
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն այսօր էլ հերքեց, որ ռուսական հատուկ ծառայության աշխատակից է:
«Ես, 33 տարի ապրելով Ռուսաստանում, երևի միակ մարդն եմ, որ ոչ մի հատ ФСБ-շնիկ չեմ տեսել»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Ռուսական The Insider կայքն էր փաստաթուղթ հրապարակել, ըստ որի՝ ընդդիմադիր ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում նրա աշխատանքի վայրը նշված է «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տեղեկատվական կենտրոն»: Իշխանությունն այս տեղեկությունն ակտիվորեն տարածում է: Չնայած Կարապետյանը տեղեկությունը հերքեց, բայց էլի չհստակեցրեց՝ արդյո՞ք դատի տալու է:
«Փաստաբաններն ամեն ինչ կանեն»,- ասաց Կարապետյանը:
Ծրագիր ունենք՝ ծառայությունը հասցնել մեկ տարվա. Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդն այսր հայտարարեց, որ ծրագիր ունեն՝ զարգացնելով, վերազինելով բանակը՝ ժամկետային ծառայությունը հասցնեն մեկ տարվա:
«Ընդամենը մեկ տարվա ընթացքում հասնելու ենք դրան»,- պատասխանելով իշխանությունից հնչող հայտարարություններին, թե իշխանության գալու դեպքում Կարապետյանի թիմը ժամկետային զինծառայությունը կրկին 2 տարի է մտադիր դարձնել, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը երաշխավորում է՝ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի, Սամվել Կարապետյանն ասաց. «Ինչո՞վ է երաշխավորում. ինքը երաշխավորեց Արցախին, տեսանք՝ ինչ եղավ Արցախի հետ, հրաժարվեց Արցախից, 2020-ից հետո Հայաստանի իշխանությունը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի մասով ոչ մի որոշման չեն մասնակցում, իրենք ունեն շեֆ, շեֆն ինչ որոշվում է, դա իրագործում է, իրենք մեր երկիրը հայաթափելու գործիքներ են»:
Արժե՞ մեկ մարդու համար փոխել սահմանադրությունը
«Մենք չենք փոխում Սահմանդրությունը, մենք փոխում ենք Սահմանադրության մեկ հոդված, որը ԱԺ-ով՝ մեկ քվեարկումով, փոխվում է: Դա չի արվում ինձ համար, դա արվում է այն 7 միլիոն հայերի համար, ում զրկել են իրենց երկրի կյանքին մասնակցելու իրավունքից՝ վախենալով դրսի մարդկանց հնարավորություններից, իրենք փակել են երկիրն ամբողջ սփյուռքի առաջ: Դրանից կարող են օգտվել բոլորը՝ կարող են դառնալ նախարարներ»,- Սամվել Կարապետյանն այսօր այսպես պատասխանեց քննադատությանը, թե արժե՞ մեկ մարդու համար փոխել Սահմանադրությունը:
Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ին իշխանություն հենց իրենք են լինելու: Եվ չնայած սահմանադրական արգելքին, որ երկքաղաքացիները չեն կարող լինել, հայտարարում են՝ հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է:
Առանց երաշխավորների խաղաղություն չի լինի. Կարապետյան
Մենք այս նվաստացած վիճակից շատ արագ ենք դուրս գալու, առանց երաշխավորների հայ-ադրբեջանական խաղաղություն չի լինի, հայտարարում է Սամվել Կարապետյանը:
«Մի օր Ալիևը զարթնեց ու հիշեց «Գյոկչայի» մասին, ի՞նչ ենք անելու, հավատալո՞ւ ենք Փաշինյանի երդումներին: Խաղաղության մեր բանաձևն ուժեղ դիվանագիտությունն է: Վերականգնել մեր հարաբերությունը մեր դաշնակից երկրների հետ, ուժեղացնել մեր հարաբերությունը մյուս գերտերությունների հետ: Պետք է ունենանք վստահելի հարաբերություններ, փոքր երկիր ենք»,- ասաց Կարապետյանը:
Ընդդիմադիր ուժի առաջնորդը նշեց, թե լինելու են կոնկրետ պայմանագրեր, որտեղ պետությունները երաշխավորելու են Հայաստանի անվտանգությունը:
Պետությունների անուններ չտալով՝ Կարապետյանն ասաց՝ հասկանում են՝ որ պետությունը, չեն ուզում բարձրաձայնել, տարածաշրջանային կարևոր պետություններ են լինելու:
«Եթե ԱՄՆ-ը կուզի ինքն էլ բարձրանա երաշխավորի աստիճանի, մենք միայն ուրախ կլինենք, նույնը՝ ԵՄ-ն: Մենք չենք թողնելու երկիրը Փաշինյանի ու Ալիևի հույսին:
Այսօրվա իշխանությունը, ըստ Սամվել Կարապետյանի, ամեն մի կողմից մյուսն է թռչում՝ իշխանությունը պահելու, Ալիևի նարատիվները Հայաստան մտցնելու համար»,- ասաց Կարապետյանը: