապետյանն իր ցանկությամբ է հեռանում թե՛ նախարարի պաշտոնից, թե՛ պատգամավորի մանդատից։ Հեռանում է երկուսուկես տարվա աշխատանքից գոհ․
«Ես կարծում եմ, որ մեր բոլորիս սինքրոն, արդյունավետ, հոգատար, փոխլրացնող աշխատանքի արդյունքում է, որ մեր պետության համար առաջնահերթ համարվող մի քանի ուղղություններով մեզ հաջողվեց որոշակի տեսանելի արդյունքներ ունենալ վերջին տարիներին ռազմարդյունաբերության, արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտներում։ Ակնհայտ է, որ սա կառավարության համընդհանուր ջանքի և աշխատանքի արդյունքն է»։
Պաշտոնին հրաժեշտ է տալիս Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։ Նա ևս աշխատանքը կշարունակի որպես պատգամավոր։ Կառավարությունից օրենսդիր է տեղափոխվում նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա, ի դեպ, խմբակցության թեկնածուն է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Գործադիր իշխանությունից հեռացողների աշխատանքը վարչապետն արդյունավետ է համարում․
«Ես էլ մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում արդյունավետ աշխատանքի համար։ Իհարկե, այն բոլոր ձեռքբերումները, որ մենք ունենք և ունեցել ենք այս ընթացքում, մեր գործընկերները իրենց անհերքելի ներդրումը ունեն այդ ամենում։ Դժվարությունները և բարդությունները պահում ենք մեզ` մեր գործընկերներին հաջողություն մաղթելով իրենց հետագա գործունեության ընթացքում»։
Վարչապետն ավելի վաղ հաստատել էր, որ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով փոփոխություններ չի նախատեսում։ Իսկ նախօրեին հաստատել էր, որ նախարարական պորտֆելները պահպանելու են ուժային բոլոր նախարարները․
«Այո՛, վերանշանակվելու են»։
Վարչապետը հիշեցրել էր նաև մեկ ամիս առաջ արած հայտարարությունը, որով աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին հրավիրում էր միանալու կառավարության կադրային բանկին` ընդգծելով, որ այդ հայտարարության հրապարակման ժամանակահատվածը պատահական չի ընտրվել։ Վարչապետը չէր բացառել, որ եթե լինեն չափանիշներին համապատասխանող և կառավարության ռազմավարական տեսլականն ունեցող թեկնածուներ, հենց այս փուլում էլ տեղի կունենան նշանակումներ։