«Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն» կարգախոսով ընտրական պայքարի մեջ մտած Ազգային ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ-ն) քայլերթերով Երևանի վարչական շրջաններում է։ Խոստանում են մարզեր էլ հասնել։ Քաղաքական այս ուժի բարձրախոսներից հնչում է ընտրություններին մասնակցելու կոչ ու վստահեցում՝ իրենց պայքարը ոչ միայն իշխանության, այլ «ազգային ապագայի» համար է։ Միաժամանակ ԱԺԲ-ն կոշտ քննադատության է ենթարկում թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին՝ փորձելով ներկայանալ որպես «երրորդ բևեռ»։
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին առավել կոշտ հռետորաբանությամբ ներկայացող ուժերից մեկն Ազգային ժողովրդավարական բևեռն է։ Ընտրացուցակի 8-րդ ուժը, քարոզարշավը սկսելով Էջմիածնից, ընտրապայքարի մեջ մտնում է «հավատով ու վստահությամբ»։ ԱԺԲ խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյան․
«Բևեռը անպայման հաղթելու է և լինելու է խորհրդարանում։ Մենք անպայման լինելու ենք խորհրդարանում»։
Ներկայիս ավելացող մարտահրավերները պահանջում են հեռատես ու ստրատեգ լինել՝ հասկանալու, թե ինչ է պետք հայ ժողովրդի ու Հայաստանի հարատևությունն ապահովելու համար։ ԱԺԲ խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը վստահեցնում է, որ իրենք են այն կարող ուժը, որին ընտրելով հայը կարող է հետամուտ լինել իրավունքներին։
«Այն, ինչ մենք ենք առաջարկում՝ Ազգային ժողովրդավարական բևեռը, դա ցանկացած սրտացավ հայ մտածող մարդու միտքն է, նրա երազանքն է, նրա արժանապատվությունն է։ Կարողանանք այս զգացումը, այս բովանդակությունը փոխանցել մեր ժողովրդին, որպեսզի նրանք չխեղճանան, այս զիջողական, պարտվողական, բզկտված հոգեբանությունից անցում կատարեն դեպի կազմակերպված, ստեղծարար մտածողություն։ Մենք դրա կրողն ենք, մենք դրա տարածողն ենք»։
Եւ այսպես․ ԱԺԲ․ քայլ առաջին՝ ժողովրդի միասնականության ապահովում։ Խոստանում են ձևավորել ազգային մտածողությամբ էլիտա, իրագործել լուրջ ծրագրեր Սփյուռքի հետ։
Ունեն 3 հիմնական ուղղություն՝ ազգային պետություն, անվտանգային նոր համակարգ և տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռություն․ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանն ասում է՝ ազգային իղձերն ու նպատակները կուսակցության ծրագրային հիմնադրույթներում են։ Պնդում են՝ իրենք էլ, հանրությունն էլ, գիտեն իրենց թիմի սկզբունքայնությունը։ Պապյանն օրինակ է բերում վարչապետի իրենց թեկնածու Վարուժան Ավետիսյանին, որն անազատության մեջ է։
«Ազգային ժողովրդավարական բևեռն այն ուժն է, որը չի ստեղծվել ընտրություններից առաջ զուտ ընտրությունների համար և նպատակ չունի պարզապես խորհրդարանում աթոռներ զբաղեցնելու։ Մենք եղել և մնում են գաղափարական կուսակցություն, մենք գաղափարներով տարիներ ի վեր հավատարիմ մնալով այդ պայքարին, այսօր մենք դիտարկում ենք նաև պայքարի այս ձևը»։
Խաղաղության մասին․ այն խարսխվելու է ժողովրդավարական արժեքների վրա՝ ասում է Պապյանը։
«Չի կարող թշնամու պարտադրանքի տակ կամ թշնամու ողորմածությամբ խաղաղություն լինել։ Խաղաղությունը մենք ենք բերելու, բերելու ենք՝ հարցերը լուծելով միջազգային իրավունքի հիման վրա, վերականգնելով ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում»։
Արտաքին քաղաքականության հիմնական թեզը․ ԱԺԲ-ի ցուցակը գլխավորող Գևորգ Կարապետյան․
«Բևեռը առաջարկում է ռեալ ռազմաքաղաքական բալանս տարածաշրջանում։ Ի՞նչ է դա. ԱՄՆ-ի հետ՝ ոչ ՆԱՏՕ անդամ, հիմնական դաշնակցի կարգավիճակ։ Սա զուտ դիվանագիտական ձևակերպում չէ, սա իրական հավասարակշռություն և հնարավորություն է՝ վերականգնելո՛ւ իր ներուժը, ուղղելո՛ւ մեջքը, ունենալու տեխնոլոգիապես բարձր զարգացվածության աստիճան ունեցող բանակ, սպառազինություն և ազգային բանակի մոդել»։
