ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի տարածքին հասցված հարվածների մասին, որոնք տևել են երկու ժամ։
Թիրախում են եղել հրամանատարական կենտրոնները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերն ու համակարգերը, ինչպես նաև Իրանի ռազմածովային օբյեկտները: Ամերիկյան ուժերն այսկերպ պատասխանել են Իրանի տարածքից ամերիկյան բազաների ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակմանը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ «հարվածների ծանր ալիքը»՝ ի պատասխան ԱՄՆ ուժերի վրա Իրանի հարձակման փորձերի․
«ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների Իրանում, այդ թվում՝ ռազմական հրամանատարության կենտրոնների, հրթիռային և անօդաչու սարքերի, ափամերձ հսկողության և պաշտպանության օբյեկտների, ինչպես նաև ծովային ուժերին»,-X-ում հայտնել է ամերիկյան գերատեսչությունը։
Թիրախների քանակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Հարվածները հաջորդել են նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա ուժեղ հարվածներ էր խոստացել ի պատասխան Իրանի հարձակման փորձի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ Իրանի տարածքից բալիստիկ հրթիռներ էր արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի ուղղությամբ։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, ԱՄՆ և Հորդանանի հակաօդային պաշտպանությունը վնասազերծել է բոլոր հրթիռները։ Նույն օրը Իրանը հարվածել էր նաև Սուեզի ջրանցքով և Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։
Ի պատասխան այս գործողությունների՝ ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան համատեղ օդային հարվածներ էին հասցրել Իրաքի արևելքում տեղակայված իրանական ռազմաբազաներին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իրանի գործողություններն անպատասխան չեն մնա․
«Մենք պատրաստվում ենք ուժգին հարված հասցնելու նրանց, որովհետև հիմա հարվածելու մեր հերթն է: Նրանք գիտեն, որ դա տեղի է ունենալու։ Տեսնենք՝ կհաջողվի արդյոք ինչ-որ պահի համաձայնության հասնել, բայց մենք նրանց շատ ուժգին հարվածելու ենք»։
Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ հարվածները նպատակ ունեն թուլացնելու Իրանի և նրա դաշնակիցների ռազմական սպառնալիքը ամերիկյան ուժերի և Պարսից ծոցի երկրների համար։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նախօրեին հայտարարել էր, որ Իրանը մերժել է Օմանի առաջարկը՝ Հորմուզով նավերի երթևեկությունը համատեղ կառավարելու վերաբերյալ․
«Այն առաջարկը, ըստ որի՝ մի երթուղին մենք կվերահսկենք, իսկ մյուսը՝ Օմանը, չի լուծում ազգային անվտանգության հարցերի կապակցությամբ մեր մտահոգությունները: Մենք պետք է ունենանք բավարար վերահսկողություն, վստահ լինենք, որ տարածաշրջանում հաստատվել է երկարատև խաղաղություն: Մեր առաջարկն է, որ մի երթուղին ամբողջությամբ անցնի Իրանի տարածքային ջրերի սահմաններով, մյուս երթուղու մի մասը ևս անցնի Իրանի տարածքային ջրերով, որպեսզի Իրանը կարողանա արդյունավետորեն վերահսկել թե՛ մուտքային, թե՛ ելքային երթևեկությունը»:
Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քազեմ Ղարիբաբադին մանրամասնել է, որ Օմանն առաջարկում է նեղուցը բաժանել երկու երթուղու, որոնցից յուրաքանչյուրը կապահովի ջրային ճանապարհով անցնող նավագնացության 50 %-ի տարանցումը։
AP-ն հիշեցնում է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության խնդիրը շարունակում է իրանա-ամերիկյան հակամարտության թեժ հարցերից մեկը մնալ: Այս նեղ ջրային ճանապարհով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված գազի մատակարարումների մոտ 1/5-ը: Ռազմական բախումների պատճառով նավերի տեղաշարժը նեղուցում կրճատվել է՝ հասնելով ճգնաժամային ցածր մակարդակի: Սրա հետևանքով նավթի մեկ բարելի արժեքը կտրուկ աճել է՝ անցնելով 90 դոլարի սահմանը։