Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է 2024 թվականի սեպտեմբերից քննվող՝ Մարտի 1-ի գորշծով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը շարունակեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդության քննությունը, որը, ինչպես նախորդ նիստում էր նշվել, բաղկացած է երկու մասից։ Միջնորդության հիմնավորման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին։
«Ընտրություններն ավարտվել էին, ԿԸՀ-ն որոշումը կայացրել էր, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հայտարարել էր, որ չի ընդունում արդյունքները, ինքն է հաղթել ընտրություններում և պետք է գնա նախագահական պալատ։ Հիմա պատկերացնո՞ւմ եմ՝ եթե 2021-ին, երբ մենք հավաքել էինք 21 տոկոս, հայտարարեինք, որ հաղթել ենք ընտրություններում և գնում ենք նախագահական պալատ, ի՞նչ կլիներ կոնկրետ ինձ հետ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո Ազատության հրապարակում սկսվել էին հանրահավաքները, իսկ ընդդիմությունը փորձել էր իր կողմը ներգրավել նաև Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ)։
Քոչարյանի պնդմամբ՝ ԵԿՄ-ի շենքում մի քանի օր շարունակ քննարկվում էր՝ միանալ ցույցերին, թե ոչ։
«ԵԿՄ-ի անդամների կեսից ավելին գործող զինվորականներ էին, զինված էին և ամբողջ օրը գտնվում էին ԵԿՄ-ում։ Մի մասն ասում էր՝ գնալ, մյուս մասը՝ չգնալ։ Բանակի ղեկավար կազմի մի մասն այնտեղ քննարկումներ էր անցկացնում։ Երկրի նախագահն ի՞նչ կարող էր անել։ Սա տևել է երկու-երեք օր»,- նշեց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Մոսկվայից վերադառնալուց հետո ինքը հանդիպել է ԵԿՄ անդամների հետ և հայտնել, որ վարչության կազմում ընդգրկված զինվորականները պետք է ընտրություն կատարեն՝ կամ շարունակեն ծառայությունը, կամ զբաղվեն քաղաքականությամբ։
Նա նաև ասաց, որ այդ օրերին խիստ խոսակցություն է ունեցել պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։
«Շատ կոշտ խոսեցի պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի հետ։ Ասացի՝ էս ի՞նչ եք անում, բանակ է, թե՞ ինչ։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Լավ, ցինիզմն էլ պետք է սահման ունենա, թե՞ ոչ»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին ևս փոխանցվել է, որ չի կարող միաժամանակ զբաղեցնել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը և ներգրավված լինել քաղաքական գործունեության մեջ։
Դատական նիստում միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացրեց նաև հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։
Նա նախ նշեց, որ պաշտպան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ դատախազության, չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315-րդ հոդվածի պահանջներին։
Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտպանական կողմը խնդրում է դադարեցնել միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն միաժամանակ նաև կարճել ամբողջ քրեական վարույթը՝ այն հիմնավորմամբ, որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Մինչդեռ, նրա խոսքով, օրենսգիրքը նախատեսում է, որ եթե քրեական հետապնդումը դադարեցվում է միայն մեկ մեղադրյալի նկատմամբ, դա ինքնին հիմք չէ ամբողջ վարույթը կարճելու համար։
Անդրադառնալով պաշտպանության ներկայացրած հիմնավորումներին՝ հանրային մեղադրողը նշեց, որ դրանք նոր չեն և տարբեր փուլերում արդեն ներկայացվել ու քննարկվել են ինչպես խափանման միջոցների, այնպես էլ գործի քննության ընթացքում՝ տարբեր դատական ատյաններում։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ պաշտպանության կողմից վկայակոչվող Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականին, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 2021 թվականին՝ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նախկին Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը։
Նրա խոսքով՝ այդ ամբողջ ընթացքում գործով կայացված դատական ակտերը բողոքարկվել են, սակայն որևէ դատական ատյան չի արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է օգտվի գործառութային անձեռնմխելիությունից։
Հանրային մեղադրողը նաև ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշումը չի հաստատել, թե տվյալ գործով առկա է գործառութային անձեռնմխելիություն։ Նրա խոսքով՝ այդ որոշմամբ արձանագրվել է միայն այն, որ նախկին Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու առանձին կարգավորում, որն արդեն ներառված է նոր օրենսգրքում։
Դատախազի գնահատմամբ՝ տվյալ գործով դատարանը դեռ պետք է գնահատի՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառելի է գործառութային անձեռնմխելիությունը, և այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց գործով ապացույցների հետազոտման։
Հովհաննիսյանը վկայակոչեց նաև Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը՝ նշելով, որ դատարանն այդ ժամանակ ևս արձանագրել էր, որ անձեռնմխելիության հարցին հնարավոր է անդրադառնալ միայն համապատասխան փաստական հանգամանքները գնահատելուց հետո։
Նրա խոսքով՝ գործառութային անձեռնմխելիության կիրառելիության հարցը սերտորեն կապված է այն հանգամանքի հետ, թե արդյոք նախագահը գործել է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, թե դրանք գերազանցել է, իսկ այդ հարցի պատասխանը հնարավոր է տալ միայն դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտումից հետո։
Ամփոփելով՝ հանրային մեղադրողը դատարանից խնդրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ դրանում ներկայացված փաստարկները նախկինում արդեն բազմիցս քննարկվել են տարբեր դատական ատյաններում և նոր իրավական հանգամանքներ չեն ներկայացվել։ Որպես այլընտրանք՝ նա խնդրեց առնվազն հետաձգել միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք, 2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։