Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։ Դատարանը հերթական նիստում շարունակեց գործարար Վարշամ Ղարիբյանի հարցաքննությունը, որի ընթացքում հանրային մեղադրողը մանրամասն անդրադարձավ նախորդ նիստում բարձրացված՝ «Երևան» հեռուստաընկերության բաժնեմասերի օտարման, ինչպես նաև հողատարածքների հետ կապված հանգամանքներին։
Հարցաքննության սկզբում հանրային մեղադրողը հիշեցրեց, որ նախորդ նիստում վկան հայտնել էր՝ «Երևան» հեռուստաընկերության 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, իր խոսքով՝ սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ։ Մեղադրողը փորձեց հստակեցնել, թե արդյոք, եթե բաժնեմասերը չփոխանցվեին, Վարշամ Ղարիբյանը կարծում էր, որ կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության։
Ի պատասխան՝ վկան նշեց, որ չի կարող ասել՝ իրականում կային արդյոք դրա իրավական հիմքերը, սակայն ընդգծեց, որ մշտապես ունեցել է մտավախություն, թե իր նկատմամբ հարուցված քրեական գործերի հետևանքով կարող էր կալանավորվել։ Նրա խոսքով՝ այդ գործերը շինծու էին և նպատակ ունեին իրենից խլել ստեղծած գույքը։
Վարշամ Ղարիբյանը հայտնեց, որ այդ ժամանակահատվածում իր հիմնական մտավախությունը կապված էր ոչ թե բիզնես գործունեության, այլ քրեական հետապնդման հետ։ Նրա խոսքով՝ հեռուստաընկերության բաժնեմասերի փոխանցման պահին իր նկատմամբ արդեն իսկ քրեական վարույթներ կային։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց նաև, թե արդյոք Արմեն Հովսեփյանը երբևէ մասնակցե՞լ է հեռուստաընկերության կառավարմանը կամ գործունեությանը։ Վկան պատասխանեց, որ վերջինս երբեք չի այցելել հեռուստաընկերություն, չի մասնակցել դրա աշխատանքներին և որևէ ներդրում չի կատարել։ Ղարիբյանի խոսքով՝ ընկերության ամբողջ գործունեությունը, ներդրումները և ծախսերը կատարել է ինքն անձամբ, իսկ բաժնեմասը որդու անունով ձևակերպվել է միայն ձևականորեն։
Հարցաքննության ընթացքում հանրային մեղադրողը փորձեց պարզել նաև, թե ինչու վկան տարիներ շարունակ հրապարակայնորեն չէր բարձրաձայնել իր նկատմամբ, իր պնդմամբ, գործադրված ճնշումների մասին։ Ղարիբյանը հայտարարեց, որ այդ ժամանակ պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք, իր գնահատմամբ, կարող էին վնասել իրեն և իր բիզնեսին, ինչի պատճառով չէր համարձակվել բարձրաձայնել տեղի ունեցածի մասին։
Մեղադրողը հարցեր ուղղեց նաև Հովհաննես Եղիազարյանի հետ ունեցած հարաբերությունների և նախկին քրեական գործերի վերաբերյալ։ Վարշամ Ղարիբյանը հայտնեց, որ Եղիազարյանի հետ նախկինում մտերիմ հարաբերություններ են ունեցել, սակայն վերջինիս մասնակցությամբ հարուցված քրեական գործի հիմքում եղել են ընկերությունից գոյացած գումարների հետ կապված խնդիրներ։ Միաժամանակ նա պնդեց, որ հետագայում Հովհաննես Եղիազարյանի գործողությունները պայմանավորված են եղել Մանվել Ղարիբյանի ազդեցությամբ և ուղղորդմամբ։
Հանրային մեղադրողը հիշեցրեց նաև գործի նյութերում առկա այն հրապարակումները, որոնց համաձայն տարբեր ժամանակներում նշվել էր, թե Վարշամ Ղարիբյանը գտնվում է Աղվան Հովսեփյանի հովանու ներքո։ Ի պատասխան՝ վկան նշեց, որ քննիչների կողմից իր նկատմամբ նորմալ վերաբերմունք է եղել, սակայն չբացառեց, որ նման հրապարակումները կարող էին որոշակի տպավորություն ստեղծել։
