«Մեր նպատակն ընդդիմությունը փոխելն է». Արման Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցությունը, ի տարբերություն այլ ուժերի, ոչ թե իշխանափոխություն է պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն: Կուսակցությունը ձգտում է ձայն ունենալ խորհրդարանում, որպեսզի ընդդիմությունը վերադարձնի ժողովրդին:

 «Հանուն Հանրապետության» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի նպատակը մեկն է՝ նոր ձևավորվող խորհրդարանում ունենալ որակյալ ընդդիմություն։

«Ընդդիմությունը վերադարձնենք ժողովրդին. ես ցուցակը գլխավորում եմ, բայց վարչապետի թեկնածու չեմ։ Մենք նպատակ ունենք փոխելու ընդդիմությունը, քանի որ կարծում ենք՝ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»։

Բաբաջանյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը լուծումն կտա երկրի անվտանգությանը, խաղաղությանը, միջազգային պայմանավորվածություններին, դիվանագիտությանն ու բանակին առնչվող խմդիրներին։

«Նայելով ապագային և չմոռանալով անցյալը՝ պետք է կառավարելի մակարդակի հասցնենք մեր հարաբերությունները և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի, և՛ Վրաստանի հետ։ Անհրաժեշտ է ունենալ այնպիսի դաշնակիցներ, որոնք կարող են ազդել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, օրինակ՝ Հունաստանը, արաբական աշխարհը։ Թուրքիան նույնպես խոցելի երկիր է. այն պետք է վախենա ոչ միայն մեզանից, այլև ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններից, օրինակ՝ Ֆրանսիայից»:

Ըստ Արման Բաբաջանյանի՝ պետք է ստեղծել դաշնակիցների այնպիսի շրջանակ, որն էապես կմեծացնի Հայաստանի կշիռը։ Դրան զուգահեռ՝ Հայաստանը պետք է հզորացնի տնտեսությունը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ծրագրային դրույթներում անդրադարձ է կատարվել նաև ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների վերադարձի տարիքային շեմին։

«Ավանդների վերադարձի շեմը պետք է նվազեցնել 10 տարով, որպեսզի այս տարի վճարումներ ստանան մինչև 1954 թվականին ծնված մեր քաղաքացիները, ոչ թե մինչև 1944 թվականին ծնվածները։ Պետությունը չի կարող հույսը դնել նրա վրա, որ ժամանակը կլուծի խնդիրը. պետությունը պարտավոր է վճարել։ Իսկ եթե ավանդատուն կյանքի ընթացքում չի հասցրել ստանալ իր գումարը, այդ իրավունքը պետք է փոխանցվի ժառանգներին»։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակով և «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

Leave a Comment