Հայաստանը երկընտրության առջեւ: Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա

Ռուսաստանը վերջին շաբաթներում կարծես առավելապես մտահոգված է Հայաստանի շուրջ կատարվող զարգացումների պատճառով: Մինչ տրամաբանական է թվում ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները վստահաբար հավաստիացումներ ստացել են Հայաստանի կառավարությունից, որ Հայաստանը մտադիր չէ անդամակցելու ԵՄ-ին, Մոսկվան, այնուամենայնիվ, գնալով ավելի թերահավատորեն է մոտենում այդ հավաստիացումներին:

Ռուսաստանի պաշտոնական այրերը  շատ լավ են հասկանում, որ ԵՄ-ին անդամակցելը միակողմանի գործընթաց չէ: Այն երկարաժամկետ նախապատրաստական աշխատանք պահանջող գործողություն է, որը պարտավորվածություններ է դնում ինչպես Երեւանի, այնպես էլ Բրյուսելի առաջ: Այդ պատճառով էլ Մոսկվան իրոք զայրացած է այն գիտակցությունից, թե Հայաստանը հնարավորություններ է որոնում փոխելու իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

Ռուսաստանը նաեւ մտահոգված է այն աննախադեպ աշխուժացման հետեւանքով, որ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները ցուցաբերում են Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի նկատմամբ: Մինչ Մ. Նահանգները իր պետական շահերն է հետապնդում, Եվրոմիությունը, ըստ Մոսվկայի, փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական քաղաքական ձեւաչափի մեջ, ինչը չի կարող ծառայել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա ներկա կառավարության շահերին:

Պարադոքսային կարող է հնչել, բայց պետք է նշել, որ Հայաստանի պետական շահերն ու ՀՀ կառավարության շահերը միշտ չէ, որ նույնական են: Հայաստանի համար Ռուսաստանի հետ կապերի կտրուկ խզումը եւ կամուրջների այրումը կարող է անվտանգության եւ տնտեսական անկայունության նշանակալի ռիսկեր պարունակել: Կառավարության համար նման քայլը կարող է նվազեցնել իր քաղաքական դիրքն ու վարկը ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս` միջազգային թատերաբեմում: Այդ պատճառով էլ հավանական չեմ համարում, որ իշխանությունները կդիմեն նման կտրուկ քայլի:

Հայաստանի իշխանությունները կարծես փորձում են բալանսավորել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի շահերը, խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կարող են անմիջականորեն սպառնալ կողմերից մեկի կենսական շահերին: Այդուհանդերձ, Մոսկվայի աճող մտահոգությունն այն է, որ Հայաստանը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա, ինչը Ռուսաստանի կարծիքով անթույլատրելի է եւ այդ մասին բազմիցս արտահայտվել է բացահայտորեն:

Իրականում Մոսկվան Երեւանին հստակ ուղերձ է հղում: Եթե Հայաստանը ընտրի դեպի ԵՄ թեքվելու ուղղությունը, Ռուսաստանը Հայաստանին վերաբերվելու է այնպես, ինչպես վերաբերվում է ԵՄ-ի հետ, այսինքն` թշնամաբար:

Անհրաժեշտ է մեկ անգամ եւս ամրագրել, որ Հայաստանը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու՝ նախքան ԵՄ-ին անդամակցելը կդառնա իրականություն: Սակայն Մոսկվան կարող է այդքան երկար չսպասել այդ հնարավորության առաջացմանը: Նա կարող է միջոցներ ձեռք առնել խափանելու համար նման գործընթացը:

Լարվածությունը ավելի է թեժանում ԵՄ-ից ստացված արտահայտությունների պատճառով, որոնք հորդորում են Հայաստանին աստիճանաբար նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Սա էլ իր հերթին Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական շրջադարձի վերաբերյալ Մոսկվայի անհանգստություններն է բազմապատկում:

Մոսկվան շատ լուրջ է վերաբերվում ԵՄ-ի հետ առնչվող ամեն ինչին, ներառյալ նրա ընդլայնման մտադրություններին: Սա, անշուշտ, հասկանալի է, հաշվի առնելով Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետզհետե թեժացող թշնամական բնույթը:

Միեւնույն ժամանակ հասկանալի է նաեւ Հայաստանի ձգտումները` խորացնելու իր կապերը ԵՄ-ի հետ եւ դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունը: Դիվերսիֆիկացման այս ջանքերը նախկին բոլոր վարչակազմերի օրոք էլ իրականացվել են եւ ընդհանուր առմամբ դրական արդյունք են արձանագրել: Սակայն ներկա իրավիճակը բոլորովին տարբեր է: Ռուսաստանը ներկայիս բացահայտ հայտարարում է, որ Ուկրաինայի հարցով լուրջ հակամարտության մեջ է ԵՄ-ի հետ, ինչը ավելի զգայուն է դարձնում զարգացումները բոլոր նրանց հետ, ովքեր առնչվում են այդ կառույցի հետ: Հենց նման լարված մթնոլորտում են Հայաստանն ու ԵՄ-ն փորձում խորացնել իրենց հարաբերությունները: Եվրոպացի դերակատարները քաղաքական անմիջական աջկացություն են ցուցաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը բնականաբար խիստ զայրացնում է Մոսկվային: Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել մրցակից աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների միջեւ ընտրություն կատարելու հետզհետե սաստկացող ճշնումների ներքո:

Ներկայիս, սակայն, Հայաստանը ի վիճակի չէ նման ընտրություն կատարելու, որովհետեւ որեւէ վճռորոշ քայլ դեպի մի կողմը, վստահաբար թշնամական է որակվելու մյուսի կողմից: Հետեւաբար, ներկա պայմաններում Հայաստանից պահանջվում է գործադրել ամենայն զգուշավորություն, համբերություն եւ մարտավարական զսպվածություն: Անհրաժեշտ կլինի խուսափել ամեն տեսակի գործողություններից, որոնք կազդեն կողմերից որեւէ մեկի նրբագույն նյարդերի վրա, քանի որ ընթացիկ աշխարհաքաղաքական բարդ մթնոլորտում սխալ հաշվարկված քայլերը կարող են առաջիկայում առաջացնել լուրջ եւ անդառնալի հետեւանքներ:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ(Armenian Mirror-Spectator)

Leave a Comment