Ինչու ընտրել հենց այս ուժին․ ԱԺԲ նախընտրական ցուցակի 2-րդ համարի՝ պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի բնութագրմամբ՝ իրենց մոտեցումները մեկ օրվա չեն, ու դա իրենց առանձնահատկությունն է։
«Մեր մոտեցումները ստրատեգիական են պետությանը վերաբերող հարցերում, եւ եթե մեր մոտեցումները տարիների ընթացքում լսվեին, ապա մենք այսօր այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում չէինք հայտնվի, մենք չէինք կորցնի Արցախը եւ չէինք դառնա, ըստ էության, Ադրբեջանի ենթակա մի պետություն, որը անգամ իր գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, պատրաստ է փոխել Ադրբեջանի կամքով»։
Պատգամավորի թեկնածուն գտնում է, որ «խաղաղություն բառով խաբում են ու տանում դեպի կառափնարան»։ Սաֆարյանը քաղաքացիներին սթափության կոչ է անում՝ նշելով, որ Ազգային ժողովրդավարական բեւեռը միակ քաղաքական ուժն է, որը առաջարկում է այդ ճանապարհից հետ կանգնել։
ԱԺԲ-ն փակված չի համարում Լեռնային Ղարաբաղի հարցը։ Միջազգային սեղաններին են դնելու արցախցիների վերադարձի իրավունքը։ Կոչ են անում չհիասթափվել, քանի որ հավատը ծնում է հույս։ Հավատ և ի գործ՝ կոչ են անում ԱԺԲ ներկայացուցիչները։
Ազգային ժողովրդավարական բևեռ-ն ու «Սասնա ծռեր» շարժումը շատերի մոտ նույնացվում են, որովհետև ունեն ընդհանուր դեմքեր ու գաղափարական ընդհանրություններ, բայց իրականում տարբեր կառույցներ են՝ տարբեր պատմությամբ ու ձևաչափով։
«Սասնա ծռեր»-ն ինչ էր
«Սասնա ծռեր»-ը նախ հայտնի դարձավ 2016 թվականին, երբ զինված խումբը գրավեց Երևանի ՊՊԾ գունդը։ Գործողությունը տևեց շուրջ երկու շաբաթ և դարձավ Հայաստանի նորագույն պատմության ամենալարված ներքաղաքական ճգնաժամերից։ Այդ գործողությունը կազմակերպած անձանց մի մասը հետո ձևավորեց քաղաքական ուժ։ Խմբի հիմնական նպատակներն էին ստիպել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյան-ին հրաժարական տալ, ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, որը մինչև այդ կալանավորված էր, փոխել Հայաստանի քաղաքական ուղղությունը, որը նրանք համարում էին կախված Ռուսաստանից և կոռումպացված համակարգից։
Սկզբում «Սասնա ծռեր»-ը զինված և ապստամբական գործողությամբ հայտնի խումբ էր, հետո դարձավ քաղաքական կուսակցություն և շարժում։ Շարժման հետ ամենից շատ ասոցացվում են՝
- Ժիրայր Սեֆիլյանը․
- Վարուժան Ավետիսյանը, ով և այս ուժի վարչապետի թեկնածուն է,
- Գարեգին Չուգասզյանը
ԱԺԲ-ն արդեն ավելի լայն քաղաքական միավորում է, որը ստեղծվեց 2020-ից հետո։ Երբ Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, վերջինս արդեն անազատության մեջ էր։ Դա շատերի մոտ նույն հարցն առաջացրեց՝ «ինչպե՞ս կարելի է ազատազրկված մարդուն վարչապետի թեկնածու առաջադրել»։
ԱԺԲ-ի բացատրությունը հիմնականում խորհրդանշական էր։ Նրանք ասել են, որ Ավետիսյանին դիտարկում են ոչ միայն որպես ընտրական թեկնածու, այլև որպես «պայքարի ու ապագաղութացման խորհրդանիշ»։ Նրա ազատազրկումը համարում են քաղաքական հետապնդում։ Իրավական առումով Հայաստանում պարտադիր չէ, որ մարդը լինի ազատության մեջ վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին։ Սահմանադրական հիմնական պահանջները վերաբերում են քաղաքացիությանը, տարիքին, ընտրական իրավունքին և այլն։ Բայց եթե անձը դատապարտված է կամ ունի իրավական սահմանափակումներ, արդեն կարող են առաջանալ գործնական և իրավական խոչընդոտներ պաշտոնը զբաղեցնելու փուլում։
ԱԺԲ-ն այդ թեմայով հիմնականում շեշտել է ոչ թե իրավական տեխնիկան, այլ այն, որ Ավետիսյանը, իրենց խոսքով, «քաղաքական բանտարկյալ» է և «համակարգից դուրս ազգային առաջնորդ»։