Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:
Քառակողմ հանդիպման չշարունակման պատճառը, ըստ իրանական կողմի, բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահի հնչեցրած հայտարարությունների հրապարակումն էր:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այդ կապակցությամբ հայտարարել է, որ. «Քառակողմ հանդիպման ընթացքում հրապարակվեցին ԱՄՆ-ի սպառնալիք պարունակող հայտարարությունները, ինչի հետեւանքով Իրանը հայտարարեց, որ նման պայմաններում պատրաստ չէ շարունակել քառակողմ ձեւաչափով բանակցությունները»:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաթարն ու Պակիստանը փորձել են ապահովել բանակցությունների շարունակությունը, սակայն Իրանը պնդել է, որ դրանք չեն կարող շարունակվել քառակողմ ձեւաչափով:
Այսպիսով, Իրանի բանակցային պատվիրակությունը, որը գլխավորում էր մեջլիսի խոսնակ Ղալիբաֆը, երկօրյա այցից հետո վերադարձել է Թեհրան:
Այցի հիմնական նպատակը, ըստ միջնորդ կողմերի, «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» շուրջ քննարկումների շարունակությունն էր: Բանակցությունների ընթացքում կողմերը, այնուամենայնիվ, կարողացել են որոշակի համաձայնությունների հասնել:
Ըստ գնահատականների, Շվեյցարիայում անցկացված քննարկումները կենտրոնացած են եղել քաղաքական լարվածության նվազեցման եւ համագործակցության որոշ շրջանակների վերանայման վրա: Բանակցային պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել ինտենսիվ հանդիպումներ:
Միջնորդ կողմերը հայտարարել են, որ արձանագրվել է որոշակի առաջընթաց՝ երկխոսության գործընթացը շարունակելու նպատակով:
Իրանի ներկայացրած հիմնական պահանջները
Իրանական աղբյուրների համաձայն, բանակցությունների հիմնական թեման եղել է «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» 13-րդ կետի կատարման ընթացքը եւ վերջնական փուլ անցնելու համար անհրաժեշտ նախադրյալների ձեւավորումը:
Թեհրանի նպատակն է եղել հասնել նրան, որ բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում, դադարեցվեն ռազմական գործողությունները, վերացվի Իրանի շրջափակումը, վերաբացվեն ծովային ուղիները, վերականգնվեն նավթային արտոնությունները, ինչպես նաեւ վերադարձվեն նախկինում սառեցված իրանական ակտիվները:
Համաձայնություն նոր մեխանիզմների շուրջ
Բանակցությունների ավարտին Քաթարն ու Պակիստանը համատեղ հայտարարությամբ նշել են, որ կողմերը համաձայնել են ստեղծել «Բարձրագույն հանձնաժողով», որը քաղաքական վերահսկողություն կիրականացնի միջնորդական գործընթացի նկատմամբ:
Նախատեսվում է նաեւ ձեւավորել մասնագիտական աշխատանքային խմբեր՝ միջուկային հարցերի, պատժամիջոցների եւ վիճելի խնդիրների կարգավորման ուղղություններով: Կողմերը պայմանավորվել են 60 օրվա ընթացքում մշակել ճանապարհային քարտեզ եւ հասնել վերջնական համաձայնության:
Բացի այդ, որոշվել է ստեղծել հատուկ կապի մեխանիզմ՝ թյուրըմբռնումները կանխելու եւ Հորմուզի նեղուցով առեւտրային նավերի անվտանգ անցումը ապահովելու նպատակով:
Լիբանանը՝ բանակցությունների առանցքային թեմա
Շվեյցարիայում կայացած բանակցությունների կարեւորագույն հարցերից մեկը Լիբանանի իրավիճակն էր:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է ստեղծել «Հակամարտության վերահսկման միավոր» անվամբ մեխանիզմ՝ Իրանի եւ Լիբանանի մասնակցությամբ եւ միջնորդների աջակցությամբ, որը կհետեւի ռազմական բախումների դադարեցման պահպանմանը:
Իրանական կողմը ընդգծել է, որ քանի դեռ Լիբանանում պատերազմի դադարեցման հարցը վերջնականապես չի լուծվել, փոխըմբռնման հուշագրի մյուս կետերի իրականացումը չի կարող երաշխավորվել:
Չնայած դրան, փաստաթղթում հստակ ձեւակերպում չկա իսրայելական զորքերի դուրսբերման վերաբերյալ:
Լիբանանի կառավարությունը, դժգոհ լինելով, որ Իրանը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ առանց Բեյրութի անմիջական մասնակցության, մտադիր է շարունակել Իսրայելի հետ անուղղակի բանակցությունները՝ Վաշինգտոնի միջնորդությամբ:
Բանակցությունների ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ
Շվեյցարիայի Բյուրգենշտոկում գտնվող բանակցային պատվիրակության հետ կապ ունեցող իրանական աղբյուրը Reuters-ին եւ CNN-ին հայտնել է, որ, թեեւ ԱՄՆ-ի եւ Իրանի բանակցությունները կիրակի օրը Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո դադարեցվել են, դրանք դեռեւս վերջնականապես չեն ավարտվել:
Աղբյուրի խոսքով՝ կուլիսային խորհրդակցությունները շարունակվում են՝ դիվանագիտական կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով:
Միեւնույն ժամանակ Իրանի բանակցային թիմի ղեկավար Ղալիբաֆը սոցիալական ցանցերում գրել է, որ այդ հայտարարությունները վկայում են ԱՄՆ-ի «անզորության» մասին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