Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են ԵՄ դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումներ․ FT

Բեռլինը և Փարիզը դժգոհ են արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) արձագանքից այնպիսի արտաքին մարտահրավերներին, ինչպիսիք են Իրանի և Ուկրաինայի հարցերը, և ցանկանում են արմատապես բարեփոխել այդ մարմինը։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, կարծում են, որ ծառայությունը չի կարողացել գլուխ հանել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի «քմահաճույքներից», համարժեք արձագանքել տնտեսական ճնշումներին, մաքսատուրքերի սահմանմանը և էներգառեսուրսների ապահովման հետ կապված խնդիրներին։ ԵՄ անդամ որոշ երկրներ «մասնավոր զրույցներում քննարկում են EEAS-ի արմատական բարեփոխումը», գրում է FT-ն։

Ավելի վաղ Գերմանիան և Ֆրանսիան ընդունել էին համատեղ հայտարարություն, որում ԵՄ առաջնորդներին կոչ էին արել օգտագործել հոկտեմբերյան գագաթնաժողովը՝ «իրավիճակը շտկելու» համար և մինչև ընթացիկ տարեվերջ առաջարկել հնարավոր լուծումներ։ FT-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը կարող է գնալ EEAS-ից Եվրահանձնաժողովին որոշակի լիազորությունների փոխանցման մասին։

Leave a Comment