
ԵՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը, իսկ Երևանի օրակարգում, ըստ նրա, այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա:
Միրզոյանն այսօր պնդում էր, որ ինքն էլ չի հասկանում՝ ի՞նչ նկատի ուներ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ երեկ ասում էր՝ մայիսի վերջին Աստանայում ծրագրված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նա7 կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:
Միրզոյանից «Ազատությունն» այսօր հետաքրքրվել է՝ Երևանը տեղեկացվա՞ծ է՝ հնարավո՞ր է միությունը լքելու հարց դրվի:
«Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ: Խոսել միշտ կարող են, մենք էլ միշտ կարող ենք մասնակցել ցանկացած թեմայով խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չի, հետևաբար այդ քննարկումը շատ սիրողական կամ փիլիսոփայական բնույթ կարող է կրել: Եթե որևէ մեկը հարց ունի, կարող ենք քննարկել, ոչ մի խնդիր չեմ տեսնում», – պատասխանեց ԱԳ նախարարը:
Միրզոյանն այսօր ԵՏՄ կանոնադրությանն էր հղում անում. դրանով, ասում է, նախատեսված չէ, որ անդամ երկրները կարող են դիտարկել մեկի լիարժեք անդամ չլինելու հարցը:
«Բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն և կազմակերպության անդամությունից որևէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չի», – ընդգծեց Արարատ Միրզոյանը:
Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել:
Հայ-ռուսական լարվածության շրջանում հայ գործարարները կամ բեռնափոխադրողները պարբերաբար ահազանգում են արտահանման դժվարությունների մասին: Ավելին՝ Կրեմլում Փաշինյանին ընդունած Պուտինն անձամբ էր հիշեցրել, որ Ռուսաստանը Հայաստանին գազը ցածր գնով է վաճառում:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները մոտ են, դաշնակցային, բայց միևնույն ժամանակ ոչ պարզ՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին ԱՊՀ որոշ այլ անդամների հետքերով նորից ենթարկեցնել իրեն, խզել Հայաստանի հետ փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերն ԱՊՀ-ի ու Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ», – ասել է Պուտինը:
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև արագ ընտրություն կատարելու կոչերը հաճախակիացան Հայաստանում Եվրամիության բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մայիսին անցկացված երկու գագաթնաժողովներից հետո: Մեկին նաև Ուկրաինայի նախագահն էր մասնակցում, ինչի դեմ անթաքույց դժգոհեց պաշտոնական Մոսկվան:
Մոսկվայից պնդում են՝ «երկու աթոռին միաժամանակ հնարավոր չէ նստել». «Հայկական կողմը հայտարարում է, որ նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր»:
Վերջինը Ռուսաստանի կառավարությունում ԵՏՄ-ի հարցերով զբաղվող փոխվարչապետ Օվերչուկի կողմնորոշվելու կոչն էր՝ զուգորդված Հայաստանի կարգավիճակի հարցի քննարկման անոնսով:
Երևանից նույն պատասխան է հնչում՝ ԵՏՄ-ից չեն պատրաստվում դուրս գալ, ԵՄ-ի հետ հարաբերությունները կշարունակեն խորացնել, երբ գա ընտրության պահը, կհայտարարեն: Իսկ վարչապետ Փաշինյանն այսօր և՛ բողոքեց ընդդիմադիրների շարքերում ռուսական հատուկ ծառայության գործակալներից, և՛ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողությունների չեն գնալու, հակառակը հարաբերությունները խորացնելու են: Երեկ ասում էր՝ «գործակալներին Հայաստան ուղարկելն այդքան էլ գործընկերային չէ»:
«Ռուսաստանի դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ բառիս բուն իմաստով: Այս ընթացքում մենք մոտ 200, հիմա թիվը կարող է մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել: Ռուսաստանը գերտերություն է և Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում: Ես այդպես էլ վերաբերվում եմ, ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և Ռուսաստանի կառավարության ղեկավարին: Բայց ես իրենց մի բան եմ ասում եմ, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի», – հայտարարեց Փաշինյանը:
Ռուսաստանի փոխվարչապետի բազմանշանակ հայտարարության ֆոնին, թե Աստանայում ԵՏՄ ղեկավարները Հայաստանի կարգավիճակի հարցն են քննարկելու, արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի կարծում, թե վարչապետ Փաշինյանը որոշումը կփոխվի ու, այնուամենայնիվ, ինքը կգնա Ղազախստան:
Քարոզարշավի համար արձակուրդ վերցրած վարչապետն ասել էր՝ իր փոխարեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: