Ընտրական պատկերը այսօր. IRI-ի հարցումներից մինչև GALLUP-ի թարմ տվյալներ

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել են սոցիոլոգիական երկու տարբեր հարցումների արդյունքներ: «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության թարմ տվյալներով՝ այս պահին խորհրդարան անցնելու նվազագույն շեմը հաղթահարում է հինգ քաղաքական ուժ:

Միևնույն ժամանակ, «Միջազգային հանրապետական ինստիտուտի»՝ IRI-ի կողմից ավելի վաղ արված հարցումները քաղաքական ուժերի վարկանիշների և ընտրողների կողմնորոշման այլ պատկեր էին արձանագրել:

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսում հայտնել է, որ հունիսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում 1104 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցումների արդյունքներով քաղաքական ուժերի վարկանիշները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32,4% , «Ուժեղ Հայաստան»՝ 16,4%, «Հայաստան»՝ 15,2%, ԲՀԿ՝ 8,8%, «Միասնության թևեր»՝ 6,2%։

 «Միասնության թևեր» կուսակցության գրանցած 6.2% ցուցանիշին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կուսակցության ղեկավար Թաթյանը։ Նա նշել է, որ գոհ է հարցման արդյունքներից․

«Մեր մասին ստեր են տարածում բոլոր կողմերից, քանի որ նրանք գիտեն, որ մենք բավարար ձայներ ունենք հաջորդ խորհրդարան անցնելու համար։

Չկողմնորոշված ընտրողների մեծ թվի պայմաններում մեր արդյունքները մինչև ընտրության օրը միայն աճելու են»։

Նավասարդյանի փոխանցմամբ՝ պառլամենտ անցնելու հնարավորություն ունեն ևս երկու քաղաքական ուժ. «ԴՕԿ» կուսակցությունը ստացել է 3.2%, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 3.1%: Համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ են գրանցել հետևյալ ուժերը՝

 «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը ստացել է 2.1%, «Բոլորին դեմ եմ»՝ 2 %, «Հանրապետություն»՝ 1.5 %, ՀԱԿ՝ 0.3%, «Հանուն հանրապետության»՝ 0.2%, Քրիստոնյա- ժողովրդավարական կուսակցություն՝ 0.1%, «ժողովրդավարական համախմբում կուսակցություն»՝ 0.1%, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգային զարթոնք» կուսակցությունը՝ 0.1%, ԱԺԲ՝ 0.1%,

Չորս ընդդիմադիր ուժերը, որոնք, ըստ հարցման արդյունքների, ունեն Ազգային ժողով անցնելու իրական հնարավորություն, ուժերը միավորելու դեպքում միասին կարող են կազմել ընդհանուր ձայների 46.6%-ը։

Մեկնաբանում է Արամ Նավասարդյանը․ «Այս ցուցանիշով նրանք գրեթե 15%-ով գերազանցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքը։ Սա նշանակում է, որ եթե խորհրդարանում այս չորս ուժերը հանդես գան միասնական ճակատով, ապա հստակորեն կարողանալու են ձևավորել մեծամասնություն և վերցնել իշխանությունը»։

Առաջին փուլի համեմատ արձանագրվել է բավականին մեծ առաջընթաց. եթե նախորդ հարցման ժամանակ քաղաքացիների միայն մոտ 60%-ն էր տեղյակ, թե երբ են կայանալու խորհրդարանական ընտրությունները, ապա այս անգամ պատկերն այլ է, և իրազեկվածության մակարդակը զգալիորեն աճել է:

Արամ Նավասարդյան․ «Հարցին՝ տեղյա՞կ եք, թե երբ են տեղի ունենալու խորհրդարանական ընտրությունները, հարցվածների 91.7%-ը դրական պատասխան է տվել»։

Հարցման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հետընտրական հնարավոր զարգացումներին։ Հարցին՝ ընտրություններն անարդար անցնելու դեպքում պատրա՞ստ եք արդարության հասնելու համար դուրս գալ փողոցային պայքարի, հարցվածների 38.9%-ը պատասխանել է՝ «միանշանակ այո», իսկ 35.7%-ը՝ «միանշանակ ոչ»։ Քաղաքացիների 5.3%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։ Բացի այդ, ըստ հարցման արդյունքների, նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց ակտիվությամբ հանրության համար առավել նկատելի են եղել երեք քաղաքական ուժեր. Առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 62%,  45.9%-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինք, իսկ 32.5%-ը՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավը։

Օրեր առաջ հրապարակվել էին նաև «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) հարցման արդյունքները, ըստ որոնց՝ պատկերը լիովին այլ էր։ Այդ տվյալներով՝ կայուն դիրքեր ուներ միայն իշխող ՔՊ-ն, մինչդեռ ընդդիմադիր դաշտը գտնվում էր բավականին վատ վիճակում։

IRI-ի այդ հարցման համաձայն՝ քաղաքական ուժերի վարկանիշները գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիրը»՝ դարձյալ 32%-ով։ Սակայն ընդդիմության  ցուցանիշները չափազանց ցածր էին. «Ուժեղ Հայաստանը» ուներ ընդամենը 6%, «Հայաստան» դաշինքը՝ 3%, «Շնորհապետական» կուսակցությունը՝ 2%, իսկ ԲՀԿ-ն, «Միասնության թևերը» և «ԴՕԿ»-ը ստացել էին ընդամենը 1-ական տոկոս։

Այդ փուլում հարցվածների մեծամասնությունը՝ 61%-ը, կարծում էր, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 28%-ը՝ սխալ, իսկ 11%-ը դժվարանում էր պատասխանել։

Այս երկու հարցումների համադրությունը հստակ ցույց է տալիս, որ վերջին օրերի քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ընտրազանգվածը մնացել է կայուն, մինչդեռ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ուժերին հաջողվել է կտրուկ փոխել իրավիճակը։

Leave a Comment