Ինչո՞ւ որոշեցին փոխարինել Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով. հրաժեշտ խորհրդարանին

Ինչո՞ւ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամները 5 տարի անց որոշեցին փոխել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Ռուբեն Ռուբինյանով: Արդյո՞ք այս հարցի պատասխանը Սիմոնյանը ստացել է թիմակիցներից: Դատելով խորհրդարանի հեռացող նախագահի պատասխանից՝ որևէ բացատրություն չի հնչել:

Սիմոնյանը պատճառների մասին տեղյակ չէ, հակառակ պարագայում, ինչպես նա նշեց այսօրվա հրաժեշետի ճեպազրույցում, չէր առաջադրվի որպես ԱԺ նախագահի թեկնածու:

«Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել: Ու, եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատաճառ, ես չէի առաջադրվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Անցած ամսվա վերջին, ՔՊ վարչությունը փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի թեկնածու էր ընտրել հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին:

Գուցե անձնակա՞ն հարաբերություններ են պատճառ դարձել, գուցե արտաքին քաղաքական նպատակահարմարության հարց է. Սիմոնյանը շատ էր քննադատում Ռուսաստանին, հարցրին խոսնակին:

Ալեն Սիմոնյանը դեռ որևէ եզրահանգում չունի, ասաց՝ պատճառները փորձում է իր մեջ փնտրել. «Անձնական մակարդակով լավ հարաբերություններ ունեմ վարչության բոլոր անդամների հետ, մեծ մասի հետ գրեթե ամենօրյա շփում և կրկնում եմ ՝ հակված եմ փնտրել իմ մեջ»:

Սիմոնյանը չի վերցնելու մանդատը

Ոչ միայն ԱԺ նախագահի պաշտոնում չընտրվելու պատճառներն են անհայտ Ալեն Սիմոնյանին, այլև իր քաղաքական ապագան: Ինչպես նա նշեց՝ հետագայի հետ կապված որևէ պայմանավորվածություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չունի, քննարկում էլ չի եղել: Երբ Փաշինյանը որևէ բան կառաջարկի՝ կքննարկեն:

Մամուլը վերջին շրջանում հաճախ էր գրում, թե Սիմոնյանին հնարավոր է առաջարկվի երկրի նախագահի ղեկը՝ Վահագն Խաչատուրյանի փոխարեն: Սիմոնյանը, սակայն, այսօր հերքեց այդ լուրերը՝ վստահեցնելով, թե իրեն նման առաջարկ չի արվել: Հարցրեցինք, իսկ եթե արվի, կընդունի՞:

«Դա ահեթեթություն է, ես նման բան չեմ մատծում, որևէ մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

Առայժմ մեկ բան է հստակ՝ խորհրդարանը շուրջ 5 տարի ղեկավարած 46-ամյա Ալեն Սիմոնյանը չի վերցնի պատգամավորական մանդատը և որպես շարքային պատգամավոր չի շարունակի քաղաքական գործունեությունը :
Հարցն արդեն քննարկել է վարչապետի հետ և իր որոշման մասին տեղյակ է պահել նրան:

Օրերս, խոսելով Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագայի մասին, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ որևէ բան չէր ասել, միայն նշել էր, թե շատ կարևոր է ունենալ նախկինում պաշտոն զբաղեցրած կուսակցականներ, քանի որ դա կապիտալ է: Վարչապետը միաժամանակ վստահեցրել էր, թե որևէ անձնական խնդիր Սիմոնյանի հետ չունի:

Ալեն Սիմոնյանն այսօր ասաց.- «Վարչպաետի հետ քնարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ: Իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանալ, նաև անձնական կյանք ունեմ և անձանական կյանքս եմ ուզում վերջնական կարգավորեմ»:

Փաշինյանին պարբերաբար իր հավատարմությունն ապացուցող Ալեն Սիմոնյանը շատ ակտիվ էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Հենց նա էր, որ վարչապետ Փաշինյանին ընկերակցում էր նաև աղմկահարույց «պեռաշկի և սուջուխ» ուտելիս:

Ինչո՞ւ նրա աշխատանքը չգնահատվեց, ի՞նչն այնպես չարեց կամ ինչը նրան չներվեց: Այս հարցերին ի պատասխան Սիմոնյանը վստահեցրեց՝ որևէ նեղվածություն կամ չասված բան իր և վարչապետի միջև չկա և չի կարող լինել:

«Դա պատիժ չէր, ես իմ ծառայությունը լավ կատարեցի, ես պարզ ճակատով եմ ավարտում էս փուլը: Կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի, չեմ բացառում որ մոտակա ժամանակում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ»,- նշեց Սիմոնյանը:

Չնայած քաղաքական ապագայի անորոշությանը՝ Սիմոնյանն այսօր էլ շարունակեց հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե առանց նրա որևիցե քաղաքական պրոցեսում իրեն չի տեսնում: Ինչպես ԱԺ նախագահը նշեց՝ միշտ կլինի վարչապետի կողքին, բայց կես քայլ հետ: Ի դեպ, Սիմոնյանը «խելագարություն» որակեց վարկածը, թե իրեն պաշտոնից հեռացրել են, քանի որ Փաշինյանն իր մեջ մրցակից է տեսել:

«Գի՞ժ եք, կներեք էս բառի համար: Ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկբունքը հետևալն է. ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ. այն պահին, երբ իրեն պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Թեև 8 -րդ գումարման խորհրդարանը դեռ չի ավարտել աշխատանքը, սակայն Ազգային ժողովի նախագհն այսօր այցելեց խորհրդարանի բոլոր վարչությունների և բաժինների աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց աշխատանքի համար: Սիմոնյանը, որ մոտ մեկ ամսից կլքի խորհրդարանի շենքը, հպարտանում էր կատարված աշխատանքներով և աշխատակիցների համար ստեղծված նոր պայմաններով:


Հեռացող Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ սխալներ է արել անցած 5 տարիների ընթացքում, որ կուզեր արած չլիներ և ի՞նչն է ամենաշատը կարոտելու, ասաց.- «Կուզենի ավելի քիչ էմոցիոնալ լինեի: Ամեն ինչ էլ կարտելու եմ. կարոտելու եմ սրճարանը, ձեր հետ ճեպազրույցները»:

Խորհրդարանի բացօթյա սրճարանը կառուցվեց Ալեն Սիմոնյանի նախագահության ժամանակ, «Հետք» -ի տվյալներով՝ դրա կառուցման համար 30 հազար դոլարի պայմանագիր էր կնքվել:

Leave a Comment