2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցող շատ հավաքականներ դիտարկում են աննախադեպ տարբերակ՝ թույլատրել պահեստային ֆուտբոլիստներին հանդիպումներին հետևել հանդերձարաններից։ Պատճառը սպասվող խիստ շոգ եղանակն է։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է The Touchline-ը։
Եթե այս որոշումն ընդունվի, ապա փոխարինում կատարելու անհրաժեշտության դեպքում գլխավոր մարզչի օգնականը պահեստայինների նստարանից կգնա հանդերձարան և ֆուտբոլիստներին կհրավիրի նախավարժանքի։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն մրցավարներին պարտավորեցրել էր յուրաքանչյուր խաղում երկու հատուկ ընդմիջում անել, յուրաքանչյուր խաղակեսի միջնամասում, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ջուր խմել և հովանալ:
Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը: