Այսօր ամառային արևադարձի օրն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել:
Ամառային արևադարձը տարվա այն առանցքային աստղագիտական երևույթն է, երբ Երկրի առանցքի թեքության պատճառով Արեգակը հասնում է հյուսիսային կիսագնդի ամենաբարձր կետին։ Այս օրը գրանցվում են տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։
Ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 20-ին կամ 21-ին։ Հայաստանի համար այն ազդարարում է աստղագիտական ամառվա սկիզբը։
Հյուսիսային կիսագնդում, այդ թվում՝ Հայաստանում, ցերեկը կարող է տևել մինչև 15 ժամ և ավելի՝ կախված տվյալ բնակավայրի աշխարհագրական լայնությունից։ Հարավային կիսագնդում այս օրը, հակառակը, տարվա ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերն է: