Լրանում է խորհրդրարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ շաբաթը։ Քաղաքական 18 ուժեր շարունակում են ներկայացնել իրենց նախընտարական ծրագրերը, հեռակա բանավիճել, դեմ առ դեմ կամ առցանց շփվել ընտրողների հետ։ Ինչպե՞ս ու ի՞նչ խոստումներով են ամփոփել ուժերը նախընտրական անցնող շաբաթը։
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկուկես ժամ խոսեց ոչ այնքան նախընտրական ծրագրերի, որքան իր կառավարման տարիների, 44-օրյա պատերազմի ու դրա հանգամանքների, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մասին։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ 2020-ին պատերազմ եղավ, որովհետև Հայաստանը դա հրահրեց․
«Ես այդ հարցը մեկ հեռախոսազանգով կլուծեի։ Ընդհանրապես, ես լինեի՝ այս պատերազմը չէր էլ լինի, որովհետև դա հրահրվեց Հայաստանի կողմից, չեմ կասկածում։ Ամեն ինչ արեցինք, որ պատերազմը դառնա անխուսափելի»։
Քոչարյանը Հայաստանի կառավարությանը մեղադրեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու և տնտեսական սահմանափակումների համար։ Կարծիք հայտնեց, որ եթե խորդհրդարանը չվավավերացներ «Հայաստանի Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրինագիծը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիներին չակտիվանար ԵՄ-ի հետ ակտիվ համագործակցության բաղադրիչը, Ռուսաստանի ղեկավարությունը նման սահմանափակումների չէր գնա․
«Եվրամիության տարբեր երկրների առաջնորդները հայտարարում են, որ պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ, ուղղակի ասում են դա, բացահայտ։ Հիմա Ռուսաստանը ասում է հետևյալը՝ դուք, եթե գնում եք դեպի Եվրոպա, որը մեր հետ պատերազմի մեջ է, ուկրաինական պրոքսիների միջոցով, դուք չեք կարող օգտվել այն արտոնյալ ռեժիմներով առևտրից, որը մենք սահմանել ենք բարեկամ երկրի համար։ Սա է իրենց տրամաբանությունը։ Նույնը անում է Միացյալ Նահանգները»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի երրորդ շաբաթն ամփոփում է հայրենի Տավուշի գյուղերում։ Նա ևս խոսել է արտաքին քաղաքականության, «ԹՐԻՓՓ» նախագծի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 28-ի գրառման մասին։ Այդ գրառումով Թրամփը աջակցություն էր հայտնել Փաշինյանին՝ առաջիկա ընտրություններում․
«Եթե դուք նկատել եք, նախագահի գրառման մեջ կա ռազմավարական նախագիծը, որ իրականացնելու ենք։ Հայաստանը դառնում է, այդ թվում, էներգակիրների տարանցման երկիր։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է միլիարդավոր դոլարների ներհոսք Հայաստանի Հանրապետություն» ։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը դառնալու է արևելք-արևմուտք ճանապարհի ամենակարևոր խաչմերուկներից մեկը, հետևաբար, ստանալու է տնտեսական մեծ օգուտներ, զարգացնելու է ենթակառուցվածքները, ինչի հետևանքով էլ էականորեն բարձրանալու է բարեկեցեության մակարդակը․
«Հիմա մենք հակամարտության փակուղուց դառնում ենք խաղաղության խաչմերուկ, և պարզվում է, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության հյուսիսով՝ Տավուշի մարզում, Լոռու մարզում, Շիրակի մարզում, և մենք առաջիկա տարվա ընթացքում հստակ այդ ամենակարճ ճանապարհը պիտի գծենք»։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչները շաբաթն ամփոփում են Գյումրիում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Գևորգ Կարապետյանը հայտարարում է՝ իշխանության գալու դեպքում համագործակցելու են և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ․
