ԿԸՀ-ն Անդրանիկ Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից

9 ժամ տևած դռնփակ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Սա նշանակում է, որ իրավապահները կարող են քրեական հետապնդում սկսել պատգամավորի թեկնածուի նկատմամբ։

Դատախազության փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

Երկու օր առաջ հանրահավաքի ամբիոնից վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե ԱԱԾ-ն պատրաստվում է Թևանյանի հարցով հաղորդում ուղարկել, երեկ արդեն նյութերը Քննչականի սեղանին էին, պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով վարույթն էլ չուշացավ։

Թևանյանը չի ընդունում քննիչների ու վարչապետի պնդումները, թե ինքը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել:

Մինչդեռ Քննչականը հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment