
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին, թեև գրեթե ամեն օր Հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում, քրեական գործեր հարուցում ու կուսակցության պատասխանատուների կալանավորում՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։
Նարեկ Կարապետյանը, որն առաջնորդում է կուսակցության ընտրական ցուցակն ու քարոզարշավը, այսօր պնդեց, թե իրավապահների հրապարակումները կեղծված են, մոնտաժված։ Ասում է՝ փաստաբաններն իրավապահներից պահանջել են ամբողջական ձայնագրությունները։
«Կարող եք վստահ լինել, որ եթե ամբողջ ձայնագրությունը լինի, դեպքերի 99%-ը, ուղղակի, մարդկանց մոտ տպավորություն թողնելու դեպքեր են։ Ես լսել եմ մի 5-6 ձայնագրություն, դրանից հետո չեմ լսում, ճիշտը որ ասեմ… Բոլոր ուղղություններով մենք դիմել ենք, իրենք ասում են, որ դիմել են, որ ունենան ամբողջ ձայնագրությունը, դա մարդկանց աչքերը կբացի։ Իրենք հիմնական փորձում են մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ այդպիսի բան կարող է լինել»։
Հակակոռուպցիոնի այսօրվա հերթական հրապարակման մեջ տղամարդիկ խոսում են ինչ-որ գումարի խոստման մասին։ Անուններ են տալիս, հետո մեկ այլ խոսակցության մեջ հանդիմանում, թե ինչու են ոմն Տիգրանին գումար տալու մասին հեռախոսով խոսում։
Մի քանի օր առաջ մեկ այլ հրապարակման մեջ կուսակցության՝ ենթադրաբար Ալավերդու պատասխանատուներն էին խոսում ու նշում ակտիվիստներին ու պատասխանատուներին վճարելու մասին։
Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վանաձորի նախկին համայնքապետ, կոռուպցիոն մեղադրանքներով քրեական հետապնդման ենթարկված Մամիկոն Ասլանյանը պնդեց՝ իրավապահները չեն տարբերում աշխատավարձը՝ ընտրակաշառքից։
«Բայց ինչի՞ գումարի չափ է նշում… Մարդիկ՝ աշխատողներ են… Բոլոր ժամանակներում, կներեք, կան կամավորներ, որոնք որ ձրի են աշխատում՝ իրանց կամքով, կան մարդիկ, ովքեր որ ձևավորվում են համապատասխան շտաբային աշխատակազմ, չէ՞, ակտիվիստներ, պատասխանատուներ…»։
«Ազատության» դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, հաղորդագրություններում ընտրակաշառքի էլեմենտներ են լինում, Մամիկոն Ասլանյանը պատասխանել է. «Բացարձակ, ընտրակաշառքի էլեմենտ չկա։ Ընտրակաշառքի էլեմենտը նրա համար է, երբ որ դուք մարդուն վճարում եք, որպեսզի նա ընտրության գնա, եթե դուք մարդուն վճարում եք, որ նա աշխատանքներ տանի, դրա ընտրակաշառքը ո՞րն է»։