Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարների մեծ բանավեճը Հանրային հեռուստաընկերության եթերում տևեց չորս ժամ, ընդգրկեց մի քանի թեմա։ Ձևաչափը պետք է օգներ ընտրողին կողմնորոշվել, թեև բանավեճը թեժ էր ու իրարամերժ դիտարկումներով լի։ Չորս ուժ չի մասնակցել բանավեճին․ երեքը հենց սկզբում մերժել էին հրավերը, մի գործիչ հեռացավ հենց տաղավարից։
Չորս ժամից ավելի տևած այսպես ասած «առաջին համարների» բանավեճը ուղիղ եթերում հակասական տպավորություն է թողել քաղաքացիների վրա․ սա կարելի է եզրակացնել սոցցանցում բազմաթիվ գրառումներից։ Ամենահաճախը արտահայտվող ափսոսանքն այն մասին է, որ ընտրողը չլսեց ծրագրային հիմնավոր քննարկում և համեմատություն։ Փոխարենը, աղմուկի, փոխադարձ վիրավորանքների և պիտակավորումների պատճառով պարբերաբար թեժացող մթնոլորտը փորձ էր արվում կանոնակարգել ձայնից զրկելու այսպես ասած «սանկցիայի» միջոցով։
Ահա այսպիսի մթնոլորտում անցած չորս ժամը մասնակիցներից մեկը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանը, որը ողջ քարոզարշավի ընթացքում ներակայացավ «սարդ-մարդի» կերպարով, եզրափակեց նույն խաղային ոճի մեջ․
«Ես այս խաղի «շերիֆն եմ» ու պարզել եմ, որ բոլոր թեկնածուները «սև են»։ Հունիսի 7 բոլոր «կարմիր խաղացողներին» կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս։ Կես տարի առաջ, երբ մենք սկսեցինք «Բոլորին դեմ եմ» շարժումը, մենք վստահ էինք, որ կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր զզվել են այս ամեն ինչից, բայց չունեն գործիք սրան դեմ արտահայտվելու։ Մենք չվախեցանք ու ծիծաղով և ժպիտով ծաղրեցինք այս քաղաքական համակարգը։ Ու միայն այդպես է հնարավոր հաղթել դրան»։
Բանավեճի մասնակիցներից մի քանիսն անկեղծացան, որ լրջորեն դիտարկել են որոշ ուժերի «խաղից» հանելու հարցը։ «Հանրապետություն» և «Շնորհապետական» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը և Գուրգեն Սիմոնյանը հեռուստաբանավեճի ընթացքում հետաքրքվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե ինչու է ԿԸՀ-ն թույլատրել Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացին։
Գուրգեն Սիմոնյան․«Արձանագրում եք, որ այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնիստներ կան, ինչո՞ւ են նրանք մասնակցում ընտրությունների, առհասարակ, ինչո՞ւ է թույլատրվել։ Պետությունը, պետական մարմինները այդ փաստերը ունեն»։
Այս հարցադրումներին ի պատասխան՝ Փաշինյանը բացատրեց, որ նման քայլ չի արել ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքներից խուսափելու նպատակով՝ խորհուրդ տալով հրատապ կարգով դիմել ԿԸՀ և պահանջել չեղարկել այդ քաղաքական ուժերի գրանցումը։ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն բանավոր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ապա հստակեցրեց, որ անպայման դիմելու է գրավոր։
Բանավեճի ընթացքում նաև ուղիղ սպառնալիքներ հնչեցին տարբեր քրեական գործերով կոնկրետ գործիչներին շատ շուտով ազատազրկելու, կամ, ինչպես ձևակերպվեց, «նստեցնելու» մասին։
Ամենաթեժ քննարկումը Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածում էր։ Սկզբունքային վեճը ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի և ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջև էր․
Լևոն Զուրաբյան. «Փաշինյանը այդպես էլ չհասկացավ, որ Մինսկի խումբը 1992 թվականի ԵԱՀԿ Հելսինկյան գագաթնաժողովում ստեղծվել է մեկ նպատակով, որ միջազգայնացվի Լեռնային Ղարաբաղի հարցը, և Լեռնային Ղարաբաղը հնարավորություն ունենա ստանա ստատուս, որը կորոշվի միջազգային հանրության կողմից»։
Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղյան շարժումը թակարդ է, ես փակել եմ ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների, որ ձեր երեխաները ապրեն»։
Այս համատեքստում Փաշինյանը ԵԱՀԿ-ն մեղադրել է միշտ երկդիմի խաղ խաղալու համար։
Բանավեճի մյուս սկզբունքային հատվածն առնչվում էր խաղաղությանը, որը գործող իշխանության պատկերացրածից այլ լուծումներով են առաջարկում «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը և «Միասնության թևերից» Արման Թաթոյանը․
Նարեկ Կարապետյան. «Հայը և ադրբեջանցին պետք է ունենան մի քանի, մեկից ավելի երաշխավոր։ Իհարկե, մենք առերեսվել ենք մեծ խնդիրների հետ, մեր հայրենիքն առերեսվել է մեկ երաշխավորի խնդրի հետ, դրա համար մեկից ավելի երաշխավոր է մեր երկրին պետք»։
Արմեն Թաթոյան. «Ո՞ր խաղաղության մասին եք այդքան խոսում։ Ես ապացուցել եմ փաստերով, որ ամեն տարի տարածք է կորցրել Հայաստանը, կառավարությունը։ 2025 թվին էլ, ամռանը արբանյակային լուսանկարներով ենք ցույց տվել Վարդենիսում, իսկ մնացածն էլ ․․․մի ընդհատեք»։
Արվող հայտարարությունները սահմանված 3 րոպեների ընթացքում պարբերաբար ընդհատվում էին մյուս մասնակիցների կողմից։ Թաթոյանի այս հայտարարությունը պարբերաբար ընդհատում էր Փաշինյանը՝ սուտ որակելով պնդումը։
Բանավեճի ընթացքում հատկապես երեք ուժի ղեկավարներ հայտարարեցին, որ իրենց համար հստակեցրել են Հայաստանում կատարվածի հիմնական մեղավորին։ «Հանրապետություն», Քրիստոնեա-ժողովրդավարական և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն են մտածում նույն կերպ։ Արման Բաբաջանյանը ողջ բանավեճի ընթացքում պարբերաբար հիշեցնում էր․
«Արցախի հայաթափումը Պուտինի ուղղակի պատասխանատվության տակ է, հիմա էլ, Պուտինը ռազմաբազան օգտագործում է ներքաղաքական գործընթացների համար»։
Փաստերի ստուգման գործիքներով և մեթոդներով, ի դեպ, լրատվամիջոցները առանձնացրել են այն պնդումները, որոնք կասկածելի էին։ Այդպես, օրինակ, չափազանցված են ներկայացվել ծայրհեղ աղքատությունը արմատախիլ անելու, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի և աղքատության ցուցանիշի մասին պնդումները՝ ներկայացված քաղաքական տարբեր ուժերի կողմից։ Դրանք գնահատվում են որպես զգայուն թեմաների շահարկում։
Բանավեճը այդպես էլ չպարզաբանված թողեց մի հարց․ ինչպես են գործելու և դիրքավորվելու քաղաքական ուժերը ընտրություններից հետո։ Ով ում հետ կհամագործակցի՝ այս հարցն այդպես էլ մնաց օդում կախված և անպատասխան։ Սրանից էլ գալիս է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի անհանգստությունը։
«Քաղաքական էգոիզմը քաղաքական ուժերի կարող է բերել նրան, որ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի։ Դուք այստեղ տեսնում եք, որ քաղաքական ուժերը անդադար խոսում են իրենց վարչապետ դառնալու մասին։ «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է կոմպրոմիսային վարչապետի ընտրելու համակարգ, ինչը նշանակում է, որ առաջադրված ուժերի առաջին համարները պետք է իրանց էգոիզմը դնեն մի կողմ և կոմպրոմիսային թեկնածուի շուրջ բանակցություններով ընտրեն կոմպրոմիսային թեկնածուին, որ ոչ մեկը բացարձակ իշխանություն չունենա»։
Մրցակիցների հետ բանավիճելու ցանկություն չէին հայտնել «Հայաստան» դաշինքից Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանը և «Ռեֆորմիստներից» Վաղարշակ Հարությունյանը։ Նրանք մերժել էին հրավերը և չէին ներկայացել մեծ բանավեճի։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Հայկ Մարությանի մասնակցությունն էլ տևեց ընդամենը մի քանի րոպե։ Բանավեճից հեռանալու նրա ցուցադրական քայլը վերլուծական դաշտում արդեն ստացել է «քաղաքական ինքնասպանություն» ձևակերպումը։