Շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում արձանագրված դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը, որի հերթական նիստում դատարանը լսեց ոստիկանության ծառայողներից ևս մեկի ցուցմունքը։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել Լևոն Քոչարյանը, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին։
Վկան նկարագրեց, իրավիճակը, խոսելով Լևոն Քոչարյանի բերման ենթարկման մասին, նա նշեց, որ գործընթացը հեշտ չի եղել, եղել իրավիճակի լարվածություն և դիմադրություն, քանի որ շղթա կազմած անձինք փորձել են թույլ չտալ բերման ենթարկել Քոչարյանին։ Վկայի խոսքով հստակ մեկ անձի բերման ենթարկելու ուղորդում չի եղել, նպատակն է եղել վերականգնել երթևեկությունը։ Միևնույն ժամանակ վկան հայտնեց, որ հետագայում իրեն զեկուցվել է ոստիկանի՝ հարված ստանալու մասին, սակայն ոստիկանության մեքենայի ներսում տեղի ունեցած վիճաբանության մասին իրեն ոչինչ հայտնի չէ
Վկային հարցեր ուղղեցին նաև Լևոն Քոչարյանը և նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նորից բարձրացվեց հարցը թե արդյո՞ք ոստիկանության ծառայողները մինչև քաղաքացիներին բերման ենթարկելը հայտնել են փողոցն ազատելու պահանջի մասին։
Պաշտպանական կողմը բազմիցս կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունների իրավաչափությունը և օրինական պահանջի փաստացի հնչեցումը, որպես ապացույց բերելով նաև ակցիայի ընթացքից արված տեսանյութերը։
Թեև գործով որպես մեղադրյալ ներգրավված է նաև Սերգեյ Ասատուրովը, վերջին նիստերում նրան, նրա գործողություններին առնչվող հարցեր վկաներին չեն տրվում։ Ասատուրովի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նախ հարցեր հնչեցրեց վկային, ապա բարձրացրեց այս հարցը
Դատական քննությունը շարունակվում է, և առաջիկա նիստերում նախատեսվում է լսել մյուս վկաներին ու շարունակել գործով ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի ուսումնասիրությունը։