Երազանք քարերի միջոցով․ ինչպե՞ս Ջերմուկը դարձավ շախտամային քաղաք

Հայաստանի շախմատի ակադեմիան, «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրի և «Լիդիան Արմենիա» ընկերության հովանավորությամբ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2026» միջազգային մրցաշար է հայտարարել։ Այն անցկացվում է մայիսի 28–ից հունիսի 6–ը։ Մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ վարկանիշով աշխարհի լավագույն 100–յակ ընդգրկված տասը գրոսմայստերներ։ ՖԻԴԵ կանոնների համաձայն՝ մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ ինը խաղափուլով։ Մասնակիցների աշխարհագրությունը մեծ է՝ Հայաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան։ Մրցանակային ֆոնդը ավելի քան 10 մլն դրամ է կամ շուրջ 26 հզր դոլար։

Խաղատախտակից՝ հրապարակ, լռությունից՝ շարժում։ Ջերմուկն առաջիկա օրերին կդառնա շախմատային մտքի կենտրոն։ Մինչև այդ, առողջարանային այս քաղաքում շախմատի քարերը դուրս են գալիս խաղատախտակներից ու խոսում պարի լեզվով։ Բայց միայն այս անգամ ու կարճ ժամանակով․․․․ Նրանք արդեն վերադարձել են խաղատախտակ։ Առաջիկա յոթ օրերին Ջերմուկում առողջարանային մթնոլորտին զուգահեռ նաև  մարզական լարված պայքարի ու հաղթանակների օրեր են լինելու։ Ջերմուկում սկսվել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարը։  Իսկ ամեն ինչ սկսվեց 2005 թվականին՝ Ստեփան Ավագյանի ու Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ, երբ առաջին անգամ անցկացվեց շախմատի միջազգային մանկապատանեկան առաջնությունը։ Ու այդպես՝ մինչև 2014 թվականը։

 Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը պատմում է

«Ուրախ եմ, որ Ջերմուկը դառնում է աշխարհում ճանաչված շախմատային քաղաք։ Դա մեր՝  իմ ու պարոն Ավագյանի երազանքն էր։ Երբ 20 տարի առաջ շրջում էինք Ջերմուկում, մտածում էինք, որ այս քաղաքը համապատասխանում է, որ լինի շախմատի համար կարևոր քաղաք։ Եվ դա իրականանում է, քանի որ արդեն 20 տարի է՝ անցկացնում ենք այս բարձրակարգ մրցաշարը»։

Ստեփան Ավագյանը «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրի գլխավոր բժշիկն ու տնօրենն էր։ Նա ընդգծված սեր ուներ  շախմատի նկատմամբ , և այդ սերը 2004 թվականին նրան դարձրեց Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ:  Ստեփան Ավագյանի մահից հետո Շախմատի ֆեդերացիան որոշում է միջազգային մրցաշարը կոչել Ստեփան Ավագյանի անունով։ Դրանից հետո ամեն տարի, անգամ 2020 թ–ին ՝ համավարակի օրերին, այն տեղի է ունեցել։ Հենց այդ տարի մեծահասակների մրցաշար անցկացվեց։ Դրանից հետո՝ 2020–ից տարեկան երկու մրցաշար է անցկացվում՝ մանկապատանեկան, որը այս տարի մինչև 500 մասնակից է ունեցել, և մեծահասակների՝ միջազգային։

Կարեն Ավագյանը՝ Ստեփան Ավագյանի որդին  ընդգծում է․  

«Շախմատային օրացույցում համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Այս մրցաշարերի անցկացումը ի սկզբանե եղել է  Ջերմուկը դարձնել ոչ միայն առողջարանային, այլ նաև շախմատային քաղաք, դա իրեն հաջողվել է։

Հուշամրցաշարի կազմակերպմանն այս տարի միացել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Սա ընկերության սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից է։ Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ընդգծում է՝ շախմատը կարևոր է այս տարածաշրջանի համար։  

«Այս տարի մենք որոշեցինք լինել հիմնական հովանավորների մեջ։ Քանի որ «Լիդիան Արմենիան»  նպաստում է շրջակա համայնքների կրթությանը, սպորտի զարգացմանը, սա նաև մեկ առիթ էր համագործակցելու շախմատի աշխարհում կարևոր այս միջոցառմանը։ Սա նաև սոցիալական պատասխանատվության մեր ծրագրերից է, ունենք կրթություն, գիտություն, սա մարզականին վերաբերող սոցիալական ծրագրերից է»։

Հունիսի 1–ին՝ երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ ոչ միայն Ջերմուկի, այլև շրջակա բնակավայրերի երեխաների համար մրցաշար կանցկացնեն, իսկ մինչև այդ, մրցաշարին կմասնակցեն նաև Լիդիան Արմենիայի աշխատակիցները։

Յոթ օր աշխարհի լավագույն շախմատիստներից տասը Ջերմուկում կմասնակցեն  մրցաշարին։   Շանթ Սարգսյան  միջազգային գրոսմաստեր  է

«Ամեն տարի էլ պայքարը շատ բարդ է լինում, միշտ աշխարհի ուժեղագույններն են մասնակցում։ Ես հինգերոդ տարին է, որ  մասնակցում եմ։   Սա շատ կարևոր մրցաշար է՝ խաղալու իրար հետ, նաև փորձով կիսվելու։ հայաստանի համար մեծ իրադարձություն է։

ՖԻԴԵ–ի կանոնների համաձայն մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով ։ Մասնակիցների աշխարհագրությւոնը մեծ է՝ Հայաստան , ԱՄՆ, Հնդկաստան, Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան։ Մրցանակային ֆոնդը ավելի քան 10 մլն դրամ է, կամ շուրջ 26 հազար դոլար;

Առաջիկա յոթ օրերին Ջերմուկը  մտքի ու կամքի կենտրոն է լինելու։  Եվ մինչ գրոսմայստերները հերթական քայլերով կձգտեն մոտենալ հաղթանակին, քաղաքը կշարունակի իր առօրյա հանգիստ ռիթմը՝ վկա լինելով, թե ինչպես են ծնվում շախմատային նոր լեգենդները։ Ստեփան Ավագյանի երազանքն այստեղ ոչ միայն ապրում է, այլև շնչում շախմատային յուրաքանչյուր քայլի հետ։

Leave a Comment