Հայաստանի Հանրապետությունում Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունների ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է Ազգային ժողովի ընտրության քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք: Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մանդատները բաշխվում են միայն ընտրական շեմը հաղթահարած ուժերի միջև։ Կուսակցության դեպքում` 4 տոկոս, մինչև երեք կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ։
Եթե անցողիկ շեմը հաղթահարել է 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սահմանված արգելապատնեշները հաղթահարած և օրենքով՝ կուսակցության և կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։
Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն, եթե որևէ կուսակցություն ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 52 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությունը ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որոնց արդյունքով այդ կուսակցության մանդատների քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 52 տոկոս: