«Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»

Այս թունալի կյանքը մեր…

Տանջված, հերոսական ու… անիրավվող ժողովուրդ: Ցավով, բայց այլ բնորոշում դժվար է տալը հայաստանյան մեր ներկա հանրությանը, նրա այսօրվա կյանքին ու տրամադրություններին: 1988-ից եւ անկախության արշալույսից սկսած ինչեր ասես չտեսանք ու չապրեցինք այս տարիների ընթացքում. ավերիչ երկրաշարժ, նախկին պետության ու տնտեսության փլուզում, ազգային ունեցվածքի սեփականահոշոտում-փոշիացում, պատերազմ, արտագաղթ, ապաշնորհ կառավարողներ եւ հաղթանակի ու երկրի զարգացման հնարավորությունների մսխում… Իսկ այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018-ից ի վեր, այժմ երկրում ըստ էության՝ իշխանություն բանեցնող վարչախմբի օրոք, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ուղղակի վախեցնող է:

Երեւի մեզ քիչ էին ժողովրդի դժգոհության ալիքի վրա իրենց իշխանության գալու հենց սկզբից այդ նույն ժողովրդի՝ սեւերի ու սպիտակների բաժանումը, ազգային հիմքերի մերժման քաղաքականությունն ու ազգային հենասյուն մեր Եկեղեցու գործերին անօրեն միջամտությամբ նրա կյանքի կոպիտ խաթարումը, տեւական պատերազմն ու ծանր պարտությունը՝ մի սերնդի սերուցք-երիտասարդության հազար-հազարի կորստով եւ մի մասի խեղումով, գերիներով… 

Հազարամյակների հայ Արցախի երբեւէ չեղած, նախկինում անգամ թշնամու համար անպատկերացնելի հայաթափումը եւ ՀՀ որոշ տարածքների օկուպացումը, մեզ որպես պարտված զոհի նայող հակառակորդի անվերջանալի պահանջներն ու նոր մարտահրավերների հանդեպ մտավախությունը, արդեն նաեւ նոր կայացած ընտրությունների արդյունքների պաշտոնական հաշվարկի հետ կապված կասկածները: Այս ամենին հատկապես վերջին մի քանի ամիսներին ու այսօր՝ անգամ ուժգնացած, ավելացել է ի պաշտոնե այդ բոլորի գլխավոր պատասխանատու վարչապետի նախընտրական, ընտրական շրջանի ու հիմա նույնիսկ հետընտրական սպառնալիքների, պիտակավորումների, ատելության խոսքի ամենօրյա անկասելի հեղեղը, որ հեռուստաէկրանից հորդում  է հայաստանյան ողջ հանրության ու մեզնից ամեն մեկի վրա… 

«Ասֆալտին փռելն» ու «պատերին ծեփելը», «կագէբէ-ի պադվալներն» ուղարկելը, «ոչնչացնելը», «օլիգարխները», «ջախջախելը», «անհատապես ջախջախելը», «հացին կակա ասել» տալու վրեժխնդիր սպառնալիքը՝ նաեւ համապատասխան մարմիններին իբրեւ կարգադրություն հնչող, «փախածներն» ու «խի՞ չզոհվածները», նաեւ ինչ-ինչ տարակուսելի այլ մտքերն այն գերակշռողն են, որ հակաքարոզչական արդեն անդիմանալի տեռորի պես անվերջ հարվածել ու հարվածում են մեզ, երբ առաջվա պես միացնում ենք Հանրայի՜ն մեր հեռուստատեսությունը՝ մեր երկրի կյանքի, անցուդարձի ու խնդիրների մասին լուրեր լսելու միամի՜տ ցանկությամբ: Գիտե՞ք, ամենահանճարեղ նույն մարդու ամենաիմաստուն մտքերն էլ ամեն օր ու անվերջ լսել հնարավոր չէ: Իսկ այս դեպքում հեռուստացույցն անջատելն իսկ չի փրկում: Էլ ուրիշ բան չունե՞նք, ուրիշ կյանք չունե՞նք, ազգովին ինչ-ինչ իրական հաջողություններով, ինչ-որ լավ բաներով գոնե մեկ-մեկ ուրախանալու արժանի չե՞նք: Հայաստանի բազմաթիվ այլ, ծանր խնդիրների առկայության պայմաններում ինչքա՞ն կարելի է ժողովրդին անվերջ կերակրել նման մաշող օրակարգերով, արդեն ամեն օր տարբեր նաեւ հանրային մարդկանց ձերբակալություններով: 

Այն, որ ասում էիք՝ եթե չընտրեք՝ պատերազմ կլինի, դրանով ինքներդ հենց հաստատում էիք, որ ձեր բերած խաղաղությունը պայմանական խաղաղություն է: Այն ո՞ր հիմար հակառակորդը կուզենա հարձակվել, լուրջ մարդկային ու նյութական կորուստներ կրել, երբ ու քանի դեռ ինչ ուզում՝ ստանում է: Պատահակա՞ն է, որ ձեր վերընտրությամբ ամենից առաջ ուրախացել են Ադրբեջանն ու Թուրքիան: Խոսում եք ձեր «օրգանիկ» ու հիմնական մրցակիցների 70, թե 80 տոկոս «կաշառքով» քվեների մասին: Այդ ո՞վ եւ ինչպե՞ս հասցրեց անմիջապես հաշվել, ու կարելի՞ է մարդկանց, հարյուր հազարավոր ընտրողներին հապշտապ այդպես վիրավորել: Իսկ ձեր օգտին բոլոր քվեները, ձեր ԿԸՀ-ի բոլոր հաշվարկները սուրբ են, չէ՞… Այդ իբրեւ ապացույց էլի դեռ ամեն օր ներկայացվող զայրացնող ձայնագրություններն ո՞ւմ են հետաքրքիր եւ քանի՞ մարդ է դրանց իսկությանը հավատում: Այդ նախապես իմացել տեղերն ու դատարանների թույլտվությա՞մբ են գաղտնալսել կաշառատու-կաշառառուներին, թե՞ որ բնական է այս դեպքում կասկածելը՝ բոլորիս են համատարած գաղտնալսել ու լսում: Ի՞նչ իրավունքով եւ ինչքա՞ն կարելի է:  

Եթե որեւէ մեկը հանցանք է գործել, նա անպայման պետք է դրա համար օրենքով պատասխան տա, այն էլ՝ անկախ դիրքից, «իշխանական» կամ ընդդիմադիր թե մրցակից ճամբարից, նաեւ մեկ կամ մյուս ուժի ընտրող լինել-չլինելուց: Այդ հարցով զբաղվելու  համար կան իրավապահ եւ դատական մարմիններ, որոնք պետք է հանգիստ իրենց գործը կատարեն՝ առանց մեծ աղմուկի ու հասարակության ուշադրությունն անվերջ նման հարցերի վրա սեւեռելու: Էլ չենք ասում՝ նաեւ առանց քաղաքական պատվերի: Երկրի ղեկավարն էլ պետք է իր առանց այն էլ ծանրաբեռնված ու դժվարին գործն անի, իսկ երբ նա խոսում է, մարդիկ նրա խոսքից, կշռադատված ու իմաստուն մտքերից պետք է բան սովորեն: Այս առումով վատ չէր լինի՝ այսօրվա կառավարող թիմի որոշ մարտաշունչ անդամներ իրենց թույլ տային մեկ-մեկ լսել, օրինակ, Կարեն Դեմիրճյանի տեսաձայնագրված մտքերից…

Ընտրությունից ու արդյունքի արձանագրումից հետո հասցեական ասում եք նաեւ՝ թավիշն ավարտվեց (ինչպես, ի դեպ, այն «սրտիկները», որոնք հակասում էին ձեր հանդիպումների հայտնի հռետորաբանությանը): Ձեր թիմակից պաշտոնյան էլ արդեն կարծեմ անհասցե, խիստ դեմքով կրկնում է՝ թավիշն ավարտվեց, ու դա արդեն հանուրին մատ թափ տալու պես է հնչում:

Չգիտեմ՝ գոնե աչքի տակով նայե՞լ են տարբեր միջազգային եւ տեղական կառույցների դիտարկումներն ու արձանագրումներն այս ընտրությունների քարոզարշավի, դրանում  ատելության խոսքի ծավալների մասին: Հայաստանում գործող Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային անկախ վերլուծական կենտրոնի (ԺԱՏԿ) զեկույցներն, օրինակ, փաստում են, որ պաշտոնական քարոզարշավի ընթացքում ատելության խոսքն ու հռետորաբանությունն ունեցել են աննախադեպ ծավալներ, եւ դրանց հիմնական գեներացնողները եղել են բոլոր «ոչ-յուրայիններին» բոլոր մեղքերում միշտ մեղադրող իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ իրենց ղեկավարի գլխավորությամբ: Կառավարման վերին օղակից եկող մեղադրանքների, վարկաբեկումների, սպառնալիքների բոլոր, նաեւ բառապաշարային դրսեւորումներն իրենց արտացոլումն ու ավելի վատ կրկնությունն են գտնում ՔՊ-ական միջին ու երեւի նաեւ ավելի ցածր օղակներում, Փաշինյանի ֆանատների եւ ենթադրյալ ֆեյքերի սոցցանցային հաճախ հայհոյանքի մակարդակի  գրառումներում:

Ցավալի ու պարզապես ամոթալի է, որ երբեմն նաեւ ցինիզմի հասնող ատելության խոսքի որոշակի չափաբաժին հասնում է արցախցի բռնագաղթված մեր հայրենակիցներին: Դրա մի աղաղակող օրինակը, երեւի արդեն շատերին հայտնի, բերված է հիշյալ կազմակերպության ամսույս 22-ի զեկույցում, եւ դրա գլխավոր գործող անձը Թալինի խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար, ֆեյսբուքյան տվյալներով՝ իշխող կուսակցության այդ տարածքային կենտրոնի նախագահ Տավրոս Սափեյանն է: Այս գործիչը, մտնելով բռնի տեղահանված արցախցու տան տարածք,  փորձել է նրան տալ իր կառավարող կուսակցության քարոզչանյութերը: Երբ վերջինս քաղաքավարի պատասխանել է, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, անմիջապես նրան ասել է, թե «մարդ չպիտի անաղուհաց լինի»: Հետո հարցնում է՝ այս տունը, որ բնակվում եք, ո՞վ է տվել, կինն ասում է՝ պետությունը, ո՛չ ինչ-որ մարդիկ իրենց գրպաններից: Հետո թե՝ «Տեսեք, պետության գլխին կանգնած ենք մենք, Նիկոլ Փաշինյանը…», «Այս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում… կգաք, կդիմեք, ձեզ Ռուսաստանի տոմս կառնեմ»…, «Մեռնող էիր՝ Ղարաբաղումդ մեռնեիր»… Թվում է՝ եթե սույն պետական պաշտոնյան այս դրվագում ՔՊ-ական պետական իշխանության խոսափողը չէ, ապա գուցե այդ իշխանությունը կամ օրենքը որոշեն՝ նրա համար ինչ տոմս առնելու ժամանակն է:

…Այս ամեն օր հանրությանը  խիտ չափաբաժնով ներարկվող թշնամանքի եւ ատելության խոսքը, ըստ հարկի պատերազմով վախեցնելու ազդեցության հետ, չարության ու պառակտման թունավոր սերմեր են, որոնք անխղճաբար տարածվում են, թունավորում հանրային մթնոլորտն ու մեր կյանքը, ներսից թուլացնում երկիրը: Մեր երբեմնի ստեղծագործ, արարող, իր ստեղծածով հպարտ ժողովուրդն այսօր կարծես խեղճացած, կոտրված է: Ու բնությունն անգամ այս ամենի համար մեզ զգուշացնում է… Մհեր Մկրտչյանի կինոհերոսի հոգու ցավից բխած հայտնի արտահայտությամբ՝ «Մարդ չի կըռնա երջանիկ էղնի»: Այս մթնոլորտում ինչպե՞ս եղնի:

Պետականություն ունենալը, միջազգայնորեն ընդունված ինքնիշխան պետությունը մեր դարավոր երազանքի իրականացումն է: Բայց այսպիսի՞ պետություն էին մեր սերունդները երազել, եւ այս ճանապարհն ո՞ւր է տանում:

Երեւի երկարած խոսքս ավարտեմ սոցիալական ցանցում պատահաբար նկատածս  մի վաստակաշատ մտավորական հարգարժան տիկնոջ՝ կրթության փորձագետ, դասագրքերի հեղինակ Թամարա Թովմասյանի վերլուծական մտքերից  փոքրիկ մեջբերումով:

«Մեր ժողովուրդը, իր պատմության այս վճռորոշ փուլում, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, հարեւաններին եւ ներկա ու ապագա մարտահրավերները, ունի միավորող քաղաքական իմաստության կարիք: Այդպիսի իմաստությունը պետք է հնարավորություն տա Հայաստանին եւ ամբողջ հայությանը մնալու պատմության բեմում եւ չմիանալու այն ժողովուրդների շարքին, որոնք արդեն դարձել են միայն պատմական հիշատակ:

… Պետք է հաղթահարել այն բոլոր շեղումները, որոնք կապ չունեն ազգի եւ հայրենիքի գոյության հիմնախնդրի հետ եւ որոնք տարիներ շարունակ ներսից քայքայել են մեր ազգային կյանքը»:
Կարծես թե ամեն ինչ ասված է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Leave a Comment