Ներված ու աններելի մահափորձեր նախընտրական քարոզարշավներում

Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտել է վարչապետի դեմ մահափորձ նախապատրաստող խմբի անդամներից մեկի ինքնությունը, Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ մեղադրանք առաջադրել ու ձերբակալելու որոշում ընդունել։ Անձը, սակայն, այս պահին Հայաստանում չի բնակվում։ Այս տեղեկությունն ավելի վաղ հրապարակել էր վարչապետը՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր երկու ուժերի առաջնորդներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին։ 

Քննչական կոմիտեից 13 օր և շուրջ երկու տասնյակ հարցաքննություններ ու բազմաթիվ խուզարկություններ պահանջվեցին, որ բացահայտի վարչապետի նկատմամբ սպանություն նախապատրաստող խմբի անդամներից մեկի ինքնությունը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում են միայն այդ անձի անվան առաջին տառերը։ ՔԿ-ն հաստատել է նաև վարչապետի ավելի վաղ արած հայտարարությունը, թե հայտնի տեսանյութում դիմակներով իրեն սպառնացող անձինք 2024-ից Հայաստանում չեն բնակվում։

«2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող ՄՄ-ն առնվազն 4 անձանց հետ, ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռք է բերել միջոցներ և ստեղծել պայմաններ։ Մասնավորապես՝ ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ հավաքել տեղեկություններ՝ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ»:

ՔԿ հաղորդմամբ՝ մայիսի 16-ին այդ անձինք որսացել են ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալներ և ուղիղ եթերի ժամանակ տեսաուղերձը հրապարակելով՝ խոչընդոտել են 2026 թվականի հունիսի 7-ին անցկացվելիք ՀՀ ԱԺ ընտրություններին քարոզչությանը:

Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստություն՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ, և  211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ քարոզչության խոչընդոտում։

Վերջինիս կապակցությամբ ընդունվել է ձերբակալման որոշում։

Վարչապետն անդրադարձել էր տեսանյութին՝ բովանդակությունն անհանդուրժելի համարելով, և հնարավոր պատվիրատուներ դիտարկելով ընտրապայքարի մեջ մտած «Հայաստան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին և «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին․

«-Դուք ձեր մրցակիցների անուններն եք տալիս։

-Այո՛, որովհետև թիկունքում մրցակիցներն են կանգնած, նաև մրցակիցներին սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արդարադատությամբ»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ն է տեսանյութի հեղինակը։ Դեռևս չի հանրայնացվում տեսանյութում երևացող անձանց ինքնությունը, ՔԿ-ն առայժմ նրանցից մեկին է բացահայտել և  նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։

Սա, ի դեպ, նախընտրական քարոզարշավի ժամանակ ծրագրված միակ հայտնի մահափորձը չէ։  2013-ին նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ արվեց նախագահի թեկնածուներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ հենց նրա տան մոտ։ Նա անմիջապես տեղափոխվեց բժշկական կենտրոն, վիրահատվեց։ Հայրիկյանը հիվանդանոցում ասել էր, որ տեսել է իր վրա կրակողին․

«Որ տեսնեմ, մի քիչ նայեմ, կհիշեմ, որ ինքն էր, բայց էդ պահին ուրիշ խնդիր կար, պետք էր արագ ելք գտնել, որովհետև ես ունեի ընդամենը վայրկյանի տասնորդական մասը, նույնիսկ ավելի պակաս, ես տեսա, որ ինձ մոտեցած մարդը ոչ թե ձեռք է ինձ մեկնում, այլ ձեռքը ինչ-որ բանի մեջ փաթաթված է։ Հենց անմիջապես, դիմացից, այո։ Այնտեղ մանրամասնություններ կան, որ կարծում եմ էական չի, ես փորձեցի դժվարացնել իր դրությունը, գիտեի, որ հիմա ուր որ է կրակոցը կլինի։ Մի կողմից ձեռքով իրեն խանգարել, մյուս կողմից շրջել, որ չշարժվի։ Ու կրակոց եղավ, ես, ինչպես բռնցքամարտի ժամանակ հարված ստացած մարդը հասկանում էի, որ չպիտի կանգնեմ։ Իսկ ինքը փորձում էր էլի կրակել»։

Հայրիկյանի դեմ մահափորձը եղավ 2013-ի փետրվարի 18-ին նշանակված ընտրություններից օրեր առաջ՝ փետրվարի 1-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մահափորձի կազմակերպիչը նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է։ Ինքը՝ Հայրիկյանը, չէր կասկածում նախագահի թեկնածուներից ոչ մեկին, այլ խոսում էր օտարերկրյա ուժերի, մասնավորապես Ռուսաստանի ներգրավվածության մասին․

«Կասկածում եմ օտար պետության, ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության։ Ես կասկածում եմ դրանց գործելակերպի վրա, որովհետև երբ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, և չբացառեցի, որ այդ  նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաև Ռուսաստանին։ Բայց դրան զուգահեռ ասել եմ՝ մենք գնալու ենք Եվրոպա, և Եվրոպան է մեր ապագան, իմպերիալիստական կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ»։

Թեև Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկարաձգելու պահանջով, քանի որ ինքը 10 օր մնացել էր հիվանդանոցում և քարոզչություն չէր արել, ընտրությունները տեղի ունեցան նախանշված օրը՝ փետրվարի 18-ին։ Վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Իսկ մահափորձ կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանը նույն թվականի սեպտեմբերին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 8 տարի անց, սակայն, վերջինս պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ Հայրիկյանը ֆեյսբուքյան էջում հրապարակեց Սեդրակյանի նամակը բանտից, որտեղ վերջինս անկեղծացել էր․ «Ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը։ Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը»։ 

Հայրիկյանը պատասխան նամակում գրել էր «Եվ ես ներեցի, ու նա կլինի ազատության մեջ իր ընտանիքի հետ»։

Leave a Comment