ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը, որը մեկնարկել է երեկ:

Նիստին այսօր մասնակցում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Այժմ իրենց դիմումն է ներկայացնում ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը: Ով որոշեց, որ իրենց ձայնն այլևս կարևոր չէ, բարձր դատարանում հայտարարեց Վարդանյանը՝ հիշեցնելով անվավեր ճանաչված տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու ԿԸՀ որոշումը։ Ընդգծեց՝ վարչական ռեսուրսների կիրառման, ճնշումների, անհավասարության պայմաններում ընտրությունները չեն կարող համարվել կայացած։

«Ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ քաղաքացին վստահ է, որ իր ձայնը տեղ է հասել», – նշեց նա։

ԲՀԿ ն ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը հիշեցրեց թոշակների բարձրացումը, ԲՀԿ երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանավորումը և պնդեց, որ Թևանյանը թիրախավորվեց Փաշինյանի կողմից, երբ մեկ օր առաջ հայտարարեց նրա մեղադրանքի մասին։

Սրանով՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը չավարտվեց, հայտարարեց փաստաբանը։ Հիշեցրեց Երիտասարդության օրվա միջոցառման ժամանակ ՔՊ խորհրդանիշերի ցուցադրման մասին, ընդգծեց, որ եթե ընդդիմադիրներին մեղադրեցին բարեգործության արգելքի համար, նույն այդ արարքների համար ՔՊ-ականները մնացին անպատիժ։ Օրինակ բերեց Թալինի ՔՊ-ական համայնքապետի կողմից քարոզարշավի ժամանակ սոցիալական օգնության բաշխումը։

«Ընտրությունների անցկացման սկզբունքներից մեկը գաղտնիությունն է, սակայն այս ընտրություններն այդպիսին չենք կարող որակել», հայտարարեց նա՝ պնդելով՝ օրինակներ կային ծրարների ոչ թափանցիկ լինելու մասին, երբ տեսանելի էին դրանց մեջ տեղադրված քվեաթերթիկները։ ԲՀԿ փաստաբանը միջնորդեց ներկայացնել այդ ծրարները: Դրանք ենթարկել են փորձաքննության՝ թափանցիկությունը պարզելու համար:

Վահե Գրիգորյանը հիշեցրեց երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը, պնդեց՝ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր ճանաչելու իրավասություն չուներ։

Որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Նշենք նաև, որ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում նախօրեին հրապարակվել են 7 քաղաքական ուժերի դիմումները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment