Իշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողությունների

Ռուսաստանից հնչած հայտարարություններից իշխող քաղաքական ուժը, ըստ պնդումների, շատ անհանգստացած չէ:

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները, և դուք կտեսնեք մեր ժողովրդի քվեն, և դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն», հայտարարում է Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդում երեկ Հայաստանին հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության վերջերս ձեռնարկվող քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրելով Հայաստանի եվրոպական ձգտումները:

Նույն նախազգուշացումը երեկ էլ է հնչել. «ԵՄ ու ԵՏՄ-ն անհամատեղելի են»։ Ինչպես Շոյգուն է ձևակերպել՝ «Հայաստանը ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային և առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում»։

Շոյգուն կոնկրետ առարկությունների կողքին նաև հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, որ թե արտահանման, թե ներմուծման ծավալներով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, Մոսկվան Երևանին գազը վաճառում է շուկայականից 3 անգամ ցածր գնով, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքը և բենզինը՝ արտոնյալ պայմաններով:

«Ի վերջո փոխշահավետ է այդ համագործակցությունը», հակադարձում է Հայաստանի իշխանությունը։ Մասնավորապես արտաքին գործերի նախարարը նշում է՝ Ռուսաստանից ապրանքները Հայաստանը ձրի չի ստանում.

«Մենք կարծում ենք, որ էդ գործընկերությունը նորմալ կշարունակվի, և մենք աշխատում ենք էդ ուղղությամբ, որ նորմալ ամեն ինչ շարունակվի»։

Հայաստանի կառավարությունը «պլան Բ» ունի՞, եթե ռուսական կողմը գնա կոնկրետ գործողությունների՝ բարդացնի ցորենի մուտքը Հայաստան, կամ գազը թանկացնի:

Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը՝ Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է՝ Ռուսաստանը չի գնա կտրուկ գործողությունների:

«Բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չունենա»։

Վարչապետ Փաշինյանը, ըստ ԱԺ նախագահի, ռուսական կողմի այս կոշտ հայտարարությունների ֆոնին էլ որոշումը չի փոխի և չի մեկնի Աստանա, որտեղ մայիսի 28-29-ին կկայանա ԵՏՄ առաջնորդների հավաքը:

«Չէ, ի՞նչ պիտի գնա… Մենք քարոզարշավի մեջ ենք, դա քաղաքական որոշում մի՛ որակեք, վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին բացատրել է, որ մենք… Դուք տեսնում եք, ամեն օր առավոտյան ժամը 7-ից վարչապետը արևահարված, փողոցներում է», արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հաստատել է՝ Հայաստանից պաշտոնապես տեղեկացրել են՝ Փաշինյանը չի մեկնի Աստանա, որտեղ Մոսկվայից հնչող հայտարարությունների համաձայն ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցն է քննարկվելու, նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment