ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը:

Նա Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ քաղաքական եւ պետական գործիչներից է, որն  ավելի քան երեք տասնամյակ զբաղեցրել է երկրի ուժային, վարչական եւ օրենսդիր համակարգերի կարեւորագույն պաշտոնները:

Ղալիբաֆի քաղաքական եւ կառավարչական գործունեությունը սկիզբ է առել Իրան-Իրաք պատերազմի տարիներին: Քսան տարեկանում նա միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), իսկ արդեն 22 տարեկանում նշանակվել է մարտական դիվիզիայի հրամանատար: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը ռազմական կառույցներում՝ զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը:

ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Ղալիբաֆը հաճախ հիշատակում է 2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցի վրա իրականացված օդային հարձակումը, որի հետեւանքով զոհվել է 168 դպրոցական: Այս ողբերգության առնչությամբ «Amnesty International»-ը հայտարարել է, որ հարձակումը պետք է ենթարկվի անկախ եւ թափանցիկ քննության, իսկ պատասխանատուները՝ ենթարկվեն պատասխանատվության: Կազմակերպությունը նաեւ կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ ապահովել դեպքի անաչառ, անկախ եւ թափանցիկ հետաքննություն:

Այս ողբերգության մասին միջազգային հանրությանը եւ հատկապես ԱՄՆ-ին հիշեցնելու նպատակով Ղալիբաֆը Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում կրում էր Իրանի քարտեզի ուրվագծով կրծքանշան, որի վրա անգլերենով գրված է «Minab-168»՝ ի հիշատակ Մինաբի դպրոցի հարվածի հետեւանքով զոհված 168 երեխաների եւ քաղաքացիական անձանց:

Հատկանշական է, որ կրծքանշանի վրա պատկերված Իրանի քարտեզի ուրվագիծը երիզված է երկրի հյուսիսում գտնվող Կասպից ծովի եւ հարավում գտնվող Օմանի ծովի ամբողջական պատկերներով, ինչը խորհրդանշական կերպով ընդգծում է Իրանի աշխարհագրական ընդգրկումը:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Leave a Comment