
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնապես հայտարարել է, որ հնարավոր է համարում Հայաստանի ներգրավումը Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային նախագծում: Այս հայտարարությունը հնչել է հունիսի 2-ին՝ Ախալքալաքում արդիականացված ԲԹԿ երկաթգծի գործարկման պաշտոնական արարողությունից հետո:
Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ գործառույթների զարգացման համատեքստում։
«Մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունը մեր հայ ընկերների հետ», — նշել է Կոբախիձեն։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է ապագայում Հայաստանի միացումը Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին, Վրաստանի վարչապետը տվել է դրական պատասխան՝ նշելով, որ նման տարբերակը հնարավոր է։
827 կիլոմետրանոց ԲԹԿ-ի շինարարությունը սկսվել է 2008 թվականի նոյեմբերին՝ ադրբեջանա-վրացա-թուրքական միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Գործարկման ամսաթիվը բազմիցս հետաձգվել է։ Տեխնիկապես ԲԹԿ-ի շինարարությունն ավարտվել է 2017 թվականի հոկտեմբերին։ Գծի բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել մինչև տարեկան 15 միլիոն տոննայի։
Երեքշաբթի օրը ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ արդիականացման արդյունքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունն ավելացել է մինչև տարեկան 5 միլիոն տոննա։ Նախագծի շրջանակներում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ երկարությամբ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր գիծ։