Շարունակելով հարցաքննությունը՝ հանրային մեղադրողն անդրադարձավ «Երևան» հեռուստաընկերության գործունեության ֆինանսավորմանը։ Վարշամ Ղարիբյանը հայտարարեց, որ լիցենզիայի համար շուրջ 10 միլիոն դրամ վճարել է անձամբ ինքը, ինչպես նաև կատարել է ընկերության այլ ծախսեր։ Նրա խոսքով՝ այդ բոլոր վճարումները հաստատող հաշվապահական փաստաթղթերը պահպանվել են և անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել դատարանին։
Հարցերի հաջորդ մասը վերաբերվեց հեռուստաընկերության վաճառքին։ Վկան նշեց, որ ընկերության իրական արժեքը կազմել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով՝ գնորդի հետ բանակցություններն ինքն է վարել, իսկ Արմեն Հովսեփյանի հետ վաճառքի գնի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Միաժամանակ նա կրկնեց, որ վաճառքից ստացված գումարի կեսը փոխանցվել է Արմեն Հովսեփյանին միայն այն պատճառով, որ իր նկատմամբ ճնշումներ է զգացել։
Վարշամ Ղարիբյանը դատարանում ևս մեկ անգամ պնդեց, որ Հովսեփյանների ընտանիքի որևէ անդամ հեռուստաընկերությունում ներդրում չի կատարել։ Նրա խոսքով՝ եթե նման ներդրում եղած լիներ, դրա վերաբերյալ առնվազն վճարումների կամ հաշվապահական փաստաթղթեր կպահպանվեին, մինչդեռ ինքը կարող է ներկայացնել ընկերությունում կատարած բազմաթիվ ներդրումները հավաստող փաստաթղթեր։
Այնուհետև հարցաքննությունը տեղափոխվեց գործի մյուս դրվագին՝ հողատարածքների վերաբերյալ։
Վկան պատմեց, որ դեռևս 2000-ականների սկզբին աճուրդով ձեռք էր բերել քարքարոտ և անմշակ տարածք, որտեղ նպատակ ուներ կառուցել նոր բնակելի թաղամաս։ Նրա խոսքով՝ հողատարածքի բարեկարգման, ճանապարհների, ենթակառուցվածքների և այլ աշխատանքների համար իրականացրել է զգալի ներդրումներ, որոնք կատարել է բացառապես սեփական միջոցներով։
Հանրային մեղադրողի հարցին, թե արդյոք այդ ծրագրում որևէ ներդրում ունեցել է եղբայրը, Վարշամ Ղարիբյանը պատասխանեց բացասական՝ նշելով, որ ամբողջ աշխատանքն իրականացրել է ինքն անձամբ։
Վկան դատարանում անդրադարձավ նաև Վրեժ Մարկոսյանի անվամբ ձևակերպված երեք հեկտար հողատարածքին։ Նրա խոսքով՝ այդ փոխանցումը կատարվել էր պայմանավորվածության շրջանակում՝ ակնկալելով, որ դրա դիմաց իրեն կվերադարձվեն իր ընկերությունների կնիքները, ավտոմեքենաներն ու այլ գույքը։ Սակայն, ինչպես նշեց Ղարիբյանը, պայմանավորվածությունը չի կատարվել, իսկ հողատարածքը հետ չի վերադարձվել։
Նա պնդեց, որ հետագայում բազմիցս դիմել է Վրեժ Մարկոսյանին՝ պահանջելով վերադարձնել հողատարածքը, սակայն յուրաքանչյուր անգամ ստացել է մերժում կամ տարբեր պատճառաբանություններ։ Միաժամանակ վկան հայտնեց, որ նույնիսկ հողատարածքը փոխանցելուց հետո շարունակել է վճարել դրա գույքահարկը՝ այն համարելով իր սեփականությունը։
Հարցաքննության ընթացքում քննարկվեց նաև հողատարածքի փոխանցման վերաբերյալ վճարումների և այլ փաստաթղթերի ներկայացման հարցը։ Հանրային մեղադրողը հրապարակեց մի շարք վճարման հանձնարարագրերի ամսաթվեր, որոնց վերաբերյալ պաշտպանական կողմն առարկեց՝ նշելով, որ դրանք դեռևս չեն ճանաչվել որպես ապացույցներ և չեն կարող այս փուլում հետազոտվել։ Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը թույլատրեց հանրային մեղադրողին հարցաքննության շրջանակում հրապարակել ներկայացված փաստաթղթերի բովանդակությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դրանց ապացուցողական նշանակության հարցը կքննարկվի օրենքով սահմանված հետագա ընթացակարգով։
Մանրամասները տեսանյութում