«Մենք կողմ ենք երկկողմանի հարաբերություններին ավելի շատ, որովհետև շատերը շեշտում են՝ ԵԱՏՄ կամ Եվրամիություն, բայց տեսեք՝ մենք ունենք Եվրամիության հետ «CEPA»-ն, որը չի գործել, բայց արդեն քննարկված, խորհրդարաններով հաստատված, պատրաստի է, կարելի է ասել, ուղղակի, պետք է գործի գցել ընդամենը։ ԵԱՏՄ-ի մասով խոստովանենք, որ մենք Ռուսաստանի հետ երկկողմանի ավելի շատ պայմանագրեր ունենք։ Օրինակ, դիցուք ուզբեկական գյուղմթերքը ավելի լայն տարածում ունի ռուսական շուկայում, քան մենք՝ որպես ԵԱՏՄ երկիր։ Ինքը ԵԱՏՄ կազմում չի, բայց իր գյուղմթերքը ավելի անխոչընդոտ, ավելի դյուրին է վաճառվում ռուսական շուկայում, քան ԵԱՏՄ երկրինը»
Այս ուժի նախընտրական խոստումներից առանցքայինը «ազգ-բանակ» հայեցակարգն է․
«Եթե ուշադիր լինեք, արդեն 8 տարի շարունակ հիմնական մեր առաջարկներից այդ դրույթը չի փոխվել, որովհետև մենք հանդես ենք գալիս երկար տարիներ շարունակ, որպես հակահամաճարակային քաղաքական ուժ, միավորում, բևեռ, և նոր որակի ազգի խոսույթը դեռևս ձևավորվել է 2012-ից սկսած։ Իր մեջ ինքը բազմաթիվ դրույթներ, բազմաթիվ բաղադրիչներ է պարունակում, դրանցից առավել արտահայտիչը, ավելի երևացողը, այս վերջին շրջանում մենք շատ ենք շեշտում «ազգ- բանակ» պաշտպանական համակարգն է»։
«Հայ ազային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, որ քարոզարշավի առաջին օրերին նախընտրում էր խոսել ընտրողների հետ առցանց ու էկրանից ներկայացնել նախընտրական ծրագրերը, վերջին օրերին կարճ հոլովակներով կիսվում է քաղաքացիների հետ դեմ առ դեմ շփվելու դրվագներով․
« -Ճանաչո՞ւմ եք։ Վարչապետի թեկնածուն եմ Հայ ազգային կոնգրեսի։
-Կանցնե՞ք։
-Եթե քվեարկեք, եթե զինեք մեզ ձեր ձայնով, ամեն ինչ լավ կլինի»։
Հայ ազգային կոնգրեսի կարգախոսն է «Խելամիտ ուղի Հայաստանի համար», նախընտրական խոստումներից է երկարաժամկետ խաղաղության հաստատումը՝ ԹՐԻՓ գումարած ԲՐԻԿՍ ծրագրի իրագործումով։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ևս սոցցանցերով ու դեմ առ դեմ շփումներով է քարոզչություն անում։ Վերջին օրերին խոսում է հատկապես արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին․
«Այս շատ վատ ու մեզ համար վտանգավոր իրավիճակը ինչի՞ հետևանք է, նրա, որ այսքան շատ կախված ենք մի պետությունից՝ Ռուսաստանից։ Ասել եմ, զգուշացրել եմ, որ Ռուսաստանը մեզ չի նայում որպես հավասար գործընկերոջ, այլ որպես իրենից կախված պետություն, և մեր այս զգայուն տնտեսության կետերի վրայով անցնելով, նման արգելքներ մի օր կիրառելու էր իր շահերի համար տարբեր քաղաքական խաղերից ելնելով, բայց արդյունքում ի՞նչ է լինում, տուժում է մեր գյուղացին ու գործարարը»։
Եվ մինչ շարունակվում է Հայաստանի հետագա ճակատագրի քննարկումներով, Եվրոպա թե Ռուսաստան ընտրության բանավեճով, տնտեսության զարգացման ու անվտանգության մասին խոստումներով ընտրարշավը, «Բոլորին դեմ եմ» կուսակցության «սարդմարդը» Վանաձորի փողոցներոում «բազմոց է քշում»։
Քվեարկեք «Բոլորին դեմ եմ»-ի օգտին։
Եթե հոգնել եք քաղաքական բոլոր գործիչներից, չեք հավատում ոչ մեկի խոսքին՝ քվեարկեք համար երկրորդի՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցության օգտին՝ հնչում է բարձրախոսից։ Այս ուժի նախընտրական միակ խոստումը 100 օրով կառավարություն ստեղծելը, խորհրդարան անցնելու նվազագույն շեմը իջեցնելն ու 10 տարով քաղաքական արձակուրդ գնալն է։