Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբկարյանը 2026 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է բուռն ծափահարությունների՝ Շառլ դը Գոլի մարմնավորման համար «La Bataille de Gaulle» («Դը Գոլի ճակատամարտը») ֆիլմում։ Ինչպես հայտնում է Zartonk media-ն, Ֆիլմը համարվում է ֆրանսիական Pathé կինոստուդիայի ամենահավակնոտ նախագծերից մեկը։
Երկու մասից բաղկացած պատերազմական էպոսի առաջին մասը՝ «La Bataille de Gaulle: L’Âge de Fer»-ը, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Կաննի կինոփառատոնում, մրցույթից դուրս ցուցադրության շրջանակում։
Ֆիլմի ռեժիսորը Անտոնեն Բոդրին է։ Պատմական դրաման ներկայացնում է Շառլ դը Գոլի վերելքը՝ քիչ հայտնի ֆրանսիական բանակի սպայից մինչև Ազատ Ֆրանսիայի առաջնորդ։ Սյուժեն սկսվում է 1940 թվականի հունիսից, երբ Ֆրանսիան զինադադար է կնքում, իսկ դը Գոլը մեկնում է Լոնդոն՝ շարունակելու պայքարը նացիստական Գերմանիայի դեմ։
Ֆիլմում ներկայացվում են նաև դը Գոլի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ, որի դերը մարմնավորում է բրիտանացի դերասան Սայմոն Ռասել Բիլը։
Դերասանական կազմում ընդգրկված են նաև Բենուա Մաժիմելը, Մաթյո Կասովիցը, Նիլս Շնայդերը և Անամարիա Վարտոլոմեյը։ Բրիտանացի պատմաբան Ջուլիան Ջեքսոնի «De Gaulle, Une certaine idée de la France» գրքի հիման վրա ստեղծված ֆիլմի բյուջեն կազմել է 70 միլիոն եվրո։
Առաջին մասը ֆրանսիական կինոթատրոններում կցուցադրվի հունիսի 3-ից, երկրորդ մասը՝ հուլիսի 3-ից։
Սիմոն Աբկարյանը խաղացել է նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում։