Մարինա Դեդեյան. Տոհմիկ մտավորականների շառավիղը – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ – Մարինա Դեդեյանը ֆրանսիացի վիպասան է՝ հայկական եւ ռուսական ծագմամբ: Ծնվել է նավահանգստային Սեն-Մալո քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Մոնպելյեում: Մեծանալով մի ընտանիքում, որ  խորապես տոգորված էր պատմությամբ եւ գրականությամբ՝ վաղ տարիքից ժառանգել է սերը գրքերի եւ պատմությունների հանդեպ: Դուստրն է միջնադարագետ, հայագետ Ժերար Դեդեյանի եւ թոռնուհին գրականագետ Շառլ Դեդեյանի: 2023 թվականին Մարինան հրատարակել է իր առաջին վեպը՝ «Ես՝ Կոնստանսը, Անտիոքի իշխանուհին», որը պատմում է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանի հայ-ֆրանսիական ծագումով իշխանուհու իրական պատմությունը: Նրա պատմական վեպերում հաճախ միավորված են արկածները, ընտանեկան հիշողությունները եւ բազմամշակութային աշխարհները՝ ներշնչված հայկական, ռուսական ու եվրոպական պատմությունից: Ցայսօր Մարինան հրատարակել է ութ վեպ, այդ թվում՝ «Կոստանդնուպոլսի արծիվը», «Փոթորկի եւ հույսի միջով», «Այնտեղ, որտեղ մթնշաղը միանում է արշալույսին», «Նովգորոդի վիկինգները»: Այժմ բնակվում է Փարիզի մերձակայքում, որտեղ ստեղծագործում է եւ աշխատում որպես կազմակերպական փոփոխությունների կառավարման խորհրդատու:

– Սիրելի՛ Մարինա, հայերի շրջանում բավական հազվադեպ է հանդիպել մի ընտանիքի, որի մտավոր եւ մշակութային գործունեության արմատները հասնում են մինչեւ 19-րդ դար: Ձեր զմյուռնիացի հայ նախնիները կարեւոր դեր են խաղացել հայ մշակութային կյանքում: Զգո՞ւմ եք, որ գրելը եւ գրականությունը ինչ-որ չափով «ձեր գեների մեջ են»: Ինչպե՞ս է ձեր ընտանեկան միջավայրն ազդել ձեր վրա՝ որպես գրողի:

– Իմ հայ նախնիների՝ Տետեյանների սերը գրքերի հանդեպ սկսվել է է՛լ ավելի վաղ: Մինչեւ 18-րդ դարի վերջին Զմյուռնիա տեղափոխվելը, երբ նախնիներս ապրել են Անատոլիայի Թոմարզա քաղաքում, նրանք արդեն ձեռք էին բերել Ամստերդամի նշանավոր հայկական Աստվածաշնչի մի օրինակ, որն այժմ, ցավոք, կորած է:

19-րդ դարի կեսին նրանք Զմյուռնիայում հիմնել են հրատարակչություն՝ նպատակ ունենալով զարկ տալ օսմանյան կայսրության հայերի կրթությանը: Նրանք ցանկանում էին եվրոպացի հեղինակների՝ Լամարթինի, Դյումայի, Հյուգոյի, Շատոբրիանի, Գյոթեի եւ Շեքսպիրի թարգմանությունների միջոցով հայերին միավորել ընդհանուր լեզվի շուրջ: Այդ հրատարակչության շնորհիվ բազմաթիվ հայեր իրենց մայրենի լեզվով ծանոթացան եվրոպական գրականության գլուխգործոցներին, բացեցին իրենց միտքը նոր գաղափարների առջեւ եւ դարձան գրքասերներ:

Ուստի, բնականաբար, գրելը եւ գրականությունն իմ գեների մեջ են: Սակայն երբ նախնիներդ թարգմանել են նման մեծությունների, գրող դառնալը հեշտ չէ. այդ հսկաների համեմատ դու քեզ չափազանց համեստ եւ փոքր ես զգում: Ինչ-որ պահի պետք է ճեղքես մի պատ՝ քո տեղը գտնելու համար:

Հայկական արմատներս մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա որպես գրողի: Իրենց պատմության շնորհիվ հայերը կամուրջներ են հանդիսացել տարբեր երկրների, մշակույթների եւ քաղաքակրթությունների միջեւ: Միեւնույն ժամանակ նրանք խորապես կապված են իրենց ինքնությանն ու անցյալին: Երբ գրում եմ խաչակրաց արշավանքների, Ռուսաստանի կազմավորման, Յոթնամյա պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի կամ Ռուսական կայսրության անկման մասին, ուսումնասիրում եմ պատմության շրջադարձային պահերը, անցյալի դասերը եւ ժողովուրդների ինքնության հարցերը:

– Ձեր կենսագրության մեջ նշվում են ձեր նախնիների կապերն Ալեքսանդր Դյումայի, Ֆրիդրիխ Նիցշեի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Էռնեստ Հեմինգուեյի եւ Մարսել Պանյոլի հետ: Սա չափազանց հետաքրքրական է: Կպատմե՞ք այդ կապերի մասին մի փոքր մանրամասն:

– Որպես նրանց ստեղծագործությունների հայերեն հրատարակիչներ՝ իմ նախնիները նամակագրական կապի մեջ էին եվրոպացի գրողների, այդ թվում՝ Դյումայի եւ Հյուգոյի հետ: Ցավոք, այդ նամակներն այրվել են Զմյուռնիայի կործանման ժամանակ: Սակայն մի հայտնի նամակ պահպանվել է. այն, որով Վիկտոր Հյուգոն շնորհակալություն է հայտնում մեր ազգական Գրիգոր Չիլինկիրյանին՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը հայերեն թարգմանելու համար:

Իմ հայ պապը, որը համեմատական գրականության պրոֆեսոր էր Սորբոնում, բազմաթիվ կապեր ուներ ժամանակակից ֆրանսիացի գրողների հետ:

Մորս ընտանիքն էլ բազմաթիվ բարեկամական եւ ստեղծագործական կապեր է ունեցել գրողների եւ արվեստագետների հետ: Իմ մեծ մորաքույրերից մեկը մտերիմ է եղել Նիցշեի եւ Ռիլկեի հետ, որոնց հանդիպել էր Գերմանիայում եւ Շվեյցարիայում:

Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո ռուս նախնիներս հաստատվել էին Լազուրի ափին, որտեղ ապրում էին բազմաթիվ նշանավոր արվեստագետներ: Իմ մեծ տատը հանդիպել էր Մարսել Պանյոլին, իսկ մեծ հորեղբայրներիցս մեկն ընկեր էր դարձել Հեմինգուեյի հետ:

– Դուք ֆրանսուհի եք, սակայն ձեր ծագումն առավելապես հայկական է՝ որոշ ռուսական, լատվիական, գերմանական, բրիտանական եւ, թերեւս, կելտական արմատներով: Ինչպե՞ս է այս բազմամշակութային ժառանգությունն ազդել ձեր ինքնության եւ բնավորության վրա:

– Իմ ծագումն առաջին հերթին հայկական եւ ռուսական է: Բազմամշակութային ժառանգություն ունենալը ստիպում է այլ կերպ մտածել, որովհետեւ այն բացում է միտքդ ու սիրտդ տարբեր մշակութային վկայակոչումների առջեւ եւ տալիս է յուրահատուկ տեսանկյուն: Այս զգացողությունն ավելի է խորանում, երբ նախնիներդ վերապրել են երկու ողբերգություն՝ Ցեղասպանությունը եւ հարկադիր տարագրությունը բոլշեւիկյան հեղաշրջումից հետո: Դա ստեղծում է անորոշության զգացում, ասես հողը կարող է ցանկացած պահի փլվել ոտքերիդ տակ կամ համոզմունքներդ կարող են մի ակնթարթում կորցնել իրենց հենարանը: Այդ ամենը քեզ դարձնում է միաժամանակ ուժեղ եւ խոցելի, իսկ ստեղծագործելու համար հենց այդ համադրությունն է անհրաժեշտ:

– Անցյալ մայիսին մենք հանդիպեցինք Հայաստանում: Դուք առաջին անգամ Հայաստան այցելեցիք համեմատաբար ուշ տարիքում: Ի՞նչ տպավորություններ ստացաք երկրից: Արդյոք այն ինչ-որ առումով հարազատ թվա՞ց ձեզ:

– Հայկական ժառանգության հետ առերեսվելը հեշտ չէ: Թեեւ ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, միաժամանակ որոշ չափով վախենում էի Հայաստանում դրանց առերեսվելու մտքից: Սակայն 2020 թվականի Արցախի պատերազմն ինձ այնքան խորապես հուզեց, որ այլեւս հնարավոր չէր հեռավորություն պահպանել: Նվիրվելը ոչ միայն պարտք էր իմ նախնիների հանդեպ, այլեւ անհրաժեշտ քայլ իմ կյանքի ճանապարհին:

Ընկերներս ինձ այնքան ջերմ ընդունեցին, որ ինձ իսկապես տանն էի զգում Հայաստանում: Արմատներիս վերամիավորվելը նույնպես չափազանց հուզիչ էր, բայց խաղաղ ու ներդաշնակ ձեւով, կարծես վերջապես ամբողջացնեի երկար ժամանակ թերի մնացած խճանկարը:

Իմ ամենաուժեղ զգացողությունն այն էր, որ Հայաստանը հրաշք է: Գտնվելով մեծ կայսրությունների խաչմերուկում՝ այն իր երկար պատմության ընթացքում տեսել է անհամար պատերազմներ, արշավանքներ եւ ավերածություններ: Թվում է, թե այն վաղուց չպետք է գոյություն ունենար: Եվ, այնուամենայնիվ, հայերը՝ աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, դեռ այստեղ են՝ իրենց երկրում, իրենց լեզվով ու մշակույթով: Դա անչափ թանկարժեք եւ ոգեշնչող է: Իհարկե, վերքերը խորն են, իսկ ներկա խնդիրները՝ լուրջ, սակայն հենց այդ հրաշքն է ներշնչում անհավատալի ուժ եւ վստահություն:

– Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի օր անպայման կգրեք Հայաստանի կամ հայկական թեմաների հետ կապված մի ստեղծագործություն: Եթե այդպես լինի, ձեզ ավելի շատ կհետաքրքրի հայկական անցյա՞լը, թե՞ ժամանակակից Հայաստանը:

–  Որպես յուրատեսակ ստեղծագործական ձեռագիր՝ ես հաճախ հայ կերպարներ եմ ներառում իմ վեպերի երկրորդ պլանում, իսկ իմ առաջին հերոսուհին հայ տատիկ ուներ: Ես նաեւ գրել եմ մի վեպ, որը պատմում է հայկական արմատներ ունեցող ֆրանսուհու՝ իմ սեփական փորձառության մասին, երբ նա առերեսվում է Արցախի ողբերգությանը: Այդ իրադարձությունը լիովին փոխեց իմ աշխարհայացքն ու արմատներիս հետ կապի ընկալումը: Այս ստեղծագործությունը դեռեւս հրատարակիչ է որոնում:

Մի օր, հավանաբար, կգրեմ նաեւ որեւէ վեպ՝ ամբողջությամբ հայկական թեմայով: Ամենայն հավանականությամբ այն կվերաբերի անցյալին եւ Հայաստանի ու Եվրոպայի պատմական կապերին: Սակայն ո՞վ գիտե, թե որ՛ թեման կարող է հանկարծ ներշնչանքի աղբյուր դառնալ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Leave a Comment