18 զինծառայողի մահվան գործով պաշտպանական կողմը միջնորդում է հարցաքննել Արտակ Դավթյանին

Հուլիսի 23-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով դատական նիստը։  Դատական նիստը նախագահում էր  Լևոն Պետրոսյանը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող զինվորական դատախազության Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը, տուժողի լիազոր ներկայացուցիչ Սամվել Անդրեասյանը, տուժողի  իրավահաջորդներ։

Գործով նախորդ նիստը հետաձգվել էր՝ պաշտպանության կողմին հնարավորություն տալու նոր միջնորդություն նախապատրաստելու համար։

Պաշտպանության կողմը հայտարարեց, որ դատական նիստերի դահլիճում ներկա է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը՝ Արտակ Դավթյանը և դատարանին խնդրեց նրան հարցաքննել։ Փաստաբանի խոսքով՝ իր միջնորդությունը հիմնված է ԳՇ պետի կողմից ստորագրված հրամանի բովանդակության վրա, իսկ այդ հրամանի մեկնաբանությունը կարևոր նշանակություն ունի գործի քննության համար։ Պաշտպանը նաև պնդեց, որ դատարանը, մերժելով ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, փաստացի ստանձնել է այնպիսի հարցերի գնահատման պարտականություն, որոնք պահանջում են մասնագիտական գիտելիքներ։ Որպես օրինակ նա հիշատակեց մի շարք քրեական գործեր, որոնց շրջանակում նշանակվել են ռազմագիտական փորձաքննություններ։

Հանրային մեղադրողը, առարկելով միջնորդությանը, ընդգծեց, որ փորձաքննությունը յուրաքանչյուր դեպքում պարտադիր չէ։ Նրա խոսքով՝ դատարանն արդեն մերժել է ռազմագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը՝ գտնելով, որ քննարկվող հարցերի գնահատման համար բավարար են գործով արդեն հետազոտված ապացույցները։ Դատախազը նաև հիշեցրեց, որ դեռ հունվարի 14-ին դատաքննությունն անցել է ապացույցների լրացման փուլ, կողմերը ներկայացրել են իրենց միջնորդությունները, դատարանը դրանք քննարկել է, իսկ բոլոր ներառված անձինք արդեն հարցաքննվել են։ Այդ պայմաններում, ըստ հանրային մեղադրողի, ԳՇ պետին հարցաքննելու միջնորդությունը ներկայացվել է ուշ և ենթակա չէ բավարարման։

Միջնորդությանը դեմ արտահայտվեցին նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Նրանցից մեկը հայտարարեց, որ պաշտպանության կողմը հերթական անգամ փորձում է ձգձգել դատաքննությունը՝ ամեն անգամ ներկայացնելով նոր միջնորդություններ կամ առաջարկելով նոր անձանց հարցաքննել։ Սամվել Անդրեասյաի խոսքով՝ Գլխավոր շտաբն արդեն պաշտոնապես պատասխանել է գործի համար կարևոր հարցերին, իսկ այժմ ներկայացվող միջնորդությունը որևէ նոր հանգամանք չի պարունակում։

Իրավահաջորդի ներկայացուցիչը նաև պնդեց, որ պատերազմից հետո իրենց փորձել են համոզել հրաժարվել բողոքներից, ինչպես նաև դժգոհություն հայտնեց, որ մեղադրյալ Անդրանիկ Վերանյանին, իր խոսքով, ներկայացրել են խրախուսման։ Նա դատարանին խնդրեց հաշվի առնել այդ հանգամանքները։

Ի պատասխան՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը նշեց, որ ԳՇ պետին հարցաքննելու միջնորդությունը չէր կարող ներկայացվել ավելի վաղ, քանի որ դրա անհրաժեշտությունը ծագել է միայն դատարանի 2026 թվականի հունիսի 17-ի արձանագրային որոշումից հետո։ Պաշտպանի համոզմամբ՝ նախ անհրաժեշտ է լսել իր միջնորդության հիմնավորումները և միայն դրանից հետո որոշել՝ այն բավարարելու կամ մերժելու հարցը։

Դատախազ Հայկ Մարգարյանը իր հերթին առարկեց նաև այն հիմնավորմամբ, որ միջնորդության քննարկումն անխուսափելիորեն կանդրադառնա ծառայողական հրամանի բովանդակությանը, սակայն ԳՇ պետը իրավաբան չէ, իսկ հրամանի իրավական գնահատականը դատարանի լիազորությունների շրջանակում է։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը հայտարարեց, որ պաշտպանության ներկայացրած միջնորդության բովանդակային քննարկումը ենթադրում է հրամանի առանձին դրույթների անդրադարձ, ուստի այն պետք է քննվի փակ դատական նիստում։ Այդ պատճառով դատարանը խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին և դատավարության մասնակից չհանդիսացող անձանց լքել նիստերի դահլիճը։

Նիստի երկրորդ կեսն անցկացվեց դռնփակ կարգով։

Leave a Comment