Էրդողանի կուսակցությունը քննարկում է արտահերթ ընտրությունների հարցը. ԶԼՄ

Թուրքիայի իշխող կուսակցությունում քննարկում են ընթացիկ տարվա նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նրանց փոխանցմամբ՝ իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների մի մասը կարծում է, որ առանց մակրոտնտեսական ցուցանիշների զգալի բարելավման ընտրությունների անցկացումը կարող է ռիսկային լինել։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայումս քննարկվում է բնակչության որոշակի խմբերի աշխատավարձերի և թոշակառուների վճարների բարձրացման հարցը։ Առաջարկվող միջոցառումների արդյունավետությունը նախատեսվում է գնահատել հարցումների միջոցով։

Թուրքիայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականին։ Երկրի օրենսդրության համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող մասնակցել դրանց, սակայն նա հնարավորություն ունի փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ կամ անցկացնել արտահերթ ընտրություններ։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միաժամանակ՝ հինգ տարին մեկ անգամ։ Վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2023 թվականին, իսկ հաջորդը նախատեսված է 2028 թվականին, երբ երկրի քաղաքացիները կընտրեն նախագահին և Ազգային մեծ ժողովի կազմը։ Չնայած երկրում պարբերաբար քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը՝ պաշտոնական ընտրական փուլն առայժմ մնում է անփոփոխ։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) նկատմամբ ճնշումների և դրա ներկայացուցիչ, Բուրսայի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյի ձերբակալության մասին։ Նա և գործով անցնող ևս 54 կասկածյալ ձերբակալվել էին հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և կաշառակերության կասկածանքով։

Ամենաաղմկահարույց գործը Թուրքիայում դարձել էր Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Իմամօղլուն հետապնդումն անվանել էր քաղաքականապես մոտիվացված, քանի որ նա համարվում էր 2028 թվականի ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը։

Leave a Comment