Հայաստանը և ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ․ այս միտքը Երևանում ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Համաժողովն անցկացվել է Հայաստանի նախագահի նստավայրում։ Պատվո քայլերթից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առանձնազրույցը, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։
Ծավալուն օրակարգային հարցերը քննարկելուց հետո ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր է ընդունվել, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։
Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը պատմական համարվելու մի քանի պատճառ ունի։ Բացի այն, որ Հայաստանը հերթական զգալի քայլն է անում դեպի Եվրոպա, նաև իր համար պարզում է, որ աշխարհագրական դիրքը, որը երբեմն ընկալվում է որպես անբարենպաստ, այժմ շատ ավելի նպաստավոր է։ Այս շեշտադրումը գագաթնաժողովի ժամանակ հնչում էր պարբերաբար։ Հեղինակներից մեկը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենն էր։
«Հայաստանը իսկապես ամենակարճ երթուղի է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով՝ Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքականության բերումով, այդ երթուղին փակ էր։ Այժմ դուք սա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության, հանուն խաղաղության և ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ նոր առևտրային ուղիների տարածաշրջանային կենտրոն»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան գործընկերոջ ասածին հավելում է՝ Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․
«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Դուք կարող եք ապավինել մեզ, միասին անցնելու այս ուղին։ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև ապագան մեր տարածաշրջանի»։
Թեման շարունակելով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․

«Այս ձևակերպումները արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ քաղաքական գործընթացների արդյունքում աշխարհագրական վատ և երբեմն նույն սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք։ Բայց սա միակ նրբությունը չէ տեղի ունեցող պատմական փոփոխությունների։ Այսօր Եվրոպական Միության կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ»։
Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական մի քանի ուղղություն է հաստատվել․ փոխկապակցվածություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, վիզաների ազատականացում և տնտեսական աջակցություն։ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը փաստում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ավելի մոտ են, քան երբևէ։
«Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմներից, մինչդեռ այստեղ` Հարավային Կովկասում այլ պատմություն է, այլ իրավիճակ է նոր կոնֆլիկտների դարաշրջանում։ Դուք դարմանում եք հին վերքերը, և մենք ուզում ենք ձեզ օժանդակել` ի ցույց դնելով, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության»։
Եվրոպային այլընտրանքային ճանապար տրամադրելը Հայաստանին հստակ օգուտներ կարող է բերել, հաշվարկել է Հայաստանի վարչապետը։
«Իհարկե, տրանսպորտային կապակցվածությունը շատ էական դեր է խաղում մեր համատեղ օրակարգում։ Ակնհայտ է, որ ՀՀ-ն կարող է, հարևան երկրների հետ համագործակցությամբ, իհարկե, ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային փոխադրումներին, ավտոմոբիլային փոխադրումներին, նաև ինտերնետ կապի փոխադրումը և էլեկտրաէներգիայի փոխադրումը։ Այս առումով, իհարկե, համագործակցության ընդլայնված հնարավորություններ և պոտենցիալ կա»։
Հայաստանը ԵՄ-ի հետ պատրաստվում է մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել նաև էներգետիկ ոլորտում։ Ճիշտ ճարտարապետություն ընտրելու պարագայում Հայաստանը կարող է էներգետիկ արտահանման իր ներուժը է՛լ ավելի զարգացնել՝ վարչապետ Փաշինյանը ներկայացնում է այդ ծրագրից ակնկալիքը։ Այս դեպքում մեկտեղվելու են Հայաստանի ռեսուրսներն ու եվրոպական տեխնոլոգիաները։
Այս հարցում նույնպես իրավիճակը շրջադարձային և պատմական է համարվում, քանի որ Հայաստանը մշտապես դասվել է էներգետիկ կախյալ երկրների շարքին։
«Բայց նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը։ Սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և ես շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք նաև կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ և այլ հնարավոր ուղղություններով»։
Հայաստան-ԵՄ քննարկումների օրակարգում նաև ժողովրդավարությունն էր։ Մինչ Բաղրամյան 26-ում այդ հարցերն էին քննարկում, հարակից տարածքում բողոքի ակցիա էր։ Ցույցի մասնակիցներից Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, բացի պաստառից, իր հետ նաև բանտային ափսե և բաժակ է բերել, դրանցով հրավիրելով ուշադրությունը ԵՄ-ին ուղղված կոչերին՝ ազատության, արդարության, ժողովրդավարության պաշտպանության, եվրոպական արժեքների պահպանման, Հայաստանում կալանավորներին և Ադրբեջանում հայ գերիներին ազատ արձակելու, ինչպես նաև լռությունը հանրային դաշտ չբերելու պահանջներով։
«Այս ահազանգի իմաստը շատ ավելի կարևոր է։ Freedom. European Union, we demand justice. Free political prisoners, free Armenian hostages. Stop hypocrisy. Stand for democracy. Preserve European values. Silence is coming publicity»:
Որոշ ժամանակ անց ոստիկանները ցուցարարներին հեռացրին նախագահական նստավայրի մոտակայքից։
Իսկ գագաթնաժողովը շարունակվում էր իր հունով։ Կողմերը օրակարգային հարցերի բավական լայն շրջանակ էին պատրաստել, որոնք քննարկել են նախ՝ առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։ Գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր ստորագրվեցին և փոխանցվեցին մտադրությունների նամակներ։
Այդպիսի վեց նամակ ԵՄ-ն հանձնեց հայաստանյան ընկերություններին՝ կոնկրետ ոլորտներում հետագա համագործակցության համար։ «Ամբեր Քեպիտալ», «Ֆայբերդ AI», «Սինոփսիս Արմենիա», «Թումո» ստեղծարար նորարարությունների կենտրոն, «Քրիեյթիվ Արմենիա», Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն․ այս կազմակերպությունները մաս են կազմում ԵՄ-ի «Հայաստանի դիմակայունության և աճի» 270 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը և ամրապնդել կապերը արևմտյան գործընկերների հետ:
Մեկ այլ նամակ էլ Հայաստանում ԵՄ-ի դեսպան Վասիլիս Մարագոսը հանձնեց Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Նախարարին հանձնված Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանն էր առնչվում։ Նամակով կառույցը ողջունում է Հայաստանի կողմից ծրագրի իրականացման դրական առաջընթացը ու ներկայացնում առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման համար։