«Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն». Փաշինյանի արձագանքը Պուտինին

Մենք որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում:

Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:

«Եվ իմ կարծիքով՝ ճիշտ կլիներ թե՛ Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե՛ մեր՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», – հայտարարել է Պուտինը:

«Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնելու: Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ: Ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ միարժեք անդամ ենք, այնպես ինչպես մյուս անդամները, քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիրաժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել չենք պատրաստվում էդպիսի հարց դնել, կանենք հանրաքվե, երբ դրա անհրաժեշտությունը լինի», – հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ «մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին»:

«Շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով ու շարունակելու ենք խորացնել զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում», – նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 28-29-ինՂազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Վարչապետը դա բացատրեց քարոզարշավով: Նրան նիստում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment