«Խորհրդարան բոլորի համար» համաժողովը շարունակել է աշխատանքը

Ապրիլի 29-ին շարունակվել են Ազգային ժողովում նախօրեին մեկնարկած «Խորհրդարան բոլորի համար»  համաժողովի աշխատանքները: Նպատակն է միավորել Արեւելյան գործընկերության, Արեւմտյան Բալկանների երկրների եւ Գերմանիայի  օրենսդիր մարմինների աշխատակազմերին, ինչպես նաեւ ներկայացնել խորհրդարաններում քաղաքացիների ներգրավմանն ուղղված աշխատանքներն ու  փորձը:

Համաժողովի երկրորդ օրն անդրադարձ է կատարվել Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարաններում քաղաքացիական ներգրավվածությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում նշվել է, որ, մասնավորապես, Ալբանիայի խորհրդարանը կիրառում է հաղորդակցության երկու միջոց՝ լսումներ եւ առցանց կապ, ու հաճախ օրենսդրական փոփոխությունները կատարվում են հենց այդ միջոցով ստացված առաջարկների հիման վրա: Ստեղծված է նաեւ e-legislation էլեկտրոնային հարթակը, որի միջոցով բոլոր օրենսդրական նախաձեռնությունները հասանելի են դառնում քաղաքացիական հասարակության համար: Իսկ Հյուսիսային Մակեդոնիայում հասարակության ներգրավվածությունն ապահովվում է հանրային քննարկումներով. կիրառվում են թվային հարթակներ, «Բաց դռների» օրեր, կա սոցիալական եւ այլ ցանցերի հնարավորություն: Նշվել է, որ քաղաքացիների անմիջական ներգրավումը խորհրդարանի գործունեությանը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել կառույցի վարկանիշը, այլեւ ցույց տալ, որ օրենսդիրը յուրաքանրյուր քաղաքացու շահերի, նպատակների իրագործումն ապահովող մարմին է:

Աշխատանքների ընթացքում անդրադարձ է կատարվել խորհրդարանական ժողովրդավարության խթանման հարցում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ վերլուծական կենտրոնների դերին, արտակարգ իրավիճակներում պառլամենտական գործունեության անընդհատության եւ թափանցիկության ապահովման խնդիրներին:

OECD/SIGMA ծրագրի ավագ խորհրդատու, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման մասնագիտական թիմի ղեկավար Բագրատ Թունյանը ներկայացրել է «Արդյունավետ հանրային խորհրդակցություններ, ապացույցների վրա հիմնված օրենսդրական գործընթաց եւ խորհրդարանական վերահսկողություն. հանրային կառավարման սկզբունքները եւ տարածաշրջանային հիմնական մարտահրավերները» վերտառությամբ ուսումնասիրության մանրամասները:

Եվրոպական խորհրդարանական հետազոտական ծառայության (EPRS) փորձը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանական հետազոտությունների  ծառայության նախկին տնօրեն, արտաքին փորձագետ Վոլֆգանգ Հիլլեռը:

Բանախոսները պատասխանել են մասնակիցների հնչեցրած հարցերին:

Leave a Comment