Insider-ը պնդում է Սամվել Կարապետյանի՝ ФСБ աշխատակից լինելը․ Կարապետյանը հորդորում է անտեսել

Այսօր Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստն է կայացել։  Կարապետյանին ոստիկանական մեքենաներով բերել են դատարան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանն այդ ընթացքում  լրագրողների հարցերին ի պատասխան հակիրճ անդրադարձել է իր անձնագրային գործում ФСБ-ի առկայության մասին հրապարակմանը, որը քաղաքական բուռն քննարկումներ է առաջացրել։

Ռուսական The Insider պարբերականի «Բռնել «Մորուքից»».  Որ գործակալներն են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» վերնագրով աղմկահարույց հրապարակման մեջ  նշված է․ «1999 թվականին Կարապետյանը Կալուգայում ստացել է արտասահմանյան անձնագիր, և, ըստ  արտահոսած տվյալների, նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» բաժնում ռուսերենով նշված է եղել  «ИЦ ФСБ»՝ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»։

Պարբերականի ձևակերպմամբ՝ այդ նշումը նշանակում է, որ տվյալ անձին ստուգելու դեպքում նախ անհրաժեշտ է դիմել ԱԴԾ-ին (ФСБ)։

Հոդվածում նշվում է, որ Insider-ի խմբագրությանը ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը բացատրել է, թե սովորաբար նման կերպ նշում են այն օտարերկրացիներին, որոնք աշխատում են ԱԴԾ-ի վերահսկողության ներքո կամ գաղտնի տեղեկատուներ են։

Սամվել Կարապետյանը հորդորել է ուշադրություն չդարձնել նման տեղեկություններին՝ դա այլ քաղաքական ուժերի ձեռքի գործը համարելով։

«Շան տեղ մի դրեք։ Ես այդ թվին չեմ ստացել անձնագիր, այլ բան չեմ մեկնաբանում»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը «Ռադիոլուր»-ին ասել է, որ ավելացնելու բան չունի և առաջարկել է բավարարվել Կարապետյանի հայտարարածով։

Իսկ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, որն «Ուժեղ Հայաստանի» առաջին համարն է, կուսակցության քարոզարշավի շրջանակում հայտարարել է, որ այսօր ցանկացած լրատվամիջոց կարող է կեղծ տեղեկություններ տարածել, իսկ այս հոդվածը, նրա պնդմամբ, միանշանակ պատվերով է, և որ այդ տեղեկությունը նոնսենս է։

Leave a Comment