«Նոր ուժ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է Կենտրոն վարչական շրջանից։ Կուսակցության անդամները ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հետ շրջել են փողոցներում և թռուցիկներ բաժանել քաղաքացիներին։ Կուսակցությունը հայտարարում է, որ առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդդիմափոխությունը։ Նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են՝ եվրաինտեգրումից մինչև խաղատների գործունեության և շահումով խաղերի արգելում։
«Եկել է ճշմարտությունն ասելու պահը, որովհետև հիմա ընտրությունների շեմին ենք, և մեր ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել»։
«Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է:
«Իսկ ճշմարտությունը հետևյալն է․ մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի տիրող իրավիճակը, կփոխի պետական կառավարումը, կփոխի այս քաղաքական դաշտը և, ի վերջո, ոտքի կկանգնեցնի Հայաստանը։ Նոր ուժ, որը չի հեռանա իր սկզբունքներից, և այդ նոր ուժը մենք ենք»։
«Նոր ուժն» իր քարոզարշավը սկսել է Երևանից ՝ թռուցիկներ ու բուկլետներ բաժանելով։ Կուսակցությունը հայտարարում է, որ նախընտրական ծրագրի հիմքում յոթ հիմնական ուղղություններ են։ Արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթությունը եվրոպական ինտեգրացիան է՝ ասում է կուսակցության խորհրդի անդամ Գրիգոր Երիցյանը։
«Մենք ասում ենք, որ Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն եվրոպական չափորոշիչներով պետություն կառուցելու դեպքում։ Սա նշանակում է անկախ դատական համակարգ, պաշտպանված մարդու իրավունքներ և արդար մրցակցային տնտեսություն»։
«Նոր ուժ» կուսակցության առաջնահերթություններից է նաև օնլայն խաղատների խնդիրը։ Ընտրվելու դեպքում խոստանում են արգելել դրանց գործունեությունը։
«Այսօր Հայաստանում, ինչպես գիտեք, ունենք բավականին վտանգավոր իրականություն։ Ինչպես թմրանյութերը, այնպես էլ մոլախաղերից կախվածությունը քայքայում է ընտանիքները, դժբախտացնում մարդկանց և բառացիորեն սպառնում հասարակական անվտանգությանը»։
Կուսակցությունում լուրջ խնդիր են համարում նաև ծնելիության ցածր ցուցանիշները։ Կարծում են՝ երիտասարդները խուսափում են ընտանիք կազմելուց և երեխաներ ունենալուց նաև ֆինանսական խնդիրների պատճառով։
«Այս իմաստով առաջարկում ենք արմատական փոփոխություն, որը, հաշվի առնելով եվրոպական երկրների փորձը, կնպաստի ծնելիության մակարդակի բարձրացմանը։ Դա ներառում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար միանվագ նպատակային աջակցություն՝ հինգ միլիոն դրամ նպաստի տեսքով, մատչելի հիփոթեք՝ մինչև հիսուն միլիոն դրամ արժեքով բնակարանի համար, և վերարտադրողական առողջության ծրագրերի զարգացում»։
Կան կուսակցություններ, որոնց հետ գործակցությունը ընտրվելուց հետո «Նոր ուժում» պատկերացնում են, կան ուժեր էլ, որոնց հետ գործակցությունը բացառում են՝ անկախ ընտրությունների արդյունքներից։
«Այստեղ կարևոր է նախանշել մեր կարմիր գծերը։ Մենք վստահորեն կարող ենք ասել, թե ում հետ չենք համագործակցելու։ Չենք համագործակցելու գործող իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ»։
Մարությանի խոսքով՝ եթե վստահ չլինեին անցողիկ շեմը հաղթահարելու հարցում, ընտրություններին չէին մասնակցի։ Ասում է՝ առավելագույն նպատակն իշխանափոխությունն է, նվազագույնը՝ ընդիմափոխությունը ։
«Ի՞նչ է դա նշանակում։ Երկուսն էլ այս պահին խնդիրներ ունեն, երկուսն էլ արատավոր են։ Այսօր քաղաքական դաշտը և խորհրդարանական մեր խոսույթը բոլորովին փչացած վիճակում են։ Մեկը մյուսին «դավաճան» է ասում, ամբողջ օրը միայն այդ խոսակցությունն է»։
Մարությանը հորդորում է քաղաքացիներին մասնակցել ընտրություններին՝ բերելով Երևանի քաղաքապետի ընտրությունների օրինակը։ Նրա կարծիքով՝ եթե դրանց մասնակցած չլիներ Երևանի բնակչության ընդամենը 28 տոկոսը, այսօր ավագնիում պատկերն այլ կլիներ։
«Այսօր դուք տրանսպորտի համար վճարում եք 150 դրամ, մինչդեռ այդ դեպքում կվճարեիք 100 դրամ: Կարմիր գծերի համար տարեկան ոչ թե 160,000 դրամ էիք վճարելու, այլ նույն գումարը, ինչ նախկինում: Փոսերի մեջ չէիք ընկնի: Այդ ժամանակ կլիներ նորմալ քաղաքային իշխանություն, որը կմտածեր ձեր, այլ ոչ թե իր սեփական կամ թիմային շահերի մասին»:
Մարությանը հաճախ է լսում հետևյալ արտահայտությունը․ «Դերասան ես, ավելի լավ է քո գործով զբաղվես»։ Նախկին քաղաքապետը կարծում է, որ եթե ամեն մեկն իր գործով զբաղվեր, ապա քաղաքական դաշտում մեծ բաց կառաջանար։