
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա նիստին անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին, նշելով, թե շատ կարևոր էր, որ ընտրություններից հետո խաղաղության գործընթացի դինամիկան չկրոցնեն, քանի որ կառավարության գրեթե ողջ կազմով նախընտրական շրջանով պայմանավորված արձակուրդի մեջ է եղել և պրոցեսներ են տեղի ունեցել: Այս նույն ընկալումը, ըստ Փաշինյանի, եղել է նաև Ադրբեջանում:
Վարչապետը հենց այս համատեքստում դիտարկեց Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի այցը Հայաստան, որը տեղի ունեցավ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը՝ Դիլիջանում:
«Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի նախագահի օգնականը և ԱԽ քարտուղարը հանդիպել են, երկուսն էլ ընդհանուր բանակցային պրոցնեսներին, իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումներին հիմնականում ներկա են եղել: Տեղի է ունեցել հանդիպում, այդ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն է», – ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ այս ձևաչափով հանդիպում առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում, և ենթադրաբար հաջորդը տեղի կունենա Ադրբեջանում: Վարչապետի պնդմամբ՝ այս հանդիպմամբ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Ի դեպ, նաև խաղաղության գործընթացի օրկարգում Փաշինյանը հիշատակեց ընտրակաշառքի թեման: Հաշվի առնելով, որ կես միլիոնից ավելի քաղաքացի քվեարկել է ընդդիմության օգտին, Փաշինյանը հարց բարձրացրեց՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք չեն ընդունում, որ Հայաստանը 29743 կմ է: Փաշինյանը վստահեցրեց՝ չկա 500 հազարից ավելի մարդ, որ այդպես է մտածում: Այդ թվերը չեն արտահայտում մարդկանց իրական տրամադրությունները:
«Հարց կարա ծագի, Հայաստանում հարյուր հազարավոր քաղացիներ համարում են, որ 29743 ք/կմ-ով պետք է բավարարվի, թե չէ , այսինքն 100 հազարավոր էդպիսի քաղաքացիներ կա՞ն, պետք է ասեմ, որ չէ, չկան էդքան մարդիկ: Էդքան ընտրակաշառք կա, էդքան մարդիկ, որ էդպես մտածում են, թույլ տվեք ասել, որ չկան», – նշել է վարչապետը:
«Ձեր ձայնները կեղծվել են ու դուք տանը վեր ընկա՞ծ եք, քյաբա՞բ եք ուտում». Փաշինյանը հեգնեց ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիրներին
Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, որ ընտրությունները կեղծվել են:
Շուրջ 5 ընդդիմադիր ուժեր պատրաստվում են ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում, պնդելով, որ իշխող ՔՊ-ն կիրառել է լայնածավալ վարչական ռեսուրս, ռեպրեսիվ մեթոդներ, իսկ 3 ընտրատեղամասերում էլ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով դուրս է թողել Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ -ին խորհրդարանից:
Փաշինյանը հարցրեց, եթե ընտրությունները կեղծվել են, բա ո՞ւր է խորհրդարանական ընդդմիությունը, ինչո՞ւ են նրանց աթոռները, այդ թվում՝ հրապարակները դատարկ:
«Ընտրությունները կեղծվել են և հանրապետության հրապարակները դատա՞րկ են, էդ ո՞ւմ ձայնն է կեղծվել, ես խոսում եմ լիդերների մասին, ձեր հետևորդների ձայնը կեղծվել է, ու դուք տանը վեր ընկա՞ծ եք , քյաբա՞բ եք ուտում, ձայները կեղծված են ու հաջորդ օրը օդանավակայանո՞ւմ եք հայտնվում», – հայտարարեց Փաշինյանը:
«Ասում եմ՝ ում ձայնը կեղծվել է, դուրս եկեք հրապարակ, որովհետև հաջորդիվ հրապարակ են դուրս գալու նրանք, ում ձայնը կեղծվել է ձեր ընտրակաշառքի միջոցով, և ես առաջնորդելու եմ էդ մարդկանց, այ էդ ժամանակ հեղափոխությունը դուք կտենաք», – հավելեց վարչապետը: