
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է որևէ պայմանավորվածություն՝ գործարք Գագիկ Ծառուկյանի հետ, որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարում անցողիկ շեմը ձայների չնչին տարբերությամբ:
«Գագիկ Ծառուկյանին, ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք էդ գործարքին ընդառաջ կգար», – այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. – «Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ մի… Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել ա աշխարհեաշխարհ, տարբեր տեղերում գործարք ա փնտրել, գտել, հետո պարզվել ա՝ ընդամենը իրան հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ էլ չի: Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան»:
Եթե ընդդիմադիր գործարարի նախաձեռնած վերահաշվարկների արդյունքում պակասող քվեները լրացվեն ու «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարան մտնի, մանդատներ կկորցնի «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ զգալի թուլացնելով դիրքերը Ազգային ժողովում: Փաշինյանի կուսակցությունը կկորցնի 3/5 մեծամասնությունը, ինչի հետևանքով չի կարողանա միայնակ՝ առանց ընդդիմադիրների ձայների ընդունել սահմանադրական օրենքներ, հաստատել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը:
Արձագանքելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ Ծառուկյանի խոսնակն ասել է, թե մինչ «Բարգավաճ Հայաստան»-ը վերահաշվարկներով փորձում է վերականգնել արդարությունը, վարչապետը պիտակներ է հնչեցնում:
«Ի վերջո, ի՞նչն է պետք հերքել։ Ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը, իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությո՞ւնը, որ արդեն հերքել եմ։ Գագիկ Ծառուկյանի արտաքին աշխարհի հետ ունեցած կապե՞րը, որոնց մասին ամբողջ աշխարհն է տեղյակ», – Ֆեյսբուքում մասնավորապես գրել է Իվետա Տոնոյանը:
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց տարիներ առաջ խոշոր չափերով հարկերից խուսափելու համար, իրավապահները հաշվի չառան, որ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը դեռ պատգամավորի թեկնածու է, ու առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվության մեղադրանք առաջադրեց գործարարին, Ծառուկյանն այդ օրը ցանկացել էր մեկնել երկրից, սակայն նրան օդանավակայանից հետ էին ուղարկել:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է հայտնել գործի մասին.- «19 թե 24 թվականի մասին է խոսք գնում նաև, վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսք գնում, որը նախկինում է ըստ էության բացահայտվել, վաղուց քրեական գործ կա հարուցված, և էդ քրեական գործի քննության արդյունքում եկել է մի կետի մեր Քննչական կոմիտեն, որ էդ գործողության անհրաժեշտությունն է առաջացել»:
«Զուգադիպությո՞ւն էր, որ հենց ընտրություններից հետո եկաք էդ կետին»,- լրագրողի այս հարցին Հակոբյանն արձագանքեց. – «Չեմ կարծում էդպիսի զուգադիպություն կա, որոշակի հասունության ժամանակ լինում են նաև նմանատիպ գործողություններ»;