Թեև Հայաստանը շարունակում է գտնվել աշխարհագրական նույն վայրում, բայց այդ դիրքի ընկալումն ու նշանակությունը դարձել են բոլորովին այլ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ձևակերպմամբ՝ այդ փոփոխությունը վերափոխել է նաև երկրի ռազմավարական դերակատարությունը տարածաշրջանում։
Միջազգային համաժողովին Երևանը խոսել է նաև որդեգրած նոր քաղաքականության մասին․ իրականացնել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով ոչ թե մեկ ուժային կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցությունների ձևավորման վրա։
Համաժողովները կենսունակ են այնքան, քանի դեռ ասելիք ու բովանդակություն ունեն․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին նշեց Հայաստանի ԱԳ նախարարը։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ մառախուղով պատված աշխարհում, որտեղ արդեն ծանոթ, բայց փուլ եկող կառուցակարգերն ու խաղի նախկին կանոնները մեկը մյուսի հետևից անհետանում են, Հայաստանը փորձում է խոսել ապագայում կողմնորոշվելու և նոր ուղենիշներ գտնելու մասին։
«Այսօր այդ մառախուղը մասամբ ցրվել է, բայց խաղաղ ծովի փոխարեն մենք տեսնում ենք բազմաթիվ փոթորիկներ։ Այսօր մենք դիմակայում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային, դրանք փորձության են ենթարկում պետությունների, նրանց ինքնիշխանությունը, ինստիտուտները և անհատների»։
Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ Հայաստանը կայացրել է ինքնիշխան որոշում՝ իրականացնելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով ոչ թե մեկ ուժային կենտրոնից կախվածության, այլ տարբեր ուղղություններով բովանդակային ու փոխշահավետ համագործակցությունների ձևավորման վրա։

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ղազախստանը, Չինաստանն ու եվրոպական երկրների ընդլայնվող շրջանակն այսօր ներառված են Հայաստանի ռազմավարական գործընկերությունների պատկերի մեջ՝ ոչ թե որպես փոխարինող տարբերակներ միմյանց համար, այլ որպես փոխլրացնող արտաքին քաղաքական հենասյուներ՝ ընդգծեց նախարարը։
«Մեր անմիջական հարևանությունից դուրս այս վերափոխումն առավել տեսանելի կերպով դրսևորվել է ԵՄ-ի հետ հարաբերություններում։ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ռազմավարական օրակարգը ստեղծում է համագործակցության կառուցակարգված հիմք՝ քաղաքական անվտանգության և տնտեսական ոլորտներում։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը բացում է մի կարևոր դուռ, որը կարևոր է ոչ միայն կառավարությունների, այլև Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի համար»։
Թեև Հայաստանի աշխարհագրական դիրքը ֆիզիկապես ոչ մի քարտեզում չի փոխվել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ փոխվել են այդ դիրքի ընկալումն ու նշանակությունը։
Վարչապետի խոսքով՝ երկար տարիները Հայաստանը դիտարկվում էր որպես բարդ տարածաշրջանում գտնվող երկիր՝ խնդրահարույց հարևանությամբ և անվտանգային ռիսկերով։ Հենց այս ընկալումն է, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, տարիներ շարունակ ձևավորել ոչ միայն պետական քաղաքականությունը, այլև հանրային մտածողությունը, Հայաստանի և աշխարհի մասին պատկերացումները։
«Այսօր տեղի է ունեցել իրապես պատմական փոփոխություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրությունն այլևս այն չէ, որ գտնվում ենք խնդրահարույց միջավայրում, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությամբ է անցնում Արևելքը Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար և նոր պատկեր ՀՀ նրա վիճակի և նրա պոտենցիալի»։
Վարչապետի խոսքով՝ նոր ռազմավարությունը կյանքի կոչելու համար Հայաստանը սկսել է երկու փոխկապակցված նախագիծ՝ «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» ծրագրերը։
Փաշինյանի պարզաբանմամբ՝ երկրորդ նախագիծն առաջին հերթին ենթադրում է Արևելքն ու Արևմուտքը կապող երկաթուղային հաղորդակցության վերականգնում։ Այս փուլում դիտարկվող հիմնական երթուղին անցնում է Հայաստանի հարավով։ Միևնույն ժամանակ վարչապետը շեշտում է՝ խոսքը միայն երկաթուղու մասին չէ։ Ծրագրերը ներառում են նաև էներգետիկ և ենթակառուցվածքային բաղադրիչներ՝ էլեկտրահաղորդման գծերի, նավթատար և գազատար խողովակաշարերի կառուցում, որոնք կարող են անցնել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և ինժեներական հնարավորություններից։

Կառավարության հիմնական նպատակը, ըստ վարչապետի, այս ամբողջ ներուժի իրացումն է։ Գործադիրի ղեկավարը նշում է՝ Հայաստանի նոր դիրքը կարող է ձևակերպվել մեկ պարզ արտահայտությամբ՝ երկիրը դառնում է Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհը։
«Նա, ով ամենաարագն է, դեռևս նաև ամենահաջողակ է, չնայած արագությունը հաջողության միակ գրավականը չէ, և մեր խնդիրն է իրացնել մեր պոտենցիալը։ Սա շատ կարևոր արձանագրում է՝ մեր իրականության մեջ էական և շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև, օրինակ, ընդամենը տարիներ առաջ ՀՀ-ում ՀՀ-ի մասին խոսելով ասվում էր, կարելի էր ասվել, և դա մեր ընդհանուր ընկալումներ, որ ՀՀ-ն, օրինակ, էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր, և այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները էներգետիկ և մնացած առումներով։ Չնայած ոչինչ չի փոխվել ՀՀ պարամետրերում, հիմա ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ հիմնական փոփոխությունը պայմանավորված է տարածաշրջանում հաստատված խաղաղությամբ, ինչը, նրա խոսքով, բացել է զարգացման նոր հնարավորություններ։ Վարչապետը կարևորում է նաև միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի դերակատարումը, որոնց մասնակցությամբ ձևավորված համաձայնությունները դարձան ներկայիս գործընթացների հիմքը։

Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտում է․
«Ես ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը և հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը։ Բայց սա ընդամենը սկիզբն է, մենք նաև ողջունեցինք Թուրքիայի և Հայաստանի սահմանների բացումը Սիրիայից փախստականների կամ հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով, բայց սա առաջին ազդակն է, և մենք տեսանք, թե ինչքան կարևոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք, որպեսզի այս կովկասյան պահը իրականություն դառնա, և որպեսզի ձեր երկիրը և ողջ տարածաշրջանը դառնա Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի խաչմերուկը»։
Էմանուել Մակրոնի խոսքով՝ տևական ժամանակ գերակշռել է այն ընկալումը, թե Հայաստանի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն Ռուսաստանի հովանու ներքո, սակայն 2020-ի պատերազմը, ըստ Ֆրանսիայի նախագահի, ցույց տվեց այդ մոտեցման խոցելիությունը և ստիպեց վերանայել ընկալումները։