Տղամարդը «Պիատո» ռեստորանին պատճառել է ընդհանուր 637.000 ՀՀ դրամի վնաս:

2026 թվականի մայիսի 29-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել «Պիատո» ռեստորանից գույքի և դրամական միջոցների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Գործը նույն օրը մակագրվել է Տիգրան Ոսկանյանին։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Դեպքի հանգամանքները

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2026 թվականի ապրիլի 08-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում,Հ.Թ-ի կողմից վարվող «Օպել» մակնիշի X հաշվառման համարանիշի տաքսի ավտոմեքենայով որպես ուղևոր, այցելել է Երևան քաղաքի X հասցեում տեղակայված «Պիատո» ռեստորանի տարածք, ռեստորանի պահեստի դռան կողմից փորձել մուտք գործել, սակայն անհաջողության մատնվելով դռան դիմաց գտնվող ձողերից մեկը վերցնելով բարձրացել է կողային մուտքի մոտ և մի քանի րոպե փորձելուց հետո կարողացել վերոգրյալ ձողով բացել մուտքի դուռը և մուտք գործել ռեստորանի տարածք, մոտեցել է բառին, որտեղ գտնվող սեղանի վրայից հափշտակել է շուրջ 110.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi pad 7 black պլանշետը և դրամարկղում առկա 45.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև մոտեցել է բառից աջ գտնվող հատվածին և հափշտակել շուրջ 200.000 ՀՀ դրամ արժողությամբ «Dell inspiron 16» արժողությամբ նոութբուքը, շարժվելով դեպի նկուղային հատված, մուտք է գործել առկա սենյակներից մեկը, որտեղից հափշտակել է շուրջ 140.000 ՀՀ դրամ արժողությամբ «Asus Vivobook 14» նոութբուքը և դրամարկղում առկա 47,000 ՀՀ դրամ գումարը, հաջորդիվ բարձրացել է դեպի բառ, մոտեցել դրամարկղին և դրա տակ գտնվող մեկ այլ տուփ բացելով հափշտակել 95.000 ՀՀ դրամ գումարը, դրանք տեղափոխել է վերոնշյալ ավտոմեքենա և սույն առարկաները գործով չպարզված օրը վաճառել ինքնությունը չպարզված անձի, այսպիսով «Պիատո Գաստրո» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 637.000 ՀՀ դրամի վնաս:

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 254-րդ 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Leave a Comment