ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Ուղերձը` Մայիս 28-ի Առիթով

Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան առիթով 28 մայիս 2026-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«1918 թուականի մայիսի 28-ը հայոց պատմութեան բեկումնային կէտն է: Հենց մայիսի 28-ին, Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ժողովուրդը մահուան դատավճիռը փոխարինեց պետականութեան ստեղծմամբ:

«Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք` աշխարհում չկայ այնպիսի զէնք, որն ի զօրու լինի յաղթել սեփական հողում ապրելու կամքին:

«Հաւատարիմ իր առաքելութեանը` ծանրագոյն պայմաններում պետականաշինութեան գերմարդկային առաքելութիւնը ստանձնեց Հայ յեղափոխական դաշնակցութիւնը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մէջ գտնուող երկրում հանրապետութեան հիմնադիր սերունդը` Արամ Մանուկեանը, Յովհաննէս Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբէն Տէր Մինասեանը եւ միւս նուիրեալները, արեցին անհնարին թուացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը:

«Այսօր կրկին ճակատագրական հանգրուանում ենք: Կասկածի տակ է մեր պետականութեան ընթացքը, հարուածի թիրախում է մեր ինքնութիւնը, հալածւում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսուած է հայկական Արցախը:

«Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մէջ դեռ կենդանի է Մայիսեան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հէնց Սարդարապատից:

«Ուստի՛, ժամն է սթափուելու, համախմբուելու եւ համազգային դիմադրութեամբ տէր կանգնելու մեր արժէքներին: Սա պայքար է յանուն ինքնութեան եւ պետականութեան, սա մի նոր Սարդարապատ է:

«Մենք տէր ենք կանգնելու հայոց անկախ պետականութեանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատուութիւնը եւ թոյլ չենք տալու, որ հայութեան ճակատագիրը գրուի օտարի թելադրանքով:

«Մենք կա՛նք, մենք կը պայքարե՛նք եւ մենք կը յաղթե՛նք:

«Շնորհաւոր մայիսի 28»:

Leave a Comment