Որքանո՞վ է Հայաստանը մոտ առանց վիզա Եվրոպային։ Ե՞րբ հայաստանցիներն ազատորեն՝ առանց վարչարարության ու հերթերի կմեկնեն եվրոպական երկրներ։ Այս հարցերի պատասխանները հուզում են գրեթե յուրաքանչյուր հայաստանցու։ Եվ վիզաների ազատականացման գործընթացն ավելի է սրել սպասումը։
Մինչ անդրադառնալը, թե ինչ գործողությունների փուլում է Հայաստանը և ինչ արձագանք կա ԵՄ-ից, նշենք հանրության շրջանում տարածված հիմնական միֆերը ու դրանց փաստարկված պատասխանները։
Միֆ 1․ «Առանց վիզայի նշանակում է՝ կարելի է գնալ ու աշխատել Եվրոպայում»
Փաստ
Վիզաների ազատականացում նշանակում է կարճաժամկետ (մինչև 90 օր՝ 180 օրվա ընթացքում) զբոսաշրջային, գործնական կամ այցելության նպատակով մուտք։
Աշխատելու կամ մշտական բնակության համար անհրաժեշտ է ազգային վիզա կամ կացության իրավունք։
Միֆ 2․ «Սա ավտոմատ ճանապարհ է դեպի ԵՄ անդամակցություն»
Փաստ
Վիզաների ազատականացումը տեխնիկական-իրավական գործընթաց է։ Այն չի նշանակում անդամակցության բանակցություններ։
Միֆ 3․ «Բոլորը կարտագաղթեն»
Փաստ
Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ կարճաժամկետ ճամփորդությունները աճում են, բայց զանգվածային մշտական արտագաղթ չի ֆիքսվում միայն վիզայի ազատականացման պատճառով։
Միֆ 4․ «Գործընթացը վաղը կավարտվի»
Փաստ
Վիզաների ազատականացումը փուլային գործընթաց է՝ գնահատումներով, զեկույցներով, բարեփոխումների իրականացմամբ։
Հիմա այն մասին, թե վիզաների ազատականացման համար ինչ գործողություններ են արվում Հայաստանում։
Այսօր Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ
Այս պնդումը Հայաստանի ԱԳՆ-ից է։ Shantnews-ի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ 2025թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, մայիսի սկզբին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովները դրա վառ ապացույցն են:
«Որպես ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի կարևոր բաղադրիչ՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է դինամիկ և գործնականում շատ ակտիվ փուլում»,-նշեց Բադալյանը։
Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ այս պահին ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ
Վիզաների ազատականացման գործընթացն առաջ մղելու համար Հայաստանը զուգահեռ աշխատում է և՛ Եվրոպական հանձնաժողովի, և՛ անմիջապես անդամ երկրների հետ, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Քանի որ վերջնական որոշումը կայացվում է կոնսենսուսով, երկկողմ ձևաչափով քննարկումները կրում են պարբերական բնույթ: Հարցը ներառված է Հայաստան-ԵՄ բոլոր բարձր մակարդակի հանդիպումների օրակարգում՝ սկսած Գործընկերության խորհրդի նիստերից մինչև երկկողմ բարձրաստիճան շփումներ:
Վիզաների ազատականացման գործընթացը ենթադրում է կոնկրետ բարեփոխումների իրականացում
Եվրոպական միությունը պահանջում է խիստ բարեփոխումներ հետևյալ ուղղություններով՝
●Անձը հաստատող փաստաթղթեր. անցում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի։
●Սահմանների և միգրացիայի կառավարում. անօրինական միգրացիայի դեմ պայքար և սահմանային անվտանգության ամրապնդում։
●Հասարակական կարգ և անվտանգություն. մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար։
●Մարդու իրավունքներ. օրենքի գերակայության և խտրականության բացառմանն ուղղված միջոցառումների ապահովում։
●Հիմնարար իրավունքներ և արտաքին հարաբերություններ․ այս ուղղությունը պահանջում է, որ գործընկեր երկրները երաշխավորեն տեղաշարժի ազատությունը, պաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները, պայքարեն խտրականության դեմ և ապահովեն անվտանգ նույնականացման փաստաթղթերի տրամադրումը՝ նախքան իրենց քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի հնարավորություն տալը։
Shantnews-ին տված հարցազրույցում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ կենսաչափական համակարգը կգործարկվի արդեն այս տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ որքան շատ Հայաստանի քաղաքացիներ դիմեն և ստանան կենսաչափական անձնագրեր, այնքան արագ կարող է առաջ շարժվել վիզաների ազատականացման գործընթացը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը «Շանթյուզի» հետ զրույցում հայտնեց, որ այս տարվա ընթացքում տրվելու է կենսաչափական համակարգի մեկնարկը։ Նրա վստահեցմամբ՝ ինչքան շատ Հայաստանի քաղաքացիները դիմեն և ստանան կենսաչափական անձնագրեր, այդքան վիզաների ազատականացման պրոցեսն ավելի արագ կընթանա։
«Մենք ներդնում ենք միգրացիայի կառավարման թվային գործիքներ գրեթե բոլոր ոլորտներում։ Արդեն գործարկվել է քաղաքացիության ստացման և դադարեցման էլեկտրոնային պլատֆորմը։ Այլևս գոյություն չունեն թղթային դիմումներ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար։
Մյուսը կացության կարգավիճակների համակարգի թվայնացումն է, փախստականների և ապաստանի համակարգի թվայնացումը։ Դրանք բոլորն ընթացքի մեջ են»,-նշել է փոխնախարարը։
Ի դեպ, այս տարվա մայիսի սկզբին Հայաստանին ներկայացվեց ՀՀ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման մասին Եվրոպական հանձնաժողովի առաջին զեկույցը, որն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։
Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի չորս ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը:
Եվրոպական հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման «առաջանցիկ փուլում է» (at an advanced stage of fulfilment), իսկ հանրային անվտանգության և հիմնարար իրավունքների ոլորտներում «լավ առաջընթաց է արձանագրել» (progressing well)։
Վիզաների տրամադրման մերժումների նվազեցումը՝ ազատականացման գործընթաց տանող ճանապարհ
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում դեսպանատներ դիմել պատրաստված ու համապատասխան փաստաթղթերով։
Shantnews-ի հետ զրույցում նա հստակեցրեց, որ դեսպանատները որևէ կանխակալ վերաբերմունք չունեն և նպատակ չկա մերժելու քաղաքացիներին։
«Իսկապես շատ կարևոր է, որ մարդիկ համապատասխանեն չափանիշներին, և սա նույնպես դեր կխաղա ազատ վիզային ռեժիմի ապահովման գործում։ Չպետք է մերժումներ ունենաք»,-նշեց դիվանագետը։
Մարագոսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ճանապարհորդելու համար պետք է դիմել այն երկրի դեսպանատուն, որտեղ նպատակ կա մեկնել։
«Եվրոպական Միության քաղաքական մտադրությունն է հեշտացնել մարդկանց ճանապարհորդությունը դեպի Եվրոպական Միություն նրանց համար, ովքեր պետք է ճանապարհորդեն զբոսաշրջության, գործնական նպատակներով, ընտանիքի հետ հանդիպելու, նախագծերին մասնակցելու համար»,-ասաց Մարագոսը։
ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մերժումների տոկոսը նվազել է։
«Ակնհայտ է, որ ԵՄ-ն չի ցանկանում վիզաների ազատականացում տրամադրել մի այնպիսի երկրի, որտեղից վիզաների մերժումների քանակը շատ է։ Մերժումների քանակի շատ լինելը վկայում է այն մասին, որ այն անձինք, ովքեր դիմում են վիզա ստանալու համար, չեն հիմնավորում իրենց այցելության նպատակները կամ ցույց են տալիս, որ չունեն բավարար միջոցներ այդ ճամփորդության համար։
Այսինքն՝ բարձր մերժումների քանակը խոսում է միգրացիոն ռիսկի մասին։ Ներկայում մեր վիզաների մերժումների քանակը մոտավորապես 12 տոկոսի շրջանակում է։ Դեռևս պետք է իջեցնենք»,-պարզաբանեց փոխնախարարը։
Միգրացիոն խնդիրները՝ զգայուն թեմա ԵՄ երկրների համար
Եվրոպական միությունը պահանջում է միգրացիոն ռիսկերի նվազեցում, իսկ Հայաստանը քայլեր է ձեռնարկում մտահոգությունները փարատելու նպատակով։
«Չպետք է խնդիրներ լինեն կապված ժողովրդավարության, փոքրամասնությունների հետ։ Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրում նշված է, որ պետք է լինի մարդու իրավունքների շատ ուժեղ պաշտպանություն, և մարդիկ չպետք է խրախուսվեն գնալ ապաստան խնդրելու, օրինակ՝ Եվրամիության երկրներ։ Երբ մենք համաձայնում ենք գործընկերոջ հետ վիզայի ազատականացման հարցում, պետք է վստահություն լինի, որ բոլորը պաշտպանված են այդ երկրում»,-ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիսի Մարագոսը։
ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանն էլ միգրացիոն դրական ցուցանիշների մասին խոսեց։
«2025 թվականին մենք ունեցել ենք դրական սալդո քաղաքացիների մասով, ինչը երկար ժամանակ չենք ունեցել։ Բացի այդ, տնտեսության վիճակն էականորեն փոխվել է։ Մեր հիմնական ցուցանիշները, որոնք արտացոլում են միգրացիոն պատկերը, ավելի դեպի դրականն են։
Ամբողջ բարեփոխումների փաթեթին եթե ուշադրություն դարձնեք, հիմնականում միտումն այն է, որպեսզի նվազեցվեն արտամղող գործոնները ՀՀ-ում՝ կոռուպցիայի դեմ պայքար, իրավապահ համակարգի հզորացում, մարդու իրավունքների կառուցակարգերի ամրապնդում, հակախտրականություն։ Այս ամենն այն բանի համար է, որ չառաջանան այնպիսի գործոններ, որոնք մարդկանց կվանեն ՀՀ-ից»,-ասաց Ղազարյանը։
Ե՞րբ հայաստանցիներն առանց վիզայի կմեկնեն Եվրոպական միության երկրներ
Այս ուղիղ հարցին պատասխանները հետևյալն են․
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիսի Մարագոս․ «Դա կախված է նրանից, թե Հայաստանը որքան արագ կկատարի գործողությունների պլանը»։
ՆԳ փոխնախարար․ «Վիզաների ազատականացման գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ ԵՄ խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը որոշում կկայացնեն, որ Հայաստանի անունն ավելացվում է առանց վիզայի երկրների որոշման ցանկում»։
Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։
Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան

