«Ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել» – Ազգ

Գերմանական լրատվամիջոցները հունիսի 7-ին  արդեն անդրադառնում էին ՀՀ ԱԺ ընտրությունների «ստվերին»՝ այդ օրը, դրան նախորդած օրերին ընդդիմադիրների  ձերբակալության փաստին: Հունիսի 19-ին «Ցայթը» այդ հանգամանքը կարեւորելով վերնագրում շեշտել է, իսկ «Բեռլիներ ցայթունգը» հունիսի 23-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի գերմաներեն հոդվածը, որ մանրամասն նկարագրում է ընդդիմության հանդեպ ճնշումների, անհավասար պայմանների մասին: Հիշեցնենք՝ մայիսի 30-ին նույն թերթում տպագրվել էր նաեւ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ծավալուն հարցազրույցը: Մեր դիտարկմամբ, առաջին անգամ է, որ գերմանագիր այս տարածքում ներկայացվում է նաեւ ՀՀ ընդդիմադիր ուժի տեսակետը: Նույն թերթի հունիսի 21-ի համարում տպագրվել է նաեւ «բազմամշակութայնությունն Ադրբեջանում. «Ինքնությունը կարող է նաեւ զենք դառնալ» վերնագրով հարցազրույցը, որի ո՛չ հարցերում, ո՛չ էլ պատասխաններում հայ բառը չկա: Վախ կա երեւի, որ հարցազրույցի վերնագրում է թաքնված:

«Հեշտ ճանապարհ չէ. աշխարհաքաղաքական այդ միջավայրում , գերազանցապես մահմեդական Ադրբեջանն ընդունում է աշխարհիկությունը եւ բազմազանությունը», գրում է «Բեռլիներ ցայթունգը»՝ Բաքվում գտնվող բազմամշակութայնությունը գովազդող կենտրոնի ղեկավար Ռավան Հասանովի հետ զրույցի նախաբանում: 37-ամյա Հասանովն իրավաբան է, 2019-ից ղեկավարում է կենտրոնը: Գերմանիայում տպագրվել է նրա հեղինակած «Կազմակերպված հանցավորությունը Գերմանիայում եւ Ադրբեջանում» գիրքը: Հասանովը «Միջազգային բազմամշակութայնություն» ամսագրի հիմնադիրն է եւ գլխավոր խմբագիրը, ինչպես ծանոթացնում է հիշյալ գերմանական օրաթերթը:

«Բազմամշակութայնությունը պատմական հենք ունի Ադրբեջանում, պետականության հիմնաքարն է, մեկնաբանում է Հասանովը: Ադրբեջանը կայսրությունների, կրոնների, լեզուների եւ քաղաքակրթությունների խաչմերուկում է, թուրքական, պարսկական, կովկասյան, ռուսական, իսլամական, քրիստոնեական, եւրոպական, ասիական ազդեցություններն իրենց հետքն են թողել երկրում: Բազմամշակութայնությունը արդի մեր պետությունից շատ ավելի վաղ հիմքեր ունի, նկատել է տսլիս Հասանովը եւ շարունակում՝ ադրբեջանցի լինել չի նշանակում մի հստակ ավանդույթի, մշակույթի կրող լինել: Որոշիչն աշխարհիկությունն է, սահմանադրությամբ կրոնն անջատ է պետությունից, եւ այս օրենքը բոլոր կրոնների համար է: Աշխարհիկությունը կրոններին պաշտպանում է քաղաքական մանիպուլացիաներից: Անկախությունից է բխում նաեւ: Եթե արտոնենք, որ էթնիկ կամ կրոնական տարբերությունները որոշումների հիմքում լինեն, պառակտման ռիսկը կաճի»:

«90 տոկոսանոց ադրբեջանաթուրքական մեծամասնության կողքին ապրում են լեզգիներ, թալիշներ, ավարներ, ցախուրներ, թաթեր, քրդեր, լեռնային հրեաներ, ռուսներ, մոլոկաններ, ուդիներ, ինգիլոյներ եւ այլն: Ամեն խումբ իր պատմությունն ունի, իր մշակութային հիշողությունը: Ուդիները կովկասյան ալբանների քրիստոնեական հին ժառանգությանն են կապված: Ալբանաուդիական ավանդույթը ցույց է տալիս, որ քրիստոնեությունն այս տարածաշրջանում ոչ խորթ է եղել, ոչ էլ ներմուծվել է: Քրիստոնյա ուղղափառ, կաթոլիկ, լութերական, հրեական եւ մահմեդական համայնքները նույն երկրի բաղադրիչներն են: Ինտեգրացիան չի ենթադրում տարբերությունները լուծել, այլ՝ դրանք պառակտման գործիք չպետք է լինեն»: «Եւ խնդիրներ չե՞ն ծագում», հարց է տալիս «Բեռլիներ ցայթունգի» թղթակից Թոմաս Ֆասբենդերը: «Իհարկե, որեւէ երկիր չի կարող պնդել, թե կատարյալ է:

Փոքրամասնությունների եւ նրանց լեզուների պաշտպանությունը, մշակույթի փոխանցումը սերունդներին մարտահրավերներ են: Բայց մեր փիլիսոփայությունը պարզ է՝ Ադրբեջանում բազմաշերտայնությունը ազգային ինքնության սպառնալիք չի դիտվում, այլ՝ դրա ակունք»: Թղթակցի՝ «գլխավոր խոչընդոտները որո՞նք են» հարցին, Հասանովն ասում է, թե «առաջինը պատմությունն է: ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմ, բռնագաղթ, տնտեսական ճգնաժամ, անկայունություն: Անկախության առաջին տարիները ծանր էին: Երկիրը պիտի իր պետականությունը վերակառուցեր, միաժամանակ հանրությանն ազատ եւ միասնական պահեր: Հաջորդ դժվարությունը տարածաշրջանում ինքնության քաղաքականացումն էր: Հարավային Կովկասում դյուրին հարեւաններ չեն: Ազգայինը, կրոնականը եւ պատմությունը հաճախ ազդեցությունների գործիք են դարձրել ծայրահեղ դերակատարները: Այստեղ բազմամշակութային քաղաքականությունը պարզունակ չպետք է լինի: Երրորդ խոչընդոտը խորհրդային քաղաքականության ժառանգությունն էր: ԽՍՀՄ-ը ազգային ինքնությունը կառավարում եւ մանիպուլացնում էր: Անկախությունից հետո Ադրբեջանը պիտի կրոնական ազատությունը եւ մշակութային ինքնությունը վերականգներ այնպես, որ արմատականությունը, անջատականությունը կամ արտերկրի ազդեցությունները վակուումը չլցնեին: Ադրբեջանը արտերկրում ներկայացնելիս մի շարք կաղապարված բառերով են ձեւակերպում, ասում է կենտրոնի տնօրենը՝ թելադրելով այսպիսի ձեւակերպում՝« Ադրբեջանն աշխարհիկ պետություն է՝ մահմեդական մեծամասնություն կազմող բնակչությամբ, Իսրայելի հետ սերտ հարաբերությամբ, թրքախոս երկիր՝ պարսկական եւ կովկասյան արմատներով, հետխորհրդային երկիր, կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»:

Պատասխանելով «Բեռլիներ ցայթունգի»՝ ծայրահեղականության եւ ֆունդամենտալիզմի մասին հարցին, Հասանովն ասում է, թե «պարզ եւ հիմնարար մի կանոնի է հետեւում Ադրբեջանը՝ կրոնը հարգում է, ծայրահեղականությունը չի հանդուրժում: Ադրբեջանի ազդեցիկ պաշտպանը նրա մշակույթն է: Ադրբեջանում իսլամը պատմության ընթացքում միշտ չափավոր է եղել, աշխարհիկ կրթության եւ քաղաքացիական ինքնության հետ սերտ: Շիաներն ու սուննիները կողք կողքի են ապրել, իսկ ծայրահեղականությունն աճում է այնտեղ, ուր ուսուցանում են, թե համակեցությունը դավաճանություն է: Ադրբեջանի օրինակը հակառակն է սերմանում՝ համակեցությունը հայրենասիրություն է»:

«Ադրբեջանն ավտորիտար պետության համարում ունի», հիշեցնում է «ԲՑ»-ի թղթակիցը, որին Հասանովն այսպես է հակադարձում՝ «ավտորիտար» պիտակը Ադրբեջանի նման երկրներին բնութագրելիս խոհեմաբար չի տրվում: Հաճախ քաղաքական ճնշման ձեւ է: Ադրբեջանը աշխարհաքաղաքական պաշտպանված տարածքում չէ՝ այն Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիայի, Կասպիցի շրջանի եւ Մերձավոր Արեւելքի միջակայքում է:(Հարեւանների թվում ո՛չ Հայաստանի անունը կա, ո՛չ էլ Վրաստանի: Մեզ լուծարե՞լ է Ադրբեջանը, թե՞ նրա  սպառնալիքի տակ նաեւ «Բեռլիներ ցայթունգն» է աշխարհագրության ադրբեջանական վարկածն ընդունել- Ան. Հ.): ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը դիմակայել է պատերազմին, զավթումին, էթնիկ զտմանը, հարյուր հազարավոր մարդկանց վտարմանը, ահաբեկչությանը, անջատականությանը, տարածաշրջանային ուժերի տեւական ճնշմանը: Գոյատեւման, անկախության պահպանման խնդիր է հաղթահարել Ադրբեջանը: Հարցը պիտի այսպես տրվեր՝ ինչպե՞ս եք պահպանում բազմաշերտ հասարակությունը մի տարածաշրջանում, որտեղ ինքնությունը շահարկման  գործիք կարող է դառնալ, ԲՑ-ի թղթակցի հարցն է վերաշարադրում Հասանովը եւ պատասխանում՝ «ուժեղ աշխարհիկ պետությամբ»: Արդյունքը՝ ո՛չ կրոնական պատերազմ կա, ո՛չ հակասեմական վայրագություն, ո՛չ կրոնամոլ գետտո կա, ո՛չ էլ էթնիկ կամ դավանանքի մասնատվածություն»:

«Բեռլիներ ցայթունգը» հարց է ուղղում Հասանովին, թե Մերձավոր Արեւելքի հակամարտությունն ի՞նչ չափով է ազդում երկրում մահմեդական եւ հրեա հանրությունների հարաբերությունների վրա: Հասանովի պատասխանը՝ «Այն, որ Ադրբեջանում հակամարտությունը լարվածություն չի ստեղծում իսլամադավանների եւ հրեաների միջեւ, հետեւյալ պատճառն ունի՝ Ադրբեջանում բնակվող հրեաներին չենք համարում արտերկրում առկա հակամարտության պատասխանատու: Միջազգային իրադարձությունների մասին կարծիքի տարբերությունները չպետք է ներհանրային համայնքների միջեւ ատելության վերածվեն: Սա կարեւորագույն դասն է, որ Ադրբեջանը կարող է փոխանցել»:

Ադրբեջանցի իրավաբան Հասանովը մի կարեւոր բան հուշեց՝ չկորցնենք մեր զենքը՝ մեր ինքնությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Leave a Comment