
«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը» կլինեն միավորվող ընդդիմության օրակարգային գլխավոր հարցերը, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ընդդիմադիր ուժերի համախմբման» գործընթացի մասին նախօրեին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին նշել է. «Գաղափարը, որը առաջարկվել է, մենք ամբողջությամբ ոչ միայն կիսում ենք, այլ այդ առաջարկով դրանից առաջ բազմաթիվ անգամ հանդես եկել ենք, հետևաբար ողջունելի է այս նախաձեռնությունը»։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը ողջունում է «Ուժեղ Հայաստանի» համագործակցության առաջարկը։ Թե ինչ ձևաչափ կընտրվի՝ կլինի ընդդիմադիր կոալիցիա, թե կոմիտե, Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պարզ կդառնա քննարկումների ընթացքում։
Կարևորն, ըստ ԳՄ ներկայացուցչի, այն է, որ համագործակցության նոր ֆորմատը հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին հետընտրական շրջանում մի շարք օրակարգային հարցերի շուրջ համագործակցել։
Իսկ ընդդիմության օրակարգում մի քանի հարցեր են, Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ՝ «կեղծված ընտրությունները, Փաշինյանի կողմից Ադրբեջանին արվելիք նոր տարածքային զիջումները և փլուզման առջև կանգնած տնտեսությունը»։
«Բնականաբար սեղանին կա կեղծված ընտրությունները, գլխավոր օրակարգը այն զիջումներն են, որ պատրաստվում է անել, հիմա պատրաստվում են դա անել, Հաջիևի այցը դրանով է պայմանավորված, պատրաստվում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխել, այսպես կոչված՝ անկլավներ հանձնել»։
«Ազատության» հարցին՝ կոնկրետ կեղծված ընտրությունների մասին ի՞նչ եք անելու, Ի՞նչ կարող եք անել, Սաղաթելյանը պատասխանեց.
«Հենց հիմա պատրաստվում ենք, դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Բավական հիմնավոր փաթեթներ են ներկայացվելու, ընտրությունների կեղծման վերաբերյալ կոնկրետ օրինակներով, փաստերով, և ՍԴ-ն, երբ որ սկսի քննարկել այդ հայցերը, 5–6 ուժ հայտարարել է դիմելու մասին, նաև քննարկում ենք հնարավորությունները այդ ընթացքում բողոքի ակցիաներ անցկացնելու և մեր ձայնը տեղ հասցնելու իմաստով»։
Հարցին՝ դեռևս ակնկալիք ունե՞ն, որ ՍԴ-ն անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կնշանակի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«ՍԴ-ն ունի երկու ընտրություն. կամ իր որոշմամբ առաջնորդվում է Սահմանադրությամբ և փաստում է բոլոր այն կեղծիքները, որ արվել են, կամ դառնում է այս ռեժիմի կցորդ և ստանձնում է պատասխանատվություն այդ ընտրությունների արդյունքների հետ կապված։
Անշուշտ մենք հասկանում ենք, որ ՍԴ-ն ՔՊ-ի կողմից ձևավորված դատարան է, բայց մենք այդ շանսը տալիս ենք դատարանին, որ ինքը կարողանա ապացուցել՝ ծառայում է Հայաստանին և Սահմանադրությանը, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին։ Ինքը թող ընտրի, որ ճանապարհով է գնում, ըստ այդմ մենք կընդունենք մեր հետագա որոշումները»։
Մինչ ՍԴ-ն կքննի և որոշում կկայացնի, այդ ընթացքում բողոքի ցույցեր կլինե՞ն։
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ կարծում է՝ «այո, տրամադրությունը դա է»։
Ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքների՝ իշխանությունն ինքն է մեղադրում ընդդիմությանը՝ ընտրակաշառքով խորհրդարան անցնելու համար։ Վարչապետ Փաշինյանը երեկ խոստացավ՝ անձամբ ջախջախել ընդդիմության ընտրակեղծարար առաջնորդներին։