Յունիսի 7-ի ընտրութիւնների նախընթաց ժամանակահատուածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթոյլատրելի լարուածութեամբ եւ ակնյայտօրէն դուրս է եկել քաղաքական պայքարի շրջանակներից:
Գործող վարչախմբին մերժող եւ աներկբայ թափ առնող հանրային դրսեւորումներին զուգահեռ` վարչակարգը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախօսներին, չէզոքացնել քաղաքացիների խօսքի ազատութիւնը, ճնշել ազատ կամարտայայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը:
Խորացող ամբողջատիրական վարչակարգի կողմից որդեգրուած հակասահմանադրական եւ քրէօրէն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրութիւնների ազատութիւնն ու մրցակցայնութիւնը:
Վարչախումբը բացառապէս մէկ նպատակ է հետապնդում` ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական միջոցների անթոյլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրութեան:
Այս նպատակին են ծառայում պատժիչ եւ հակասահմանադրական գործողութիւնները, որոնք ներառում են`
- Քրէական հետապնդումներ եւ հալածանքներ, հաստատութենական ճնշումներ:
- Ընտրովի արդարադատութիւն, վարչական միջոցների բացայայտ չարաշահում:
- Դատական իշխանութեան ակնյայտ կախուածութիւն, ինչը թոյլ չի տալիս, որպէսզի իշխանութեան հակասահմանադրական գործողութիւններն արժանանան իրաւական գնահատականի:
- Վարչախմբի ղեկավարի կողմից դատախազութեանը եւ իրաւապահ համակարգին տրուած բացայայտ ու հրապարակային պատժիչ հրահանգներ, այդ թւում` քաղաքական ընդդիմախօսներին բանտարկելու կամ պատժելու յանձնարարութիւններ:
(17.05.2026 թուականին հոգեբուժարանում կախուել է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, որին իրաւապահ մարմինները մէկ օր առաջ մեկուսացրել էին Ն. Փ.-ի քարոզչական պաստառը վնասելու մեղադրանքով):
- Հանրութեան, առանձին քաղաքացիների եւ ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների նկատմամբ հրապարակային ահաբեկում, հաշուեյարդարի սպառնալիքներ եւ կոչեր:
- ‘Ոչ օրինական բառապաշար, հասցէական թիրախաւորում, ատելութեան խօսք, ներազգային պառակտուածութեան ու թշնամանքի մթնոլորտի խորացում, վախի եւ ահաբեկման մթնոլորտի ձեւաւորում:
- Մայիսի 18-ին, ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինեանը քաղաքական հիմնական երեք ընդդիմախօսների, ինչպէս նաեւ սովորական քաղաքացիների հասցէին հնչեցնում է աննախադէպ սպառնալիքներ, որոնք ուղեկցւում են վրէժխնդրութեան կոչերով եւ ոչ օրինական հայհոյախառն խօսքով:
Ցաւօք, միջազգային կազմակերպութիւնների կրկնակի չափանիշերը, կանխակալ մօտեցումներն ու ոչ հասցէական վարքագիծը խորացնում են Հայաստանում անպատժելիութեան մթնոլորտը, վարկաբեկում միջազգային հաստատութիւնները, սասանում ժողովրդավարութեան նկատմամբ հաւատը` լրջագոյնս կասկածի տակ դնելով հաւաքական Արեւմուտքի` Հայաստանում իրապէս ժողովրդավարական սկզբունքներով իշխանութեան ձեւաւորման նկատմամբ շահագրգռուածութիւնը:
Դիմում ենք Հայաստանում հաւատարմագրուած դեսպանատներին եւ դիտորդական առաքելութիւն իրականացնող միջազգային կազմակերպութիւններին` ակնկալելով համարժէք վերաբերմունք եւ գնահատական:
Ակնկալում ենք անյետաձգելի հանդիպում` առաւել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանութիւնների կողմից որդեգրուած հակասահմանադրական ընթացքը:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
18 մայիս 2026