Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առանցքային ուժերից «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հնարավորություն չունեցավ իր թիմակիցների հետ այսօր քարոզարշավի դուրս գալ: Նա տնային կալանքի տակ է, նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր պնդեց՝ ընտրութունների քարոզարշավը մեկնարկեց անհավասար պայմաններում:
«Պատմական շրջան է ու պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին չի մասնակցում: Հիմնական հարցն ի՞նչն է, որ արդարություն խոսք տված իշխանությունն իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով», – ասաց Նարեկ Կարապետյանը:
Գործարարն անցած տարվա հունիսին կալանավորվեց եկեղեցին պաշտպանելու իր մի քանի րոպե տևած հարցազրույցից հետո, այն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ: Մոտ կես տարի ԱԱԾ մեկուսարանում անցկացնելուց հետո՝ անցած դեկտեմբերից Կարապետյանը տնային կալանքի տեղափոխվեց: Երեկ իր առանձնատանը մոտ երկուսուկես ժամ պատասխանեց լրագրողների հարցերին, իսկ քարոզարշավի փուլում հանրության հետ ինչպե՞ս է շփվելու: «Ուժեղ Հայաստանից» շատ մանրամասներ չեն հայտնում:
«Հանրային ելույթները հիմնականում տնային կալանքից են լինելու, ցավոք: Մենք այս վիճակում ենք, որովհետև երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը», – ասաց Նարեկ Կարապետյանը:
Մոտ 10 ամիս առաջ հիմնադրված ուժից պնդում են, թե Հայաստանում հունիսի 7-ին իշխանություն հենց իրենք են լինելու: Եվ չնայած սահմանադրական արգելքին՝ հայտարարում են՝ հաջորդ վարչապետն էլ Սամվել Կարապետյանն է: Նրա թիմակիցներն այսօր քարոզարշավը սկսեցին գործող վարչապետին ուղղված սուր քննադատությամբ: Հավաքվել էին Ազգային ժողովի մոտ: Նիկոլ Փաշինյանն ութ տարի առաջ հենց այս օրն առաջին անգամ ընտրվեց վարչապետ:
«Անցել է 8 տարի, մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել», – նշեց Կարապետյանը:
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը Փաշինյանի՝ ութ տարի առաջ հենց այսօրվա ելույթից մեջբերումներ էր առանձնացրել:
«Գիտե՞ք ինչ էր ասում նա այսօր արցախցիներին. «Հիմա այս բարձր ամբիոնից որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու ուզում եմ սիրո և զորակցության ուղերձ հղել Արցախի Հանրապետությանը և նրա հերոսական ժողովրդին, սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»: Պատկերացրեք՝ այս խոսքերի հեղինակը Արցախի ժողովրդին դարձրել է փախստական սեփական հայրենիքում», – հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Արցախի կորստի համար Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանը ուղիղ է հայտարարել՝ Արցախը վերադարձնելու որևէ տարբերակ չի տեսնում: Իսկ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը գուցե տասնամյակներ տևի: Իրենց առաջարկն այս պահին այլ է՝ հաղթելու դեպքում խոստանում են ապահովել նրանց, ինչպես իրենք են ձևակերպում, նրանց արժանապատիվ կյանքը Հայաստանում: